ՈՐ ՆՐԱՆՔ ՉՄՈՌԱՆԱՆ
Աննա Միրզոյեան, 33 տարեկան
Ինձ համար ընկնելն ու նորից ոտքի կանգնելը նոր բան չէ։ Տասը տարի առաջ, երբ աւտովթարում ամուսինս մահացաւ, ես հասկացայ, որ ինքս պէտք է ոտքի կանգնեմ։ Ճիշտ է՝ ծնողներս ինձ շատ են օգնել, բայց ես յստակ գիտակցել եմ, որ իմ աղջկայ ապագայի պատասխանատուն ես եմ… Երեւի այդ պատճառով է, որ ես տեղահանութիւնից յետոյ կարողացայ մի փոքր արագ կողմնորոշւել:
Արցախում ես աշխատում էի էկոնոմիկայի նախարարութիւնում ու քանի որ աշխատանքովս շատ ծանրաբեռնւած չէի, սկսեցի տանը թխւածք պատրաստել։ Ընթացքում սիրելի զբաղմունքս դարձաւ բիզնես, հիմա փորձում եմ այն կայացնել։
Նախկինում, երբ մի քանի օրով Երեւան էինք գալիս, փորձում էի գրական հայերէն խօսել, Արցախի բարբառով չէի խօսում, բայց հիմա այդպէս չեմ անում։ Ես հպարտանում եմ, որ Արցախից եմ, ցաւս չեմ ուզում թաքցնել։ Չեմ ցանկանում, որ ինչ-որ մէկն ինձ խղճայ, ուզում եմ բոլորը յիշեն, որ մարդիկ դժւարութիւններ են ապրել, դժւարութիւններ յաղթահարելով փորձում են նոր կեանք կառուցել։
Գուցէ դաժան հնչի, բայց ուզում եմ, որ իմ աղջիկը ցաւը ապրի Արցախի համար, որ տարիներ յետոյ, երբ խօսք գնայ Արցախի մասին, անտարբերութիւն չզգայ։ Եթէ հիմա ինքը չպատկերացնի, մենք չխօսենք, մենք չյիշենք, տարիներ յետոյ ինքն այդ կորուստը չզգայ, այդ ամէնն ուղղակի կը կորի։
Ալբերտ Առուշանեան, 53 տարեկան
Մեր ապրումները յաճախ հնարաւոր չէ նկարագրել։ Պահ է լինում, որ այստեղ կախած մեր դրօշին նայում ենք ու յուզւում։ Կամ կարող է պատուհանից դուրս նայենք ու մեր տունը տեսնենք։ Չգիտեմ, թէ ինչը ոնց է լինելու, բայց լաւ բան չկայ։ Այս վիճակը, որում մենք յայտնւել ենք, շատ ծանր է, ու ուզում ենք, որ ոչ մէկի հետ նման բան երբեք չլինի։
Մեր հարազատների գերեզմաններն ենք թողել ու չես կարող մի ծաղիկ դնել, սիրտդ հովանայ։ Մարդիկ կան, ասում են՝ մնայիք, կռւէիք, մինչեւ վերջին զոհը մնայիք։ Բայց չեն մտածում, որ այդ վերջին զոհը կարող էին դառնալ 3 տարեկան երեխաները։ Շատերը չեն պատկերացնում, թէ ինչ վիճակից ենք մենք դուրս եկել։
Ես կարի արտադրամաս եմ բացել, աշխատում ենք, մեր ձեռքի գործն ենք անում, նաեւ երբ ուրիշ արցախցիներ իրենց գործը բացելուց խնդիրներ են ունենում, անպայման գնում եմ իրենց մօտ, փորձում եմ օգնել, որովհետեւ այսօր մեզնից ով ինչ էլ անի, շատ բանի յոյս չունի, մենք ամէն օրւայ մեր հոգսն ենք հոգում։
Չգիտեմ՝ կը կարողանամ հաշտւել եղածի հետ, թէ ոչ, բայց այս պահին կարեւորը ընտանիքիս կարիքները հոգալն է։ Կարող է երէխեքը շուտ յարմարւեն, բայց մեր տարիքի համար երեւի անհնար է։ Մենք մինչեւ մեր կեանքի վերջ կը մնանք թաց աչքերով մեր դրօշին նայող ու պատուհանից դուրս մեր հին բակը տեսնող արցախցիներ։
Լիաննա Յակոբեան, 56 տարեկան
Մենք Երեւանում 11 հոգով ենք, վարձով ենք ապրում։ Արցախում էլ եմ կարով զբաղւել, այստեղ էլ եմ նոյնն անում։ Ամենադժւարը տուն փոխելն էր, տեղից տեղ գնալն էր։ Փորձել ենք տարբեր տեղեր աշխատել, բայց չենք հարմարւել, ֆինանսապէս այն չի եղել, չի ստացւել։
Սեպտեմբերից երեխաներն սկսեցին դպրոց գնալ, ծախսերն աւելացան, դժւարութիւնները շատացան, բայց փորձում ենք աւելի շատ աշխատել, որ երեխաները լաւ լինեն։
Ինձ իմ ապրումները յաղթահարել օգնում է 3 տարեկան թոռս, որի հետ շփւելով՝ այնքան եմ հեռանում իրականութիւնից, իր փոքր խօսքերից կամ խաղերից ուրախանում եմ, կարծես կտրւեմ ամէն ինչից։
Թւում է, թէ փոքրերն արդէն իրենց հունի մէջ են մտել, հանգիստ ապրում են, բայց վերջերս մի ուղղաթիռ էր թռնում, ու թոռս ուշադիր նայում էր։ Հարցրի՝ ուղղաթիռն ո՞ւր է գնում։ Ասաց՝ տուն, հարցրի տունդ որտե՞ղ է, ասաց՝ Արցախ։ Երեխայ է, նոր է խօսել սովորում, բայց իր մէջ այդ գիտակցութիւնն արդէն կայ։
Ես դեռ յոյս ունեմ, որ մի օր յետ եմ գնալու Ստեփանակերտ, չնայած հասկանում եմ, որ այս պահին դա խելքին մօտ բան չէ։ Երեւի երազանքներն ու յոյսն են, որ հիմա մեզ ուժ են տալիս։
Դաւիթ Բեգլարեան, 15 տարեկան
Հայրս ինձ չեմպիոն էր ասում։ Ինչ անում էի, ասում էր, որ լաւագոյնն եմ։ Արդէն մէկ տարի է, ինչ նրանից ոչ մի լուր չունենք։ Նա Ստեփանակերտում բենզալցակայանի պայթիւնից յետոյ անհետ կորած 21 անձանցից մէկն է։
Հայրս իր ամբողջ կեանքը նւիրել է հայրենիքին։ Ամէն անգամ հրաշքով փրկւել է։ Արիութեան ու Շուշիի ազատագրման մեդալներ ունի։
Ես զբաղւել եմ երգով եւ եղել եմ այն արցախցի երեխաների թւում, որոնք Հայաստան էին ժամանել Մանկական Եւրատեսիլին մասնակցելու, եւ Արցախի շրջափակման պատճառով չէին կարողանում տուն վերադառնալ։ 47 օր մնացել ենք Երեւանում։
Մի հարցազրոյցում, որտեղ հարցրել էին, թէ տուն հասնելուն պէս առաջինը ում եմ համբուրելու, ասել էի՝ մամ, կը ներես, պապային։
Ես ու մայրս վերջիններից էինք, ովքեր դուրս եկան Ստեփանակերտից, քանի որ մինչեւ վերջին պահը հօրիցս լուր էինք սպասում։
Երեւանում երեքով ենք ապրում՝ ես, մայրս ու տատիկս։ Մայրս երեք տեղ աշխատում է, որ մեզ ապահովի։
Երբ ինձ հարցնում են, թէ որն է երազանքս, լռում եմ։ Պարզ չէ՞, թէ ինչի մասին եմ երազում։
Աիդա Առուստամեան, 57 տարեկան
17 տարեկանից գորգագործութեամբ եմ զբաղւում։ 40 տարւայ փորձ ունեմ։ Բայց իմ գործած գորգերի մեծ մասը մնացին Ստեփանակերտում։ «Արցախ Կարպետ»-ի 1000-ից աւել գորգ մնացել է թշնամուն, դրանք հնարաւոր չի եղել տեղափոխել։
Արցախում շատ լաւ արհեստաւորներ կային, գորգագործութիւնը մեծ զարգացում էր ապրում։ Մեր աշխատանքները մասնակցել են միջազգային ցուցահանդէսների եւ յայտնւել մասնաւոր հաւաքածուներում։ Բայց Հայաստանում ոչ բոլորին է յաջողւում աշխատանք գտնել իրենց մասնագիտութեամբ։ Միայն մի քանի արհեստաւորներ աշխատանքի անցան Երեւանի «Արցախ-Կարպետ» փոքրիկ ընկերութիւնում։ Մնացածը ցրւած են մարզերով, որտեղ չկայ գորգագործական արտադրութիւն կամ այլ աշխատանք։
Տեղահանման ժամանակ մեր ընտանիքը, բացի փաստաթղթերից ու մանկական իրերից, ոչինչ չի վերցրել իր հետ։ Ամէն ինչ թողել եմ այնտեղ՝ գործիքը, թելերը, գորգերի ուրւանկարները, իմ գործած գորգերը։ Երեւի ամենակարեւոր բանը, որ ինձ հետ է մնացել, գորգ գործելու իմ հմտութիւնն է, որն այսօր իմ հաց վաստակելու միջոցն է։
Հակարիի կամուրջն ադրբեջանցիների վերահսկողութեան ներքոյ անցնելիս ես միայն աղօթում էի, որ երեխաներին ոչինչ չպատահի։ Հասնելով Հայաստան՝ հանգիստ շունչ քաշեցի, որ ողջ մնացինք։ Բայց եւ մտածում էի, որ նման անարդարութիւն չի կարող լինել, եւ մենք տուն կը վերադառնանք, ինչպէս վերադարձանք 44-օրեայ պատերազմից յետոյ։ յոյսը չի մարում, բայց ես դրան աւելի ու աւելի քիչ եմ հաւատում։
Արցախցի արհեստաւորները, արւեստագէտները, երաժիշտներն աջակցութեան կարիք ունեն, որպէսզի վերսկսեն ստեղծագործել, իրենց աշխատանքները շուկայում ներկայացնեն եւ շարունակեն մշակութային արժէքներ ստեղծել: