Արքեպիսկոպոս, հոգեւոր աւանդոյթի ժառանգորդ եւ խղճի բանտարկեալ
(Միքայէլ Սրբազանի կենսագրական գծեր)

Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանը Հայ Առաքելական ժամանակակից եկեղեցու ամենավառ ու սկզբունքային դէմքերից մէկն է: Ծնւել է 1963 թ. դեկտեմբերի 27-ին Լենինականում (այժմ՝ Գիւմրի), մի ընտանիքում, որի հոգեւոր տոհմը սկիզբ է առնում Կիլիկիոյ Աթոռի Կաթողիկոս Աջապահեանների յայտնի տոհմից: Այդ ժառանգութիւնը դարձել է ոչ միայն կենսագրութիւն, այլեւ առաքելութիւն։
Դպրոցն աւարտելուց յետոյ ընդունւել է Գէորգեան հոգեւոր ճեմարան, սակայն կիսատ է թողել ուսումը զինւորական ծառայութեան մեկնելու համար։ 1987 թ. գերազանցութեամբ աւարտել է ճեմարանը, այնուհետեւ ծառայութիւն սկսել Ամենայն Հայոց Կաթողիկոսի քարտուղարութիւնում, ապա Եղեգնաձորի եւ Արցախի վանքերում: Նա դասաւանդել է, պաշտպանել է ատենախօսութիւնը, ստացել վարդապետի կոչում, շարունակել աստւածաբանական կրթութիւնը Հռոմում եւ դարձել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչը միջազգային եկեղեցական կառոյցներում:
2001 թւականից Աջապահեանը ղեկավարում է Շիրակի թեմը, որտեղ իրեն դրսեւորել է որպէս անկախ հոգեւոր առաջնորդ, որը պաշտպանում է Եկեղեցու ինքնավարութիւնը եւ նրա բարոյական առաքելութիւնը: Նա մէկ անգամ չէ, որ բանավէճի մէջ է մտել իշխանութիւնների հետ՝ քննադատելով անարդարութիւնը, կոռուպցիան եւ հոգեւոր արժէքների ոտնահարումը։ Նրա ձայնը հնչել է ամուր, ինչի համար էլ դարձել է թիրախ:
2025 թւականի հոկտեմբերի 3-ին արքեպիսկոպոսը դատապարտւել է երկու տարւայ ազատազրկման՝ իշխանութիւնը տապալելու հրապարակային կոչեր անելու մեղադրանքով։ Առիթը նրա՝ 2024 թւականի հարցազրոյցն էր, որտեղ նա խօսում էր քաղաքական կուրսի փոփոխութեան անհրաժեշտութեան մասին։ Լայն շրջանակները՝ իրաւապաշտպաններից մինչեւ հոգեւորականներ, այս գործը գնահատել են որպէս «բացայայտ քաղաքական հետապնդում»՝ ուղղւած եկեղեցական անկախ դիրքորոշման եւ խօսքի ազատութեան դէմ:
Միքայէլ Սրբազանը ոչ թէ պարզապէս արքեպիսկոպոս է, այլ շարունակականութեան պահապան, որը միաւորում է աւանդոյթն ու արդիականութիւնը: Նրա կենսագրութիւնը ծառայութեան, ուսման, դիմադրութեան եւ հաւատքի ուղի է: Նոյնիսկ հալածանքների պայմաններում նա հաւատարիմ է մնում իր կոչմանը՝ լինել հովիւ, որը չի վախենում ճշմարտութիւնն ասել։
Alpha News



