ՄիջազգայինՔաղաքական

ԱՄՆ-ում կայացել է Թրամփ-Հարիս առաջին հեռուստաբանավէճը․ Թրամփն այն անւանել է լաւագոյնն իր քաղաքական կարիերայի ընթացքում

«ԱԼԻՔ» – ԱՄՆ-ում կայացել է նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփի եւ Քամալա Հարիսի միջեւ առաջին հեռուստաբանավէճը, որը կազմակերպել էր ABC News հեռուստաալիքը։ Փենսիլւանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում կայացած բանավէճը կարող է միակը լինել, քանի որ Թրամփն ու Հարիսն առայժմ չեն կարողանում համաձայնութեան գալ եւս մի նմանատիպ հանդիպում անցկացնելու շուրջ։

Ինչպէս Թրամփ-Բայդեն հեռուստաբանավէճի ժամանակ, այնպէս էլ այս անգամ հանդիպմանը հանդիսատեսներ ներկայ չեն եղել, սակայն ի տարբերութիւն նախորդի, Թրամփ-Հարիս բանավէճը մեկնարկել է ընդդիմախօսների ձեռքսեղմումով։

Բանավէճի ընթացքում ընդդիմախօսներն անդրադարձել են տարբեր թեմաների, այդ թւում՝ Ուկրաինայի հարցին, Պուտինի կողմից «աջակցութեանը», Միացեալ Նահանգներում առկայ տնտեսական ու միգրացիոն խնդիրներին եւ այլն։ Նրանք փոխանակւել են փոխադարձ մեղադրանքներով ու կշտամբանքներով։

Խոսափողը միացւած է եղել միայն տւեալ պահին ելոյթ ունեցողի մօտ։ Ելոյթի համար կողմերին տրամադրւել է երկու րոպէ ժամանակ, եւս երկու րոպէ՝ հարցին պատասպանելու համար, ինչպէս նաեւ յաւելեալ մէկական րոպէ՝ պարզաբանումների համար։ Հեռուստաբանավէճը տեւել է 1,5 ժամ, որի ընթացքում Թրամփը խօսել է 42 րոպէ, Հարիսը` 37: Թեկնածուներին արգելւել էր յուշաթերթիկներ բերել, բանավէճի ընթացքում խորհրդակցել թիմի հետ եւ միմեանց հարցեր տալ․ նման իրաւունք ունէին վարողները։

Հեռուստաբանավէճից յետոյ Թրամփը յայտարարել է, որ այն լաւագոյնն էր իր քաղաքական կարիերայի ընթացքում։

«Կարծում եմ՝ սա երբեւէ իմ լաւագոյն բանավէճն էր, մանաւանդ եթէ հաշւի առնենք, որ այն անցկացւեց երեքն ընդդէմ մէկի ձեւաչափով»,- գրել է նա Truth Social սոցցանցի իր էջում:

Related Articles

Back to top button