Աբրահամ Գասպարեան. «Ճաքը կայ արդէն. սեպտեմբերին շարժումն ակտիւանում է եւ կասի իր խօսքը. սա պէտք է իշխանազրկւի»
«Պարզից էլ պարզ է, որ վիճակն աւելի է լարւում, մենք հետզհետէ ի դէմս Ռուսաստանի՝ ոչ թէ փորձում ենք թէկուզ թղթով ամրագրւած դաշնակցային յարաբերութիւնները զարգացնել, պահել, գուցէ այլ ճանապարհներ գտնել, այլ…Մարդամէկին այս իշխանութիւններից արդէն ՌԴ-ում դեսպան են ընդունել, ինչը նշանակում է, որ թէ՛ Երեւանում, թէ՛ Մոսկւայում գոհ են երկկողմ յարաբերութիւնների մակարդակից: Դա ենթադրում է, որ պաշտօնական Երեւանը ամբողջութեամբ յանձնել է իր ինքնիշխանութիւնն այլ պետութիւնների, իսկ ՌԴ-ին ձեռնտու է այն իշխանութիւնը, որը չի խանգարում ռուս-ադրբեջանա-իրանական հազար ու մի ծրագրերին: Մենք այստեղ որտե՞ղ ենք, մենք գնում ենք Արեւմուտք, ասում են՝ եկէք՝ միջին միջանցք բացե՞նք»,-168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասել է «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի տնօրէն, քաղաքական գիտութիւնների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարեանը:
Անդրադառնալով իշխանութիւնների եւ նրանց արբանեակների այն քարոզչութեանը, թէ Հայաստանը կարող է մտնել ԵՄ, պարզապէս ՌԴ հետ դաշնակցային յարաբերութիւններն են խոչընդոտում դրան, Աբրահամ Գասպարեանը հետեւեալն է ասել. «Այդ խեղկատակները շատ լաւ հասկանում են՝ իշխանութիւնը չեղաւ՝ իրենք ոչինչ են, իրենք դալաններում են յայտնւելու, չգիտեմ՝ ամէն մէկի գրպանում քանի անձնագիր կայ, որ երկիր կը փախնի, բայց իրենք փախուստի են դիմելու: Հիմա այդ մարդիկ ի՞նչ են ասում, ասում են՝ մենք Եւրոպա ենք մտնո՞ւմ, լո՞ւրջ: Ընդամէնը մէկ փաստ՝ միայն այն փաստաթղթերի տրցակը, որ ՀՀ ԱԺ-ն պէտք է վաւերացնի, նւազագոյնը 2-3 գումարման ԱԺ է պէտք, որպէսզի եւրաինտեգրման գործընթացում քեզ աչալրջօրէն վերաբերւեն: Դեռ չեմ խօսում գեոպոլիտիկ նշանակութեան մասին, որ քեզ նայում են ընդամէնը՝ որպէս «պուպսիկ» այստեղ, որ հրամաններ պէտք է կատարես եւ իրականացնես բացառապէս հակառուսական առաքելութիւն: Դու Արեւմուտքին հետաքրքիր ես այնքան, որքան հակառուսական պլացդարմ ես»:
Նա նկատել է՝ երկիրը կործանւում է, Փաշինեանը հեծանիւ է քշում. «Էդ հեծանիւի անիւի ձողերը կեր: Հայաստանի ճակատագիրը սեղանին դրած՝ թղթախաղ են խաղում, ու դու ասում ես՝ կեցցէ հեծանի՞ւը: Դու ի՞նչ ես, որ այս ամէնը չես զգում, ընտանիքովդ հանդերձ կապիկութիւններ ու շոուներ ես կազմակերպում, գնում ես այստեղ-այնտեղ: Այս ամբողջը մշակւած տեխնոլոգիաներ են: Նիկոլի համար ամէն օր քարոզարշաւ է:
Թուրքական ասացւածքն ասում է՝ գժի համար ամէն օր Զատիկ է, իր համար էլ ամէն օր քարոզարշաւ է: Սա պոպուլիստ էլ չէ, չգիտեմ ինչ է սա: Սրա ամէն ինչը միտւած է իր իշխանութիւնը երկարաձգելուն: Այս խեղկատակից ի՞նչ սպասել: Կայ միջազգային կոնսենսուս, դրա համար սա մինչեւ հիմա իշխանութեան է: Սրանց հետ բանակցութիւնը հեշտ է, որովհետեւ սրանք յատուկ եկան Արցախը յանձնելու, յանձնեցին, լիմոնի պէս ճզմեցին, շպրտելու ժամանակը կը գայ. ով բերել է՝ նորից տանելու է սրանց: Չկայ Արցախ՝ չկայ խնդիր, դրա համար իրենց հետ կամ առանց իրենց բանակցելը հեշտ է: Այդ կոնսենսուսի ճաքը կայ արդէն: Այդ կոնսենսուսի ճաքն աւելացնողը ներսից է լինելու:
Եթէ ներսը եղաւ միասնական, կարողացաւ իր ձեւակերպւած խնդիրը ճիշտ տեխնոլոգիաների կիրառմամբ տանել առաջ եւ այդ համախմբումն ապահովել, ինչին լծւած է Սրբազան շարժումը եւ շարունակում է այդ աշխատանքը, յաջողութեան հասնելու է»:
Նա շեշտել է՝ գործող իշխանութեան դէմ պայքարը երկարատեւ է, որովհետեւ գործ ունենք չարքի հետ. «Սա նեռն է, եւ սա ասում է ոչ հոգեւորական մարդ: Պրոցեսի ներսում կան նրբութիւններ, որտեղ դու քո հակառակորդին, իսկ Փաշինեանի դէպքում՝ թշնամուն, դու լրիւ ուրիշ ռակուրսով ես տեսնում, եւ այո, մենք ունենք շատ լուրջ խնդիր այս մարդուն հեռացնելու հետ կապւած, որովհետեւ ինքը կը գնայ այն քայլին, որին մեր ժողովրդի 99 տոկոսը չի գնայ: Ես ինչ խնդիր էլ դնեմ իմ առջեւ, ես արեան չեմ գնայ. Իսկ սա արիւնարբու է: Այս չարքի դէմ պայքարը հեշտ չէ, դրա համար պէտք է խնդրեմ մեր հայրենակիցներին համբերութեամբ զինւել: Չենք ընկրկելու, որովհետեւ մեր խնդիրն այն չէ, ինչ ինքն է դրել իր առաջ՝ իշխանութեան պահպանում, մեր խնդիրը հայրենիքի փրկութիւնն է:
Ժամանակի ընթացքում արտաքին լսարանն էլ կը հասկանայ մեր ուղերձները: Որովհետեւ չարքը ոչ միայն ներսի համար է չարք, այլ նաեւ դրսի, հէնց իրեն բերողների համար է չարիք սա»:
Աբրահամ Գասպարեանն ընդգծել է՝ սեպտեմբերին «Սրբազան շարժում»-ն Արցախի հարցի վերաբերեալ իր բոլոր ընկալումները կը ներկայացնի:
«Սա եւ իր մանկլաւիկների թիմը պէտք է իշխանազրկւեն եւ կանգնեն դատարանի առաջ: Սեպտեմբերին շատ աւելի մեծ թափով «Սրբազան շարժումն» ակտիւանում է, եւ սեպտեմբեր-հոկտեմբեր շատ ակտիւ է լինելու, եւ իր վերջին խօսքն այդ ժամանակ կասի»,-յաւելել է նա: