ՆԱՏՕ-ն Անդրկովկասը տեղափոխում է Մեծ Մերձաւոր Արեւելք
ՍՏԱՆԻՍԼԱՒ ՏԱՐԱՍՈՎ
ՆԱՏՕ-ն ձգտում է ամրապնդել իր դիրքերն Անդրկովկասում` Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական դիմակայութեան համար տարածաշրջանի ներուժն օգտագործելու նպատակով, ճեպազրոյցի ժամանակ յայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Վերջինս նկատել է՝ Արեւմուտքին պէտք չեն «ոչ մի իրաւահաւասար յարաբերութիւններ յետխորհրդային տարածքում, նրանք պէտք է վերցնեն ռեսուրսները, թալանեն երկրները, հրկիզեն այդ ամէնը եւ իրենց պահեն տիպիկ գաղութարարների եւ ստրկացնողների, իմպերիալիստների պէս»։ Ընդ որում՝ Մոսկւան կը ցանկանար, որ տարածաշրջանի երկրները, այդ թւում` Ադրբեջանն ու Հայաստանը, գիտակցէին «ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցութեան խորացման դէպքում իրավիճակի սրման բոլոր առկայ ռիսկերը»` նկատի ունենալով «առճակատման եւ ռազմական լարւածութեան սերմանումը»:
Իսկապէս Անդրկովկասում սկսել է նկատւել տարբեր բլոկների զինւած ուժերի աննախադէպ բարձր ակտիւութիւն։ Կասպից ծովում աւարտւել են CASAREX 2025 ռուս-իրանական զօրավարժութիւնները։ Իսկ այդ ընթացքում Թուրքիայում եւ Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Agile Spirit 2025 զօրավարժութիւնները, որոնք կաւարտւեն օգոստոսի 6-ին։ Զօրավարժութիւններն անցկացւում են ԱՄՆ-ի եւ Իսրայէլի կողմից Իրանի հասցէին նոր հարւածներով սպառնալիքների խորապատկերին, իսկ Հայաստանում եւ Ադրբեջանում սկսել են նկատելիօրէն նկատւել հակառուսական տրամադրութիւններ: Տեղեկութիւններ են յայտնւում նաեւ Ռուսաստանի սահմանների մօտ Խաչմազի շրջանում Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի ռազմաբազաների տեղակայման հնարաւորութիւնների մասին: Իրականացւել է նաեւ տեղեկատւական լցոնումներ Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջեւանին եւ Թուրքիային կապող, այսպէս կոչւած, «Զանգեզուրի միջանցք»-ն իր վերահսկողութեան տակ տեղափոխելու ԱՄՆ ցանկութեան մասին։ Այս կապակցութեամբ հայկական ԶԼՄ-ները յայտնում են՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուինը սկսել է ակտիւ խորհրդակցութիւններ անցկացնել տեղի իշխանութիւնների հետ Արաքսի հովտում հաղորդակցութիւնների ապաշրջափակման վերաբերեալ:
Յիշեցնենք նաեւ՝ 2025 թ.-ի յունւարի 1-ից ռուս սահմանապահները հեռացել են հայ-իրանական սահմանից։ Չի բացառւում նաեւ Հայաստանի յայտարարութիւնը ՀԱՊԿ-ից դուրս գալու եւ Գիւմրիում ռուսական 102-րդ ռազմաբազան դուրս բերելու մասին։ Այլ կերպ ասած` տարածաշրջանում տեսանելի է Արեւմուտքի բացայայտ նպատակային բնոյթի հակառուսական գործողութիւններ` նպատակ ունենալով ուժեղացնել իր ռազմական եւ քաղաքական ներկայութիւնը Կասպից ծովում եւ Սեւծովեան տարածաշրջանում`ելնելով ենթադրեալ աշխարհաքաղաքական փոփոխութիւնների հեռանկարներից։ Ընդ որում՝ օբիեկտիւօրէն Բաքուն եւ Երեւանը սկսել են միասին գործել այդ ուղղութեամբ, թէեւ հրապարակայնօրէն յայտարարում են դիւանագիտութեան եւ երկխօսութեան շրջանակներում խաղաղութեան ձգտման մասին։ Բայց շատ փորձագէտների գնահատմամբ` տարածաշրջանում սկսում է կառուցւել ոչ միայն նոր լոգիստիկ սխեմա, այլ նորից գծւում է նրա քարտէզը` ԱՄՆ-ի ակտիւ մասնակցութեամբ քաղաքական լոյալութեան եւ խորհրդանշական կապիտալի ինչ-որ գործարքների տարբերակում։ Այսպէս, մայիսին Թրամփի յատուկ ներկայացուցիչ Սթիւ Ուիթքոֆը յայտարարել էր՝ Երեւանն ու Բաքուն կարող են մասնակից դառնալ Աբրահամեան համաձայնագրերին, այսինքն՝ այն կառոյցի մի մասը, որը հակամարտութիւնները վերածում է շուկայի, իսկ հրադադարը` առեւտրային հարթակների, իսկ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը խօսել էր Հայաստանի եւ Իրանի միջեւ սահմանի մի հատւածի վարձակալութեան պայմանագիր կնքելու ԱՄՆ պատրաստակամութեան մասին`կրկին աշխարհաքաղաքական պրոյեկցիայով դէպի Մերձաւոր Արեւելք, որտեղ ԱՄՆ-ն հանդէս է գալիս որպէս «անվտանգութեան գլխաւոր ճարտարապետ»:
Հէնց այս համատեքստում է Անդրկովկասը դուրս բերւում հարեւան տարածաշրջան։ Եւ պատահական չէ, որ, ըստ երեւոյթին, Ալիեւը սկսել է շնորհակալութիւն յայտնել Թրամփին «Հայաստանի հետ վէճն աւարտելու ձգտման համար»։ Բայց, մեծ հաշւով, Անդրկովկասի վերաբաշխումը դեռ նոր է սկսւում, դա Եւրոպան եւ Ասիան միացնող երթուղիների հանգոյց է`շրջանցելով Ռուսաստանն ու Իրանը։ Այնպէս որ, առջեւում մեծ իրադարձութիւններ են։
iarex.ru-ի
Թարգմանութիւնը՝ ԳԱՅԻԱՆԷ ՄԱՆՈՒԿԵԱՆԻ