Հայաստան - Արցախ

Արծւիկ Մինասեան. «Ինչի՞ց էք վախենում. եւս մէկ անգամ ականատես ենք ԱԺ ամբիոնից ուրացման դէպքերին»

«ԱԼԻՔ» – Եւս մէկ անգամ ականատես ենք լինում ՀՀ օրէնսդիր բարձրագոյն մարմնի` այս ամբիոնից հերթական ուրացման դէպքերին: Այս մասին երէկ՝ սեպտեմբերի 9-ին, ՀՀ ԱԺ նիստին յայտարարել է ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանը:

«Այն ժամանակ խօսում էինք՝ Արցախը չի կարելի ուրանալ, եւ արցախցու իրաւունքը չի կարելի ստորադասել: Ցաւօք սրտի, մտածում էինք՝ Աստւած չանի, կարող է մի օր այդպիսի իրավիճակ առաջանայ, որովհետեւ օրւայ իշխանութիւնը վարում էր իսկապէս հակաարցախեան քաղաքականութիւն:

Արցախի յանձնման մէջ մեղադրում է մի ուժ, որը ոչ միայն պատերազմ բերեց, որը ոչ միայն կոտորած բերեց, որը ոչ միայն չունենալով նման իրաւասութիւն՝ ստորագրում էր փաստաթուղթ եւ յանձնում էր Արցախի Հանրապետութեան օրինական վերահսկողութեան ներքոյ գտնւող տարածքները, հրաժարւում էր Արցախի ժողովրդի անվտանգութեան երաշխաւորը լինելու հանգամանքից, հիմա էլ փաստացի եւ փաստօրէն հրաժարւում է Արցախի ժողովրդի՝ որպէս միջազգային իրաւունքի սուբիեկտի իրաւունքները բարձրաձայնելուց»,- յայտարարել է Մինասեանը:

Մինասեանը շեշտել է, որ հիմա էլ այս մարդիկ անգամ այլեւս չեն ուզում տեսնել, որ ժողովուրդը, որը բռնի տեղահանւեց եւ ենթարկւեց ցեղասպանութեան իր իրաւունքը պաշտպանելու պարտականութիւնն իրականացնում է իր օրինական ընտրւած մարմինների միջոցով:

«Ինչի՞ց էք վախենում, ինչի՞ց էք խուսափում. ՀՀ օրէնսդրութեան համաձայն, միջազգային իրաւունքի համաձայն, Արցախի Հանրապետութիւնը ներկայացնող անձիք, ժողովրդի կողմից ընտրւած անձինք կան, եւ այդ անձինք պէտք է իրացնեն իրենց իրաւունքը, դուք չէ, որ պէտք է որոշէք այդ ժողովրդի փոխարէն»,-շեշտել է նա:

Related Articles

Back to top button