Վարուժան Գեղամեան. «Թուրքիայի ճնշումները քառակի անգամ աւելանալու են Հայաստանի վրայ»
«ԱԼԻՔ» – ««Զանգեզուրի միջանցք» կոչւածը դարձել է Թուրքիայի ներքին ու արտաքին առաջնահերթութիւններից մէկը»։ Alpha News-ի հետ զրոյցում ասել է թուրքագէտ Վարուժան Գեղամեանը։
«Թուրքիայի Հանրապետութեան ռազմաքաղաքական ղեկավարութեան կողմից «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերեալ անդրադարձերը վերջին 2 տարիներին ունեն մէկ միտում, որոնք անդադար աճում են։ «Զանգեզուրի միջանցք» կոչւածը վերածւել է Թուրքիայի ներքին ու արտաքին առաջնահերթութիւններից մէկի։ Թուրքիան անցնում է, այսպէս կոչւած, միջանցքի իրականացման յաջորդ փուլին, երբ այն ոչ միայն դիւանագիտական հարթութեան խնդիր է, այլ այն նաեւ մատուցւում է հանրութեանը՝ դառնալով հիմնական արտաքին քաղաքական նախաձեռնութիւններից մէկը»,- ասել է նա։
Գեղամեանի խօսքով՝ Թուրքիան արդէն հասել է այն փուլին, որ Հայաստանի վրայ ճնշումները քառակի անգամ կաւելանան։
«Այսպէս կոչւած միջանցքը հասել է այն հանգրւանին, երբ արդէն կարիք կայ ճնշում գործադրել Հայաստանի վրայ, որպէսզի սկսի ՀՀ տարածքի հատւածի շինարարութիւնը կամ դրա գործարկման աշխատանքները։ Առաջիկայ ամիսներին կը տեսնենք ճնշման քառակի աւելացում՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով»,- նշել է Վարուժան Գեղամեանը։
Թուրքագէտն անդրադարձել է նաեւ նախօրէին ՀՀ ԱԱԾ-ի տարածած յայտարարութեանը՝ Հայաստանի եւ Թուրքիայի պետական սահմանի Արարատի մարզի Ռանչպար բնակավայրի հատւածում ապօրինի հատման հաւանական փորձի վերաբերեալ:
Նա նշել է, որ ակնյայտ է, որ գործ ունենք հետախուզական տեխնիկաների հետ։
«Վերջին շրջանում ՀՀ սահմանների երկայնքով թուրքական ԱԹՍ-ների գերակտիւացում է նկատւում։ Մենք վերջին մէկ տարւայ ընթացքում տեսել ենք աննախադէպ աճ թուրքական ԱԹՍ-ների՝ ՀՀ արեւմտեան սահմանի տարբեր գօտիներում։ Նման բան չէր եղել նախկինում։ Ակնյայտ է, որ գործ ունենք հետախուզական տեխնիկաների հետ, ինչ-որ բան են նկարահանում, ինչ-որ բան են ստուգում։ Սա, իհարկէ, մտահոգութեան աւելի մեծ առիթ է։ Երբ սա համադրում ենք գոնէ այս պահին մեզ յայտնի դիւերսիոն փորձի հետ, ապա սա մեզ համար զգօնութեան նշան է։
Եթէ կրկնւեն այս դէպքերը, ինչ-որ պատահական մարդիկ սկսեն անցնել հայ-թուրքական սահմանը, այդ ժամանակ կարող ենք յստակ ասել՝ խօսք է գնում հայ-թուրքական սահմանի ստուգման հետ։ Չմոռանանք, որ Թուրքիայի Հանրապետութիւնը մի անգամ՝ 2022-ի յունիսին, նախարար Չաւուշօղլուի բերանով յայտարարել էր՝ բանակցութիւնների փաթեթ են կազմում, նաեւ Հայաստան-Թուրքիա սահմանի վերասահմանազատման հարց են քննարկում։ Չեմ բացառում, որ իրականում ընթանում են որոշակի աշխատանքներ այս ուղղութեամբ»,- նկատել է Վարուժան Գեղամեանը։