Էդւարդ Շարմազանով. «Նիկոլիստները փորձում են ընդդիմութեան վրայ գլորել այն կեղծ թէզը, թէ մենք դէմ ենք 2025-ի օգոստոսի 8-ի փաստաթղթին եւ կողմ՝ 2020-ի նոյեմբերի 9-ի յայտարարութեանը»

«ԱԼԻՔ» – «Նիկոլիստներն, իրար հերթ չտալով, փորձում են ընդդիմութեան վրայ գլորել այն կեղծ թէզը, որ մենք դէմ ենք 2025-ի օգոստոսի 8-ի փաստաթղթին եւ կողմ՝ 2020-ի նոյեմբերի 9-ի յայտարարութեանը»: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդւարդ Շարմազանովը:
«Նիկոլիստներ, 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլիացիան ձեր Նիկոլն է ստորագրել, հերիք է մեր վրայ մուննաթ գաք։
Նիկոլիստներն, իրար հերթ չտալով, փորձում են ընդդիմութեան վրայ գլորել այն կեղծ թէզը, որ մենք դէմ ենք 2025-ի օգոստոսի 8-ի փաստաթղթին եւ կողմ՝ 2020-ի նոյեմբերի 9-ի յայտարարութեանը։
Նախ. եւ 2020-ի նոյեմբերի 9-ի յայտարարութիւն-կապիտուլիացիան, եւ 2022-ի հոկտեմբերի 6-ի Արցախն Ադրբեջանի անբաժանելի մաս ճանաչելու դաւաճանական ակտը, եւ 2025-ի օգոստոսի 8-ի նախաստորագրւած կապիտուլիացիոն փաստաթղթերը ստորագրել է Նիկոլ Փաշինեանը։
Հետեւաբար, եթէ նոյեմբերի 9-ի հետ խնդիր ունէք, գնացէք ինքներդ ձեր հետ բանավիճէք։
Հանրապետականն ու Սերժ Սարգսեանը 2016-ի Ապրիլեան յաղթական պատերազմից յետոյ օրակարգ են բերել Վիեննայի, Ժնեւի ու Սանկտ Պետերբուրգի հայանպաստ յայտարարութիւնները։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանի կառավարման շրջանում 2009-2013 թթ. ԵԱՀԿ ՄԽ համանախագահ պետութիւնների նախագահները / Օբամա, Սարկոզի, Մեդւեդեւ,Օլանդ,Պուտին/
5 յայտարարութիւն են ընդունել, որտեղ անառարկելի է համարւում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրացումը։
Դրա արդիւնքում ձեր Փաշինեանի «կիրթ ու կառուցողական» Ալիեւը 2016-ի հոկտեմբերի 7-ին բողոքում էր, որ «փակ դռների հետեւում Ադրբեջանից պահանջում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը»։
Նոյեմբերի 9-ի մասով. կրկնում եմ, այդ յայտարարութիւնը ստորագրել է Փաշինեանը /երեւի բունկերից/:
Բայց նոյնիսկ 2020-ի նոյեմբերի 9-ի յայտարարութիւնը 2022-ի հոկտեմոերի 6-ի փաստաթղթի ու 2025-ի օգոստոսի 8-ի նախաստորագրածի համեմատ՝ «չարիքի փոքրագոյնն» է։
Այնտեղ 4 անգամ Լեռնային Ղարաբաղը յիշատակւում էր որպէս առանձին սուբիեկտ, այլ ոչ թէ Ադրբեջանի մաս։
Արցախի մի մասը հայկական էր եւ այնտեղ ապրում էր 130.000 հայ բնակչութիւն։
Ամարասում ու Գանձասարում հայ մարդը կնունք ու հարսանիք էր անում։
Ինչպէս նոյեմբերի 9-ի յայտարարութիւնը Փաշինեանն ու Ալիեւը խախտեցին, այդպէս էլ լինելու է օգոստոսի 8-ի փաստաթղթի հետ։
Փաշինեանի ստորագրած որեւէ փաստաթուղթ խաղաղութիւն չի կարող բերել։
Վկան 2020-ի նոյեմբերի 9 -ի ու 2022-ի հոկտեմբերի 6-ի փաստաթղթերն են։
Բաւ է խաղաղութիւն բառը չարաշահել։
Հազար եմ ասել. Արցախում էլ է հիմա խաղաղ, բայց այլեւս հայ չկայ»,- գրել է նա: