Փեզեշքիանը՝ Փաշինեանի հետ հեռախօսազրոյցում. Իրանը միշտ ողջունել է խաղաղութեան հաստատումը, յատկապէս, իր հարեւանների միջեւ

«ԱԼԻՔ» – Նախագահ Մասուդ Փեզեշքիանը եւ ՀՀ վարչապետը հեռախօսազրոյցի միջոցով միմեանց տեղեակ են պահել կովկասեան վերջին զարգացումների շուրջ, յայտնում է Հանրապետութեան նախագահի մամլոյ ծառայութիւնը:
Աղբիւրը յաւելել է, որ Փեզեշքիան-Փաշինեան հեռախօսազրոյցը տեղի է ունեցել կիրակի՝ մարտի 16-ի առաւօտեան, որով ի լրումն երկկողմ յարաբերութիւններին առնչւող հարցերի, կողմերը մտքեր են փոխանակել կովկասեան տարածաշրջանի վերջին զարգացումների, այդ թւում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետութեան միջեւ խաղաղութեան պայմանագրի նախագծի համաձայնագրի շուրջ։
«Իրանը միշտ ողջունել է տարածաշրջանում խաղաղութեան, մերձեցման եւ կայունութեան հաստատումը, յատկապէս իր հարեւանների միջեւ պահպանելով երկրների տարածքային ամբողջականութիւնը»,- զրոյցի ընթացքում յստակեցրել է Փեզեշքիանը։
Նախագահն անդրադարձել է նաեւ Թեհրանի եւ Երեւանի միջեւ բարիդրացիական եւ զարգացող յարաբերութիւններին, ընդգծելով երկու երկրների բարձրաստիճան պաշտօնեաների վճռականութեան եւ յատուկ վերաբերմունքի անհրաժեշտութիւնը՝ արագացնելու համար երկկողմ համաձայնագրերի իրականացման գործը:
Աղբիւրի համաձայն, Հայաստանի վարչապետը բարձր է գնահատել Իրանի նախագահի մօտեցումը երկկողմ յարաբերութիւններում դինամիկ ընթացքն ապահովելու կամքը, եւ ընդգծել Հայաստանի շահագրգռւածութիւնն ու վճռականութիւնը երկու երկրների միջեւ ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների իրականացման գործում։
Ընթացքում Փաշինեանը դոկտ. Փեզեշքիանին տեղեկացրել է «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան եւ միջպետական յարաբերութիւնների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի եւ համաձայնեցման շուրջ բանակցութիւնների աւարտի մասին։