ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական

Արաղչի. «Փեզեշքիանի այցը Հայաստան կենտրոնացած է տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտէզի կայունութեան ապահովման վրայ»

«ԱԼԻՔ» – «Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցը Հայաստան կենտրոնացած է Հարաւային Կովկասի աշխարհաքաղաքական քարտէզի անփոփոխ մնալու ապահովման վրայ»: Այս մասին յայտարարել է ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին՝ կրկին ընդգծելով, որ պաշտօնական Թեհրանը կտրականապէս դէմ է սահմանների ցանկացած փոփոխութեան կամ տարածաշրջանում օտարերկրեայ ռազմական ուժերի ներկայութեանը։

ԻՌՆԱ-ի հետ զրոյցում, ԱԳ նախարարը նշել է, որ այցը հնարաւորութիւն կը տայ եւս մէկ անգամ ընդգծել Իրանի մտահոգութիւնները եւ այս հարցում հանգստացնող մեխանիզմի հասնել։

«Մեր հիմնական մտահոգութիւնն այն է, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքականութեան մէջ որեւէ փոփոխութիւն տեղի չունենայ, որ օտարերկրեայ ուժեր չմտնեն տարածաշրջան։ Մեզ անհանգստացնում է, օրինակ, որոշ երկրներում սիոնիստական ռեժիմի ներկայութիւնը կամ Եւրոպական միութեան՝ այստեղ հաստատւելու փորձերը»,- յատրարաել է Արաղչին:

Մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը յստակեցրել է, որ «աշխարհաքաղաքական փոփոխութիւններ» սահմանումի վերաբերեալ պաշտօնական Թեհրանի ընկալումը վերացական չէ:

«Աշխարհաքաղաքական փոփոխութիւններ ասելով մենք հասկանում ենք միջազգայնօրէն ճանաչւած սահմանների փոփոխութիւնը, դրանց վերանայումը կամ տարածաշրջանի պետութիւնների ինքնիշխանութեան ու տարածքային ամբողջականութեան խաթարումը:

Մենք շատ յստակ ենք եղել, որ չենք հանդուրժելու սա եւ մեր քաղաքականութիւնը միշտ էլ յստակ է եղել»,- ասել է նա։

Արաղչին նաեւ յստակ արտայայտել է Թեհրանի մտահոգութիւնները ենթակառուցւածքային նախագծերի պատրւակով ԱՄՆ-ի հնարաւոր ներգրաււածութեան վերաբերեալ։

«Մեր մէկ այլ մտահոգութիւնն այն է, որ այս ճանապարհը կարող է պատրւակ դառնալ տարածաշրջանում ամերիկեան ուժերի ներկայութեան համար»,- ասել է նա՝ նշելով, որ վերջին օրերին հայ բարձրաստիճան պաշտօնեաները, այդ թւում՝ ՀՀ վարչապետը, վստահեցրել են, որ ԱՄՆ ուժերը, ինչպէս նաեւ ամերիկեան մասնաւոր անվտանգութեան ընկերութիւնները ոչ մի դէպքում չեն մտնի Հայաստան այս ճանապարհի պատճառով։

ԱԳ նախարարն ընդգծել է, որ այս բոլոր հարցերը մանրամասն կը քննարկւեն նախագահ Փեզեշքիանի այցի ընթացքում։

«Նրանք մեզ ասել են, որ տեղեակ են Իրանի կարմիր գծերի մասին եւ ապագայում կը յարգեն դրանք: Այնուամենայնիւ, մենք կը շարունակենք ուշադիր հետեւել այս հարցին»,- յստակեցրել է նա:

Related Articles

Back to top button