Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արա Զոհրաբեան. «Դատաւոր Արմինէ Մելիքսէթեանը պէտք է քրէական պատասխանատւութեան ենթարկւի»

«ԱԼԻՔ» «Դատաւոր Արմինէ Մելիքսէթեանը պէտք է քրէական պատասխանատւութեան ենթարկւի պաշտօնէական կեղծիքի եւ ակնյայտ անարդար դատավճիռ կայացնելու համար: Այս կապակցութեամբ մեր պաշտպանական թիմը համապատասխան հաղորդում կը ներկայացնի»: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է Միքայէլ Սրբազանի պաշտպան Արա Զոհրաբեանը։

Նա գրել է.

«Փաստաբան Արամ Վարդեւանեանը հրապարակաւ հարցեր է բարձրաձայնել, նշելով՝ «Միքայէլ Սրբազանին երկու տարով ազատազրկելու վճիռը կայացրած անձը ըստ փաստաբանական ակադեմիայի կանոնադրութեան.

1. Դրսեւորե՞լ է բարեկիրթ վարքագիծ, թէ՞ ոչ:

2. Բա՞րձր է պահել Փաստաբանական ակադեմիայի բարի համբաւը, թէ՞ ոչ:

Եթէ այս հարցերի պատասխանները բացասական են, իսկ կարծում եմ՝ ակնյայտ է, որ բացասական են, դիմում եմ Փաստաբանական ակադեմիայի ունկնդիր Արմինէ Մելիքսէթեանի կարգապահական պատասխանատւութեան եւ հեռացման հարցի քննարկման նպատակով» (մէջբերման աւարտ):

Նախ ցանկանում եմ տեղեկացնել, որ Փաստաբանական ակադեմիայի ունկնդրի հեռացման հարցը կարող է ներկայացւել խորհրդին միայն ռեկտորի կողմից:

Արամ Վարդեւանեանի առաջարկը երկու հարց է առաջացնում ՝

1. Որպէս դատաւոր դատավճիռ կայացնելիս, որքան էլ որ անարդար լինի դատավճիռը, արդեօք Արմինէ Մելիքսէթեանը կարող էր թո՞յլ տալ ՀՀ փաստաբանական ակադեմիայի իրաւական ակտերի խախտում, թէ՞ ոչ:

2. Հնարաւո՞ր է արդեօք կամայականօրէն հեռացնել ունկնդիր Արմինէ Մելիքսէթեանին ՀՀ փաստաբանական ակադեմիայից, թէ՞ ոչ:

Առաջին հարցի առնչութեամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ ՀՀ փաստաբանական ակադեմիայի կանոնադրութեամբ միայն կոպիտ խախտում թոյլ տալու դէպքում կարելի է ունկնդրին հեռացնել ակադեմիայից: Ընդ որում, կոպիտ խախտումները թւարկւած են կանոնադրութեան (ունկնդիրների վարքագծի կանոնների յաւելւածում) մէջ եւ Արամ Վարդեւանեանի ներկայացրած դրսեւորումներն այդ շարքում չեն:

Ինձ համար պարզ չէ, թէ ինչ է նշանակում «չի դրսեւորել բարեկիրթ վերաբերմունք»: Եթէ բարեկիրթ վերաբերմունք է դրսեւորել, բայց ամենաանարդար դատական ակտն է կայացրել: Սա ինչ ենք համարում:

Հետեւաբար, դատաւորի մասնագիտական գործունէութեան դրսեւորումները չեն կարող ՀՀ փաստաբանական ակադեմիայի ներսում ազդել նրա՝ որպէս ունկնդիր, սովորելու իրաւունքի վրայ:

Երկրորդ հարցի առնչութեամբ առ այն, թէ արդեօք հնարաւոր է կամայականօրէն հեռացնել ունկնդիր Արմինէ Մելիքսէթեանին, պատասխանում եմ՝ ՈՉ: Հնարաւոր չէ:

ՀՀ փաստաբանական ակադեմիայի ընթացակարգերը, այդ թւում՝ քննութիւնների ծածկագրման ռեժիմը, տարբեր դասախօսների, բողոքարկման յանձնաժողովի, վերայանձնման յանձնաժողովի յարաբերութիւնները կարգաւորող ակտերը եւ մեխանիզմները պաշտպանում են ունկնդրին ՀՀ փաստաբանական ակադեմիայի որեւէ պաշտօնատար անձի, այդ թւում՝ ռեկտորի կամայականութիւնից:

Արմինէ Մելիքսէթեանը որքան էլ անցանկալի անձ լինի ինձ համար, դա ոչ մի կերպ չի կարող ազդել նրա սովորելու իրաւունքի վրայ:

ՀՀ փաստաբանական ակադեմիան չի կարող անարդարութեամբ պատասխանել անարդար դատաւորին կամ որեւէ այլ կարգավիճակ ունեցող ունկնդրին:

Եթէ պէտք է անարդարութեամբ պատասխանենք անարդարին, ապա նշանակում է դէպի լաւը ոչինչ չի կարող փոխւել:

Յ. Գ. – Վերջաբանի փոխարէն, արդէն որպէս Միքայէլ Սրբազանի պաշտպան, պէտք է նշեմ, որ դատաւոր Արմինէ Մելիքսէթեանը պէտք է քրէական պատասխանատւութեան ենթարկւի պաշտօնէական կեղծիքի եւ ակնյայտ անարդար դատավճիռ կայացնելու համար: Այս կապակցութեամբ մեր պաշտպանական թիմը համապատասխան հաղորդում կը ներկայացնի»:

Related Articles

Back to top button