Հայաստան - ԱրցախՔաղաքական

Խոստացեալ խաղաղութիւ՞ն, թէ՞ աստիճանական ոչնչացում…

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ

 

Այսօր աշխարհի ուշադրութիւնը կենտրոնացած է երկու հզօր պետութիւնների Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպման վրայ, որի արդիւնքից կախւած է նաեւ աշխարհի խաղաղութիւնը։

Սակայն մեր երկրում այլ մթնոլորտ է տիրում։ Մենք վաղուց Ռուսաստանից վիրաւորւած, քանի որ նա չի փրկել մեզ, երբ մենք չենք դիմել ու արհամարել ենք իրեն, երբ մեր երկրի ղեկավարը ազերի ղեկավարի հետ համաձայնեցւած Արցախն էր յանձնում, մեր դավաճանութիւնը ծածկելու համար փորձում ենք նրանից ազատւել եւ մեր նոր տիրոջը ընդունել, քանի որ Նոր Տէրը ցանկութիւն է յայտնել մէկ դարով գրաւել մեր տարածքը եւ մեր հայրենի տարածքի անունն էլ փոխարինել իրենով։

Արդէն մէկ շաբաթ է անցել Վաշինգտոնեան հանդիպումից, պարզ են այն կէտերը, որոնց շուրջ կազմւել են հայ-ազերական համաձայնագրերը, իսկ երկրում այդ համաձայնագրի դեմ ժողովուրդը լուռ է, լուռ է ազերիների բոլոր պահանջների դէմ։

Զանգեզուրեան միջանցքի յանձնման մասին, որի համար այդքան ոգեւորւած էր Ամերիկայի նախագահը, որ չգիտէր ինչպէս ընդունէր իր հպատակներին, ներեցէք՝ «հիւրերին», մենք ասելիք չունենք։ Բայց չէ՞ որ դա մեզ է պատկանում։

Հետեւում եմ հայ լուրերին, վերլուծաբանների, քարտէզագէտների, յատկապէս նոյն շրջանում ապրող գիւղացիների կամ քաղաքաբնակների  հարցազրոյցներին եւ ապշած եմ, հաւանաբար նաեւ չկարողանամ յարմար բառեր գտնել արտայայտելու իմ վերաբերմունքը այս ամենի հանդէպ։

Մէջս անվերջ թմբկահարում է մի միտք՝–ինչպէ՞ս, ինչպէս՞ հասանք այս վիճակին, այս համատարած, համազգային բարձիթողին, այս վարակիչ, թունաւոր անտարբերութեանը, այս անհոգ ծուլութեանը, միշտ դրսից սպասւող օգնութիւն տենչացողի անկեալութեանը, թափթփուկ, իր իսկ երկրի դէմ գործող իշխանութեան կոյր պաշտամունքին։

Ըստ իս, այն պահից, երբ կորցրինք մեր ազգային իրաւունքի պահանջները, երբ ինչպէս հարկն է չհետապնդեցինք այն, փոխարէնը անսակարկ ձեռք մեկնեցինք մեր ոչնչացմամբ իրենց ծրագրերը, իրենց շահերը ապահովող մեր թշնամիներին, գաղտնի գործարքի մէջ մտանք նրանց հետ մեր իսկ կեանքերի գնով մեր հողերը նրանց յանձնելու, երբ թշնամացանք մեր թիկունքը պաշտպանողների հետ, քանզի նոր տէրերը այդ էին պահանջում։

Մեր ազգային, քաղաքական, հասարակական բոլոր կազմակերպութիւններն ու կուսակցութիւնները թերացան իրենց պարտականութեան, ազգային շահերը ամէն գնով պաշտպանելու գործում, մինչեւ իսկ ընդդիմութիւնը տեղաշարժ չունեցաւ, չկարողացաւ իրական փաստերով արթնացնել, գործի մղել ժողովրդին։ Մեր բոլոր գործօններում աւելի շատ ժողովրդավարութեան սուտ կանոններին հետեւեցինք, քան աշխատեցինք անառարկելիօրէն փրկել, ինքներս մեզ դուրս քաշել մեզ պարտադրւած ճահճից։

Մենք միշտ գերադասում ենք խոնարհ աշակերտ մնալ աշխարհի ազգակուլ դպրոցում, քան դառնալ կուլ տւողներից մէկը, ուստի միշտ փնտրում ենք հովանիներ, նոր տէրեր, հներին ոտնահարում, նորերից էլ ի վերջոյ խաբւում ենք ու ամէն ինչ կորցնում։ Այսօր մեզ մօտ յստակ այդ իրավիճակն է կրկին։

