Ռուսաստանի լայնամասշտաբ «վերադարձին» հայկական քաղաքական ու քաղաքագիտական միտքը պէտք է պատրաստ լինի
Եթէ Ռուսաստանը հեռացած լինէր կամ պատրաստւէր հեռանալ Հայաստանից, ապա 2020 թւականի նոյեմբերի 10-ի առաւօտը Նիկոլը չէր լուսացնի

ՄԻՀՐԱՆ ՅԱԿՈԲԵԱՆ
Պատմական գիտութիւնների թեկնածու
Ալեքսանդր Առաջին կայսեր զօրքերը 1814 թւականին Փարիզ չեն մտել մտքով, որ մնալու են Ֆրանսիայում: Ռուսները (Սովետը) նոյնիսկ Բեռլինը չեն գրաւել՝ մտքում ունենալով, որ դուրս չեն գալու: Երկրորդ աշխարհամարտի արդիւնքները՝ Արեւմտեան Եւրոպայի ամերիկեան եւ Արեւելեան Եւրոպայի սովետական օկուպացիան, այնքան կեանք ունեցաւ, որքան որ Սովետական Միութիւնը կարողացաւ ձգել:
Իսկ ձգելը նախեւառաջ գաղափարախօսական իմաստ ունէր: Նոյն ԱՄՆ-ը մինչեւ հիմա ձգում է: Հեքիաթ է, որ ԽՍՀՄ-ը դուրս է եկել Արեւելեան Եւրոպայից ու փլուզւել է տնտեսական պատճառներով: Հեքիաթ է, որովհետեւ իր գոյութեան, անգամ, ամենացածր կէտում՝ 1991-ին, ԽՍՀՄ-ը միեւնոյնն է՝ շարունակում էր լինէր աշխարհի երկրորդ տնտեսութիւնը, միաժամանակ աշխարհի ամենահզօր բանակներից մէկն ունէր, եթէ ոչ ամենահզօրը: Ու սա 1991-ին՝ ԽՍՀՄ ցուցանիշային ամենաստորին ժամանակում:
Ասել կուզի՝ Սովետներն Արեւելեան Եւրոպայից դուրս են եկել կոմունիստական գաղափարախօսութեան սնանկացման պատճառով, եւ ոչ թէ այն պատճառով, որ ռուսներն Արեւելեան Եւրոպան համարել են իրենց քաղաքակրթական ազդեցութեան ու գոյաբանական շահերի տիրոյթը, բայց չեն կարողացել պահել: Նոյնն էլ ԽՍՀՄ փլուզումն է, այն շատ հանգիստ կարող էին պահել, ոչ մէկը դրան առանձնապէս դէմ չէր: Սովետների երկիրը չեն փլուզել մերձբալթեան ժողովուրդները, հայերը կամ տաջիկները: ԽՍՀՄ-ը 1991-ին փլուզել են ռուսները՝ սլաւոնական միւս երկու հանրապետութիւնների՝ Ուկրաինայի եւ Բելոռուսի հետ միասին՝ Բելովեժիան անտառում, առանց մնացած հանրապետութիւնների հետ խորհրդակցելու:
Այդ հիմա են գլխներին տալիս ու քարոզչական նկատառումներով թոզ փչում, թէ Խորհրդային Միութիւնը փլուզեցին ամերիկացիները, մասոնները, վրացի ու հրեայ այլախոհները, Երեւանի Թատերական հրապարակի ցոյցերի մասնակիցները… Իրականում ԽՍՀՄ-ը փլուզել են Ռուսաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութեան կուսակցական բոսսերը, որոնք ներկայացնում էին հանքահումքային կլանների ու արդիւնաբերական հատւածի «կարմիր դիրեկտորների» շահերը: Փլուզեցին, որ Տիւմէնի նաւթից ու Յամալի գազից օրինակ՝ ուզբեկներին փայ չտան:
Այս մարդիկ հաւատում էին, որ յետխորհրդային տարածքը միեւնոյնն է՝ փախչելու տեղ չունի եւ ռուսական ազդեցութիւնը պահպանւելու է, բայց աւելի քիչ ռեսուրսների ներգարւմամբ, քան Սովետի ժամանակներում:
Ընդհանրապէս՝ պատմականօրէն Ռուսաստանի անվտանգութեան եւ կենսական շահերի սահմանը Եւրոպայում անցնում է Մինսկով եւ Անդրկարպատներով, Կովկասում՝ Արաքս գետով, Կենտրոնական Ասիայում՝ Փիանջ գետով: Այս գծերից այն կողմ Ռուսաստանն անելիք չունի, բայց ամէն ինչ արել է այս գծերը պահելու համար:
Եւ, այո, ի տարբերութիւն Փարիզի կամ Բեռլինի՝ 1806 թւականին ռուսները մտել են Ղարաբաղ, որպէսզի մնան: Ու մնացել են շուրջ 200 տարի: Մնացել են հայերով՝ Արցախի հայերով՝ ամբողջ Կովկասում Ռուսաստանի հանդէպ ամենաբարձր լոյալութեան մակարդակն ունեցող ժողովրդով, որի հետ, անկախ ամէն ինչից, վարւեցին ամենաանարդար ձեւով:
Կրկնում եմ՝ Հարաւային Կովկասում Ռուսաստանի ներկայութեան, նոյն ինքը՝ Արաքսի ափին մնալու բանալին Հայաստանն է, իսկ առանց հայկական Արցախի այդ բանալին գոյութիւն չունի: Հիմա ինչ կայ, ժամանակաւոր է, օրէցոր դանդաղացող իներցիայի արդիւնք է: Ռուսաստանն ինչ-որ պահի քայլեր է ձեռնարկելու վիճակը շտկելու եւ «բանալին» վերականգնելու համար:
Ռուսաստանը չի անելու, որովհետեւ հայերին շատ է սիրում, անելու է, որովհետեւ չանելու այլընտրանք չունի: Այնպէս չէ, որ Մոսկւայում չգիտեն՝ Հայրենական Մեծ Պատերազմից յետոյ Ռուսաստանի պատմութեան ամենաերկարատեւ, ամենաարիւնալի ու թանկարժէք պատերազմը Իմամ Շամիլի գլխաւորած Կովկասի լեռնականների դէմ պատերազմն է եղել, որում ռուսները յաղթելու նոյնիսկ շանս չէին ունենայ, եթէ ռուսական բանակը կանգնած չլինէր Արաքսի ափին:
Ուստի Ռուսաստանի լայնամասշտաբ «վերադարձին» հայկական քաղաքական ու քաղաքագիտական միտքը պէտք է պատրաստ լինի առաջարկների, ծրագրերի, շահերի, երաշխիքների ու կարմիր գծերի ամբողջական փաթեթով, որպէսզի երբեք այլեւս չկրկնւի այն, ինչի մէջ մենք հիմա ապրում ենք:
Իսկ թէ ինչով է տրամաբանական պնդումը, որ Ռուսաստանը չի հեռացել ու չի պատրաստւում հեռանալ Հայաստանից, պէտք է նշել ընդամէնը մէկ հանգամանք. եթէ Ռուսաստանը հեռացած լինէր կամ պատրաստւէր հեռանալ Հայաստանից, ապա 2020 թւականի նոյեմբերի 10-ի առաւօտը Նիկոլը չէր լուսացնի… Աւելին՝ 2021 թւականի յունիսին արտահերթ խորհրդարանական ընտրութիւն չէր լինի՝ Կիրիենկոյին «յաղթող» նիկոլական իշխանութեան եւ Կիրիենկոյի «զանգին սպասող» ընդդիմութեան ձեւաւորմամբ: