Հայաստան - ԱրցախՔաղաքական

Սերգէյ Կարնաուխով. «Սիւնիքի թեման Ադրբեջանի համար օրակարգից չի հանւել, եւ ամէն ինչ արւելու է այն վերցնելու համար»

«ԱԼԻՔ» – Ռուս քաղաքական փորձագէտ Սերգէյ Կարնաուխովը Alpha News-ի հետ զրոյցում մեկնաբանել է իրավիճակը Սիրիայում, Թուրքիայի վերջին յայտարարութիւնները Հայաստանի հասցէին եւ Երեւանի ու Բաքւի միջեւ խաղաղութեան համաձայնագրի ստորագրման հեռանկարը։

Փորձագէտի կարծիքով՝ Սիւնիքի թեման Ադրբեջանի համար օրակարգից հանւած չէ, եւ Բաքուն ամէն ինչ անելու է այդ տարածքը վերցնելու համար:

«Ալիեւն ամէն ինչ անում է ուժի դիրքերից, նա հասկանում է, որ ամուր բանակցային դիրք ունի, եւ ունի վերջնական նպատակներ։ Իսկ վերջնական նպատակը Հայաստանի նոր տարածքներն են, որոնք պէտք է անցնեն Ադրբեջանին, որոնք իրենք իրենցն են համարում, որոնք իրենց պէտք են։ «Զանգեզուրի միջանցք»-ի թեման, ընդհանրապէս Սիւնիքի թեման օրակարգից հանւած չէ, եւ ամէն ինչ արւելու է այդ տարածքը վերցնելու համար։

Մենք պէտք է հասկանանք, որ Ադրբեջանի համար Նախիջեւանի հետ ցամաքային հաղորդակցութեան ի յայտ գալը, բոլոր տարածքների միացումը, Թուրքիայի հետ միասնական առեւտրային եւ լոգիստիկ տարածքի ձեւաւորումն այն է, ինչ նրանց պէտք է իրենց տնտեսութեան համար։ Դրա համար էլ նրանք հասնելու են դրան, եւ ամէն ինչ կանեն դա իրագործելու համար։ Մենք չենք կարող համոզւած պնդել, որ Ալիեւի կառոյցները (Ադրբեջանի նախագահ), աշխատում են Հայաստանում, բայց պէտք է ենթադրել, որ դա այդպէս է։

Ընթանում է ոչ ֆորմալ մեծ աշխատանք, որը դուրս է լրագրողների եւ հասարակ մարդու աչքից։

Դա լաբբինգ է, դա սեփական գործակալների միջոցով Հայաստանի ղեկավարութեան մօտ ցանկալի քաղաքական հայեացքի ձեւաւորումն է։ Հետեւաբար, այս ամէնը կարող է շատ երկար ժամանակ տեւել: Քանի դեռ Ադրբեջանը բաւարարւած չէ այն աշխարհառազմավարական իրավիճակով եւ այն դիրքով, որին նա ձգտում է։ Իմ պատկերացմամբ՝ Ադրբեջանն արդէն այնքան վնաս է հասցրել հայ ժողովրդին, որ ժամանակն է հանդարտւելու»,- ասել է նա։

Անդրադառնալով Սիրիային՝ Կարնաուխովը նշել է, որ այն կը բաժանւի մասերի։

«Ես չգիտեմ, թէ ինչ հրաշք պէտք է կատարւի, որպէսզի Սիրիան մնայ այն քաղաքական վիճակում, որում գտնւում է նոյնիսկ այս րոպէներին։ Թուրքիան այդ կերպ փորձում է լուծել իր քրդական հարցը։ Ամենայն հաւանականութեամբ, Սիրիան գլորւելու է պարզապէս ամենատհաճ ձեւաչափերից մէկի մէջ։ Սա գործնականում պարտիզանական, ապստամբական պատերազմ է։ Այնտեղ ամէն ինչ կը վառւի: Թուրքիան հիմա շատ հզօր աշխարհաքաղաքական քայլ է արել․ նրանք լուծեցին իրենց խնդիրը: Նրանք ցանկանում էին հարաւում անվտանգութեան բուֆերային գօտի ստեղծել, բայց հիմա ստեղծել են ոչ միայն գօտի, այլ գրաւել են ողջ երկիրը։ Ի՞նչ է սա նշանակում։

Սա նշանակում է, որ նրանք հիանալի հասկանում են՝ Հայաստանի հարցը մէկ ռազմական քայլի խնդիր է։ Եթէ կարողացան վերցնել Սիրիան, ապա Հայաստանի հետ հարցը մէկ օրւայ խնդիր է։ Բայց նրանք, բնականաբար, դրան չեն գնայ։ Ինչո՞ւ։ Քանի որ այս կոնֆիգուրացիայի մէջ նրանք դրա կարիքը չունեն: Բայց Հայաստանի հարցը կը ներառեն այն առաջիկայ ծրագրերում, որոնք, ինչպէս ես եմ հասկանում, կիրականացնի Թրամփի (ԱՄՆ նորընտիր նախագահ) թիմը»,- ասել է Կարնաուխովը։

Փորձագէտի կարծիքով՝ Հայաստանին վիճակւած է պլացդարմի դեր խաղալ ռազմակայանի համար, որը կը մասնակցի Իրանի հետ պատերազմի խնդիրների լուծմանը։

«Թուրքիան կարեւորագոյն յենակէտն է Իրանի վրայ յարձակւելու համար։ Սիրիան չէր կարող մնալ այդ կոնֆիգուրացիայի մէջ, եթէ, այնուամենայնիւ, Իրանի վրայ յարձակման պլաններն իրատեսական լինեն։ Ըստ այդմ, Սիրիան աւերւեց եւ ստանձնեց այդ առաջադրանքը։ Այդ դէպքում հարց է առաջանում՝ ինչպիսի՞ն կարող է լինել Հայաստանն Իրանի հետ պատերազմի ապագայ կոնֆիգուրացիայում։ Ի՞նչ առաջադրանք է ունենալու: Եւ սա կը լինի պլացդարմ: Այնտեղ այնպէս կանեն, որ ողջ երիտասարդ բնակչութիւնը լինի այնպէս, ինչպէս Վրաստանում, այս կամ այն ՀԿ-ների ներքոյ, ամերիկամէտ եւ արեւմտամէտ, կամ աղանդների ներքոյ։

Աղանդները ամերիկացիների փափուկ ուժի երկրորդ մասն են, որն այսօր իրականացւում է Հայաստանում, Վրաստանում եւ այլ երկրներում։ Ըստ այդմ՝ հնազանդ, շատ ճկուն միջավայրը պէտք է ապահովի անհրաժեշտ քաղաքական գործողութիւններ, որոնք անհրաժեշտ կը լինեն ամերիկացիներին Իրանի վրայ յարձակումից առաջ եւ յարձակման ժամանակ։ Ամենայն հաւանականութեամբ, Հայաստանին վիճակւած է նման պլացդարմի դեր խաղալ այնպիսի ռազմակայանի համար, որը կը մասնակցի Իրանի հետ պատերազմի խնդիրների լուծմանը։ Սա Էրդողանի խնդիրն է հիմա։

Հետեւաբար, հիմա, կարծում եմ, այս կոնֆիգուրացիայով նրանք կը ձեւաւորեն Հայաստանը ապագայ ռազմական առաջադրանքների համար։ Առայժմ նրան ոչ ոք ձեռք չի տայ»,- եզրափակել է Կարնաուխովը։

Related Articles

Back to top button