Մեր նոր տէրերը, որոնք իրենց հպատակին կարգեցին որպէս առաջին ղեկավար մեր երկրին եւ որից սկսւեց մեր թոյլ, այլոց միկրոբներով վարակւած անկախութիւնը, անմիջապէս տիրոջ իրաւունքով ծաւալւեցին մեր ոտնաչափ տարածքում իրենց ամրոց շինութեամբ, իշխելով ոչ միայն մեզ այլ ողջ տարածարջանին, բնականաբար արդէն տիրոջ իրաւունքով ցանկացած մասով տիրում են մեր երկրին, տիրոջ իրաւունքով խօսում մեզ հետ, քանի որ մենք երկրի ղեկավար չունենք, այլ ունենք մի նենգ իշխանութիւն, որը գլխակորոյս ծառայում է թշնամուն, աւելի ճիշտ պատրաստակամօրէն կատարում է իր ազդեցիկ տէրերի հրամանները։

Եւ մենք քանի որ ստրկամիտ ենք դարձել, խոնարհօրէն տանում ենք մեր ստրկութիւնը երկրի ներսում, իսկ դրսի բաժանւած հայութեան մի մասի համար միայն ՀԱՅՐԵՆԻՔ բառն է կարեւորը։ Բայց որ հայրենիքը աստիճանաբար լուծւում, քայքայւում անհետանում է, ինչպէս իրենք օտար երկրում, դա իրենց չի վերաբերւում, ինչպէս միշտ, նրանք չեն ուզում հակառակւել տիրող իշխանութեանը, թէկուզ դաւաճան, երկիրը վաճառող իշխանութեանը։

Մեր  ժողովրդին ոգեւորել է Ամերիկայի միջամտութեան փաստը, հայը իրեն հպարտ է զգում, որ աշխարհի հզօրագոյն երկիրը կրկին միջամտում է իր կեանքին, ապահովութիւն խոստանում իրեն, ինչպէս խոստացան 1920 թ., Սեւրի համաձայնագրով, որը այդպէս էլ չիրականացած դաշնագիր մնաց։ Ըստ այդ  համաձայնագրի յօդւած 89-ով Հայաստանը դէպի Սեւ Ծով ելք էր ունենալու։

Դեռ այն թղթի վրայ ստորագրեալ սոսկ խոստում է մինչ օրըս։

Իսկ մինչ «ծով ելք» ունենալը ընդամէնը 3 տարի յետոյ, Լօզանի պայմանագիրը՝ 1923 թ., ոչնչացրեց հայերին խոստացւածը, բայց փոխարէնը Թաուրքիայի նոր սահմանները հաստատեց, Արեւմտեան Հայաստանի սահմանների ներառմամբ։

Սակայն հայութեան ոգեւորութիւնն ու յոյսերը հզօրագոյն երկրի խոստումի հանդէպ երբեք չմարեցին, այլ 105 տարի շարունակ սպասեցին Սեւ Ծովեան ելքը սկուտեղի վրայ իրենց մատուցւելուն։

Այսօր այն մատուցւում է Թարմփի «խաղաղութեան խաչմերուկ» անւամբ, բայց արդէն մեր սեփական հողի, մեզ համար կենսական հատւածը, մէկ դարով «իրենց» տրամադրելով։ Այս անգամ ոչ թէ իրենք են տալիս, այլ մեզնից են վերցնում, մինչեւ իսկ փոխում են մեր տարածքի անունը, փոխարէնը իրենցը հաստատում։ Մենք չգիտենք նոյնիսկ այդ «իրենցը» ով է, բայց ոգեւորւած եւ հարստացած ենք զգում «իրենց»-ով։

Տեսնո՞ւմ էք այս 105 տարում որքան ենք «առաջադիմել»…

Հայ գիւղացին իրեն երջանիկ է զգում, որ ամերիկացին է պաշտպանելու իրեն, ոչ թէ ռուսը։ Նրան այդպէս են հաւատացրել, որ նա ռուսից լաւ է եւ քանի որ նա անտեղեակ է ամերիկեան ռազմամոլ քաղաքականութեանը, այլեւս հարցադրում չունի, հաւատում է այդ «խոստացեալ» խաղաղութեանը։ Դէ ինչ, մի կտոր հող է, մի մեծ բան չէ։ Բայց փորձիր իր կալւածքից, իր պարտեզից մէկ սանտիմետր ներս մտնել, գլուխդ կը կոտրի, բայց հայրենական հողը կարելի է մէկ դար, մի քանի սերունդ տալ թէկուզ թշնամուն։

Քարտէզագէտին հարցնում են, սահմանազատման ժամանակ մենք տարածք ենք կորցրել։ Նա ժխտում է ասելով, որ կորցրել ենք, բայց նաեւ իրենցից էլ վերցրել ենք։ Իսկ այդ «իրենցից»-ը ո՞ւմ հողն է։ Մեր հողն է չէ՞, մեր պատմական, պապենական հողն է։ Այդ ինչպէ՞ս էք անտէր, երկիր չունեցող քոչւոր ազերիներին, հողի տէր դարձնում եւ պարծենում, որ իրենցից էլ դուք էք վերցրել։ Մեր հողերը այդ եր՞բ դարձան «իրենցը»։ Սա տրամաբանութիւն է՞, թէ՞ ազգային ըմբռնում։ Իրապէս մարդու սիրտ է ճաքում։

