Կապանում Իրանի գլխաւոր հիւպատոս․ «Սիւնեցիներն այժմ իրենց աւելի հանգիստ են զգում»
Կապանում Իրանի գլխաւոր հիւպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը կարծում է, որ Կապանում Իրանի հիւպատոսութեան հիմնումից յետոյ սիւնեցիներն անվտանգային առումով իրենց աւելի հանգիստ են զգում։
«Ես լաւ յիշում եմ այն օրը, երբ Կապանում բացւեց հիւպատոսութիւնը։ Այն ժամանակւայ համեմատ ներկայումս, կարող ենք ասել՝ մարդկանց զգացողութիւնը 180 աստիճանով փոխւել է։ Կարծում եմ՝ մարդիկ այժմ աւելի հանգիստ են եւ դա մենք զգում ենք»,- News.am-ի հետ զրոյցում ասաց հիւպատոսը։
Մորթեզա Աբեդին Վարամինը հիւպատոսութեան աւելի քան մէկ տարւայ գործունէութիւնն արդիւնաւէտ է գնահատում։ Նրա խօսքով առաջնահերթութիւն են համարում երկու երկրների քաղաքացիների միջեւ շփումներն ակտիւացնելն ու փոխայցերն աւելացնելը։
«Կապանը փոքր լեռնային քաղաք է եւ նախկինում սահմանափակ յարաբերութիւններ է ունեցել սահմանից այն կողմ գտնւող Իրանի հետ։ Վերջին շրջանում, սակայն, շփումները բաւական ակտիւացել են։ Այս Ամանորին առաջին անգամ Կապանից մարդիկ աւտոբուսով Իրան մեկնեցին, որտեղ ծանօթացան Ջուլֆայի տեսարժան վայրերին, այցելեցին Սուրբ Ստեփանոս վանք։ Իրանից Հայաստան եկողները կանգ չեն առնում Կապանում, այլ միանգամից գալիս են Երեւան։ Պէտք է փորձենք այնպէս անել, որ թէ իրանցիների համար մեծացնենք հետաքրքրութիւնը Կապանի հանդէպ, թէ կապանցիների համար՝ Իրանի հանդէպ»,- նշեց հիւպատոսը։
Ըստ հիւպատոսի՝ ենթակառուցւածքային ոլորտում ծրագրերը կարող են մեծ դեր խաղալ շփումներն ակտիւացնելու առումով։
Յիշեցնենք, որ 2022 թւականի հոկտեմբերին Կապանում բացւեց Իրանի Իսլամական Հանրապետութեան գլխաւոր հիւպատոսութիւնը։