ՄիջազգայինՔաղաքական

Մակրոնը լուծարել է Ֆրանսիայի խորհրդարանը Եւրոխորհրդարանի ընտրութիւններում իր կուսակցութեան ջախջախիչ պարտութիւնից յետոյ

«ԱԼԻՔ» – Ֆրանսիայի նախագահ Էմմանուէլ Մակրոնը կիրակի օրը ցրել է խորհրդարանը՝ Եւրոխորհրդարանի ընտրութիւններում ծայրայեղ աջ թեկնածուներից իր կուսակցութեան ջախջախիչ պարտութիւնից յետոյ: Հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները:

Ֆրանսիայում խորհրդարանական ընտրութիւնների առաջին փուլը տեղի կունենայ յունիսի 30-ին։ Երկրորդ փուլը կը կայանայ յուլիսի 7-ին։

«Ֆրանսիան խաղաղութեան եւ ներդաշնակութեան մէջ ակնյայտ մեծամասնութեան կարիք ունի: Հոգու խորքում ֆրանսիացի լինելը նշանակում է ընտրութիւն անել յօգուտ պատմութիւն գրելու, եւ ոչ թէ առաջնորդւել դրանով»,- ասել է Մակրոնը:

Ազգային ժողովը լուծարելու որոշումը նրա կողմնակիցներն անվստահութեամբ են ընդունել։

Ըստ կանխատեսումների, ծայրայեղ աջ «Ազգային միաւորումը» կը յաղթի Ֆրանսիայի եւրոպական ընտրութիւններում՝ ստանալով ձայների 31.5 տոկոսը, ինչը կրկնակի գերազանցում է Մակրոնի լիբերալ «Վերածնունդ» կուսակցութեան ենթադրւող յաղթանակը (15.2 տոկոս): Ազգային միաւորման ձայների բաժինը գերազանցել է մեծութեամբ երկրորդ եւ երրորդ կուսակցութիւնների ձայները միասին վերցրած․ ձախ կենտրոնամետ սոցիալ-դեմոկրատները ստացել են ձայների մօտ 14%-ը, ըստ նախնական էքզիթ-փուլերի:

Ծայրայեղ աջ «Ազգային միաւորում» կուսակցութեան կողմնակիցները տօնում էին յաղթանակը, երբ Մակրոնը յայտարարեց խորհրդարանը լուծարելու մասին, ինչի մասին կուսակցութիւնը կոչ էր արել, քանի որ պարզ էին դարձել իր յաղթանակի մասշտաբները: Նրանք վանկարկել են «Լուծարում, լուծարում»՝ հետեւելով Մակրոնի ելոյթին քարոզարշաւի միջոցառմանը, որտեղ քիչ անց ելոյթ ունեցաւ «Ազգային միաւորման» երկարամեայ առաջնորդ Մարին Լը Բենը:

«Ես կարող եմ միայն ողջունել այս որոշումը, որը համապատասխանում է Հինգերորդ Հանրապետութեան տրամաբանութեանը եւ ճարտարապետութեանը»,- դիմել է Լը Բենը իր խանդավառ հետեւորդներին: Ըստ նրա՝ ԵՄ ընտրութիւնների արդիւնքները պէտք է ազդանշան ծառայեն Բրիւսէլին եւ «վերջ դնեն գլոբալիզմի այս ցաւալի դարաշրջանին»։

Related Articles

Back to top button