Արցախի ԱԺ նախագահ. «Շարունակում են ստեղծւած իրավիճակում պատասխանատւութիւն կրել արցախահայութեան ճակատագրի վերաբերեալ»
«ԱԼԻՔ» – Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահի պարտականութիւնները կատարող Գագիկ Բաղունցը յայտարարութիւն է տարածել՝ արձագանգելով ՀՀ ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանի յայտարարութիւններին:
Դրանում մասնաւորապէս ասւում է.
«Արձագանգելով ՀՀ ԱԺ նախագահ Ա. Սիմոնեանի այսօրւայ յայտարարութեանը՝ միջխորհրդարանական յանձնաժողովի ֆորմատը լուծարելու մասին, կուզենայի նախ մէջբերել Մարկ Տւէնի հետեւեալ տողերը՝ «Իմ (ԱՀ ԱԺ) մահւան մասին լուրը խիստ չափազանցւած է»:
Ինչ վերաբերում է ԱՀ ԱԺ գործունէութեանը 2023 թ. սեպտեմբերին տեղի ունեցած էթնիկ զտումից յետոյ, նշեմ, որ ԱՀ ԱԺ պաշտօնեաները/ պատգամաւորները/, ստանալով Արցախի ժողովրդի քւէն 5 տարի ժամկէտով, շարունակում են ստեղծւած իրավիճակում պատասխանատւութիւն կրել արցախահայութեան ճակատագրի վերաբերեալ եւ հնարաւոր բոլոր ջանքերը գործադրել անվտանգութեան երաշխիքների ներքոյ ապահովելու նրանց հաւաքական վերադարձը հայրենիք:
Յ. Գ. -1. Ինչ վերաբերում է մինչ խորհրդարանական յանձնաժողովի ֆորմատը լուծարելուն, ապա դրա համար կան արձանագրւած համապատասխան մեխանիզմներ:
Յ. Գ. -2. Ի դէպ ԱՀ ԱԺ միջխորհրդարանական ու բարեկամական խմբերի աշխատանքներն ու յարաբերութիւնները շարունակւում են Ֆրանսիայի, Կիպրոսի, Յունաստանի, Բելգիայի եւ այլ երկրների խորհրդարանականների եւ խմբերի հետ»։