Ռոբերտ Բեգլարեանը՝ Արցախի վերջին իրավիճակի մասին. «Աւելի քան 100 հազար արցախահայեր լքել են իրենց բնօրրանը»
«ԱԼԻՔ» – Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորի հաւաստմամբ մինչեւ սեպտեմբերի 30-ը, աւելի քան 100.000 հայեր լքել են Լեռնային Ղարաբաղը, Հայաստանում ապաստան գտնելու նպատակով։
Ռոբերտ Բեգլարեանը երէկ իրանական «Ֆարազ» լրատւական կայքին տւած հարցազրոյցում պատմելով այս մասին յիշեցրել է, որ Բաքուն պնդում էր, որ ցանկանում է ինտեգրել արցախահայութեանը, սակայն ինչպէս երեւում է այնտեղ այլեւս ոչ ոք չի մնացել։ «Ղարաբաղում կատարւածն իր տեսակով էթնիկ զտումներ էին»,- ընդգծել է հայազագի պատգամաւորը:
«Լեռնային Ղարաբաղ, տարածաշրջան, որտեղ ոչ վաղ անցեալում բնակեցւած էր հայերով, որոնք միշտ մեծամասնութիւն են կազմել: Այժմ հայերը վերածւել են բացարձակ փոքրամասնութեան քանի որ մէկը միւսին հետեւելով, էթնիկ զտումներից խուսափելու նպատակով լքում են իրենց տները՝ ապաստան գտնելով Հայաստանում։ Լեռնային Ղարաբաղի միջադէպը եւ Ադրբեջանի գործողութիւններն ու կեցւածքն այդ տարածաշրջանում լուրջ սպառնալիք են ոչ միայն Հայաստանի, այլեւ Իրանի համար»,- եզրակացրել է Բեգլարեանը։
Ռոբերտ Բեգլարեանը յիշեցնելով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ 2020 թւականի հակամարտութիւնը նշել է, որ այն յանգեցրեց նոյեմբերի համաձայնութեանը, ինչը շահաւէտ էր միայն Բաքւի համար: «Այդ համաձայնագրով Ադրբեջանը երաշխաւորը պիտի լինէր Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ հաղորդակցութեան կապի, Լաչինի միջանցքով: Այդ պայմանաւորւածութիւնը Բաքուն տարբեր պատրւակներով խախտել է հէնց առաջին օրերից։ Միաժամանակ Բաքուն Թուրքիայի աջակցութեամբ շարունակում էր ճնշում բանեցնել Հայաստանի վրայ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութեան եւ Հայաստանի արեւելքում Ադրբեջանի միջեւ ցամաքային ճանապարհ տրամադրելու համար, ինչն անցնելով Հայաստանի տարածքով շուրջ 41 կիլոմետր երկարութեամբ ճանապարհ է: Իսկ խնդիրն առաւել բարդացաւ, երբ այդ ճանապարհը հետագայում սկսեցին կոչել «Զանգեզուրի միջանցք»,- նշել է պատգամաւորը:
Սիւնիքում իրանական խաղաղապահ ուժերի ներկայութեան անհրաժեշտութիւն կայ
Ռոբերտ Բեգլարեանն անդրադառնալով Հայաստանի հարաւային շրջանի նկատմամբ Բաքւի նկրտումներին նշել է, որ տարածաշրջանի անվտանգութիւնը երաշխաւորելու նպատակով առաւել ընդգծւած է դարձել Իրանի դերը: «Բաքւի նկրտումները կրկնակի կարեւորութիւն է ստանում, քանի որ այն ստեղծել է տարածաշրջանի սահմանների եւ աշխարհաքաղաքական փոփոխութիւնների գծով ռիսկային իրավիճակ։ Խնդիր, որը, եթէ իրականութիւն դառնայ, կարող է յանգեցնել Իրանի աշխարհաքաղաքական շրջափակման, Իրանին զրկելով Հայաստանի եւ Եւրոպայի հետ իր ցամաքային սահմանից»,- նշել է նա:
Հայազգի պատգամաւորը անդրադառնալով Արցախում վերջին իրավիճակի եւ Իրանի վրայ թողած ազդեցութեան հարցին, նշել է. «Ղարաբաղում իրականացւող էթնիկ զտումների հիմքում ակներեւ է Թուրքիայի եւ Իսրայէլի անհերքելի դերը»:
«Զանգեզուրի միջանցք»-ի էութեան մասին հարցին եւ այն, որ ինչպիսի՞ն է լինելու Իրանի մօտեցումը Ադրբեջանի կողմից վարած միջանցք կառուցելու քաղաքականութեան նկատմամբ, նա պատասխանել է. «Այն միջանցքը, որի մասին այս օրերին խօսւում է, կապ չունի այսօր Ղարաբաղում տեղի ունեցած միջադէպի հետ։ 2020 թւականի պատերազմից յետոյ, ընդհանուր առմամբ, բոլոր այն տարածքները, որոնք մի ժամանակ գտնւում էին Ղարաբաղի հայերի հսկողութեան տակ, ինչպիսին նաեւ Իրանի սահմանակից շրջանները, այժմ անցել են Բաքւի վերահսկողութեան տակ: Սա կարծես հնարաւորութիւն տւեց Բաքւին, որ հակառակ նոյեմբերի 9-ի համաձայնագրի 9-րդ կէտի, Հայաստանին ներկայացնի նաեւ միջանցքի պահանջ: Բաքուն իր պնդումը հիմնաւորում է նրանով, որ դա իբր նախատեսւած էր Լակչինի միջանցքի դիմաց։ Իլհամ Ալիեւի կառավարութիւնը դեռ շարունակում է պնդել նոյնը: Քանի որ ինչ-որ կերպ Ռուսաստանը, Թուրքիան, եւ նաեւ, մի քանի այլ երկրներ Ադրբեջանի հիմնական հողից Հայաստանի տարածքով դէպի Նախիջեւան տանող միջանցք ստանալու ցանկութիւն ունեն։ Ցանկացած միջանցք լինելու է Իրանի եւ Հայաստանի սահմանին զուգահեռ: Իսկ Բաքւի պնդումները խօսում են այն մասին, որ այն պէտք է լինի ամբողջովին արտատարածքային՝ առանց հայկական ինքնիշխանութեան, որը վերահսկւելու է ռուսների կամ իրենց միջոցով։ Սա կարող է Ադրբեջանին դարձնել Իրանի համար բարդ աշխարհաքաղաքական տարածաշրջան։ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը բազմիցս է յայտարարել է, որ չի ընդունելու միջանցքի հետ կապւած սահմանային փոփոխութիւններ, ինչը բերելու է աշխարհաքաղաքական փոփոխութիւնների»։
Պատգամաւորը մատնանշել է, որ հաշւի առնելով խնդրի կարեւորութիւնը, եթէ Հայաստանի հետ Իրանի սահմանը անէանայ, ապա Իրանը գործնականում կորցնելու է իր հարեւաններից մէկին, եւ ընդգծել. «Երկրում այս սահմանների կապակցւածութիւնը, եւ ռազմավարական դերն ու նշանակութիւնը այնպիսին է, որ դրանց անէացումով Իրանը կրելու է անհամաչափ մեծ վնասներ ու կորուստ, եւ չեմ կարծում, որ Իրանը թերացում թոյլ կը տայ այս կապակցութեամբ եւ չի հանդուրժելու նման փոփոխութիւններ իր սահմաններում»: