Պեսկով. «Ռուսաստանը չի կարող թոյլ տալ իր սահմանների մօտ ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցւածքի առկայութիւնը»

«ԱԼԻՔ» – Ռուսաստանը չի կարող թոյլ տալ, որ ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցւածքը տեղակայւի իր սահմանների մօտ: Այս մասին ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ յայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հաւակնութիւնները:
«Մենք չենք կարող թոյլ տալ, որ ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցւածքն այդքան մօտ տեղակայւի մեր սահմաններին»,- ասել է նա ABC News հեռուստաալիքին տւած հարցազրոյցում։
Ըստ Պեսկովի՝ Ռուսաստանը նաեւ չի կարող համաձայնել Ուկրաինայում եւրոպական խաղաղապահ զօրախմբի ներկայութեանը։
Նշենք, որ աւելի վաղ Գերմանիայի ԱԳ նախարար Եոհան Վադեֆուլը Neue Osnabrücker Zeitung գերմանական թերթին տւած հարցազրոյցում նշել էր, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցութիւնն «անշրջելի» է:
«ՆԱՏՕ-ում մենք համատեղ համաձայնութեան ենք եկել, որ Ուկրաինան պաշտպանական դաշինքին միանալու ճանապարհին է, եւ որ այդ ճանապարհն անշրջելի է։ Գերմանիան հաւատարիմ է այս որոշմանը»,- ասել է Վադեֆուլը։