Ես, որ հողին, բնութեանը եւ յատկապէս իմ հողին կապւած անձ եմ խղճում եմ մեր հողին, որ այդքան ասպաատակութիւններին, բարբարոսութիւններին դիմանալուց յետոյ էլ հիմա հանդուրժում է իր սնած, իր բարիքներով մեծացած ժողովրդի դաւաճանութեանը։

Բոլորը նոյն հարցադրումն են տալիս, մենք մեր հողի դիմաց ին՞չ ենք ստանում։ Այդ հարցը երբեք ոչ մէկը չտւեց, երբ Արցախն էին յանձնում, երբ Ստեփանակերտն էին դատարկում, երբ արցախցին իր տունն էր այրում, որ թշնամուն չմնայ, երբ իրենց հարազատների դիակներն էին գերեզմաններից տեղափոխում։ Ոչ մէկը այդ հարցը չտւեց ներկայ յանցագործ իշխանութեանը եւ խրախուսւելով ժողովրդի լռութիւնից, անշուշտ այն համաձայնութիւն ընդունելով, նա դեռ շարունակում է իր ազգակործան քաղաքականութիւնը։

Դուք ինչ էք ստանու՞մ– միթէ՞ պարզ չէ, ձեր պաշտելի դաւաճանապետին, իր ՔՊ-ական խունտայով մնալու է իշխանութեան, միթէ՞ դա հաւասարաարժէք փոխհատուցում չէ, չէ՞ որ նա կարողացաւ իր երկիրը վաճառել ոչ միայն թուրքին, այլ նաեւ հզօրագոյն Ամերիկային։

Նոյնիսկ օտար յայտնի վերլուծաբան-քաղաքագէտները, տնտեսագէտներն են զարմացած անդրադառնում մեր երկրի այդ հողակտորի վաճառքին։ Յանկարծ անյայտ Զանգեզուրի այդ փոքրիկ հատւածը, որը մենք այսքան արհամարում ենք, որ յանձնում ենք «Իրենց», յայտնւել է աշխարհի ուշադրութեան կենտրոնում։ Եւ բոլորի եզրակացութիւնը, բացի մեզնից անշուշտ, հաստատում է, որ դա արւում է տարածաշրջանում ամերիկեան դիրքի ուժեղացման համար ընդդէմ Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի, որի միջանցքում խեղդւելու ենք մենք ըստ թուրքի վաղեմի ծրագրի։

Վստահաբար աւելի քան երբեւէ ներկայ թափթփուկների դիրքն է ամրացել, բաւական մեծ գումար է տրամադրւում երկրի վերջնական կործանման համար, դաւաճանապետի հսկողութեան համար, հնարաւորինս վարկաբեկւելու, ոչնչանալու են ազգային արժէքներն ու աւանդոյթները, նորելուկների գործունէութիւնն է աւելի աշխուժանալու շնորհիւ սորոսի նիւթական նեցուկին, որով պատահական, անուղեղ, իրենց կեանքը չդասաւորած անձինք դարձան եւ դեռ դառնալու են նոր (Coach)-եր, մարզիչներ, կանանց, երեխաներին, մինչեւ իսկ զինւորական ղեկավարներին հասարակական «նոր» պահանջներով ուղղորդելու։

Ինչպէս տեսանք աշխարհի երկու տիրակալների հանդիպումը, որը տեղի ունեցաւ Ռուսական հին հողի Ալեասկայի վրայ, որը 158 տարի առաջ վաճառւեց Ամերիկային, Ռուսաստանի ղեկավարը շեշտեց այդ հողի վրայ դեռ կանգուն մնացած Օրթոդոքս եկեղեցիների եւ այդ հողի համար իրենց կեանքը զոհւածների յիշատակների գոյութիւնը։ Տեսնո՞ւմ էք, մշակոյթ եւ աւանդոյթ ունեցող, յարգող, գնահատող ղեկավարները չեն սողում, չեն նւաստանում, նրանք հաստատում են իրենց ուժը։

Եթէ հողը չլինի ոտքերիդ տակ, ժողովրդի պայքարը որեւէ անարդարութեան դէմ, անօգուտ է։ Եւ ի վերջոյ միթէ՞ մեր հողը մի մարդկային կեանք չարժէ, որ նրա մէկդարեայ խլումը, այսքան անուշադրութեան է մատնւում նոյն հողի վրայ ապրողներից։

Միթէ՞ այս օրերին աշխարհի ուշադրութիւնը իր վրայ սեւեռած մեր այդ փոքրիկ հողակտորը նոյն իշխանութեան կողմից միտումնաւոր, նոյն անօրինութեամբ ու դաւադրութեամբ չի յանձնւում թշնամուն, ինչպէս յանձնւեց Արցախը, ինչպէս առեւանգւեցին Արցախի նախկին ղեկավարները։

Բայց քանի որ դուք մոռացել էք արդէն Արցախի գոյութիւնն անգամ, ձեզ համար անկարեւոր է եւ գերիների եւ նոյնիսկ երկրի գոյութիւնն անգամ։

Related Articles

Back to top button