Քաղաքական

Կարո՞ղ է արդեօք Փաշինեանը Հայաստանի համար անել մի փոքր այն, ինչ Էրդողանն արել է Թուրքիայի համար

Վերջերս կարդացի «Կազմակերպւած յանցագործութեան եւ կոռուպցիայի լուսաբանման նախագծի» (OCCRP) կողմից հրապարակւած մի խորքային հետաքննութիւն՝ «Թրամփի թուրքական «սիրաբանութեան» հետեւում. օլիգարխներ, խարդախներ եւ բազմամիլիոն դոլարանոց լաբբիստական գործարք» վերնագրով։ Հեղինակներն են Օբրի Բելֆորդը եւ Ադամ Կլասֆելդը։

Առաջին պարբերութիւնն ամփոփում է բացայայտումները. «Թուրքիայի նախագահն անսովոր ուժեղ ազդեցութիւն է ունեցել Թրամփի վարչակազմի վրայ: Նոր հետաքննութիւնը ցոյց է տալիս, որ այդ յարաբերութիւնները ձեւաւորւել են մի շրջանակի կողմից, որտեղ ընդգրկւած էին Թրամփի ամենասիրելի լաբբիստը, Ուկրաինայի իմպիչմենթի սկանդալի առանցքային դէմքը, Կրեմլի հետ կապեր ունեցող օլիգարխը եւ ծովային փոխադրութեան մագնատը, որը մեղադրւում էր ահաբեկչութեան մէջ»:

Յօդւածը բացայայտում է այն մասնաւոր ճաշը, որը տեղի է ունեցել Վաշինգտոնի «Ուոթերգէյթ» հիւրանոցում 2017 թւականի յունւարի 19-ին՝ Թրամփի երդմնակալութիւնից մէկ օր առաջ։ Մասնակցել են չորս կարեւոր անձինք՝ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուն, լաբբիստ եւ Թրամփի երդմնակալութեան կոմիտէի փոխնախագահ Բրայան Բալարդը, Լեւ Պառնասը՝ Ուկրաինայում ծնւած, Թրամփին աջակցող նախաձեռնութիւնների խոշոր դոնորը, որը կազմակերպել էր հանդիպումը, ինչպէս նաեւ թուրք-ադրբեջանցի ծովային փոխադրութեան մագնատ Մուբարիզ Մանսիմովը, որը, ըստ Պառնասի, 25 միլիոն դոլար արժողութեամբ նաւթատար նաւ է նւիրել Թուրքիայի նախագահի ընտանիքին եւ թոյլ է տւել Էրդողանին օգտագործել իր անձնական ինքնաթիռը։ Ներկայումս նա Թուրքիայում կանգնած է դատարանի առաջ՝ ահաբեկչութեան մեղադրանքով։

Հանդիպման օրակարգում, ըստ OCCRP-ի, ներառւած էին «Թուրքիայի եւ նրա իսլամիստ ղեկավար Էրդողանի համար ԱՄՆ-ում լաբբինգ իրականացնելու երկու բազմամիլիոնանոց պայմանագրերը»։

Էրդողանի եւ Թրամփի միջեւ միջնորդների մեծ մասը գործարարներ եւ օլիգարխներ են, որոնք կապւած են նախկին խորհրդային հանրապետութիւնների հետ. «եւ նրանք գրեթէ բոլորն այժմ կամ բանտում են, կամ կանգնած են լուրջ քրէական մեղադրանքների առաջ ․․․․ Բալարդի հետ լաբբիստական պայմանագրերը կնքւել են Պառնասի եւ ծովային փոխադրութեան մագնատ Մանսիմովի, ինչպէս նաեւ Ֆարխադ Ախմեդովի օգնութեամբ, որը ԱՄՆ ֆինանսների նախարարութեան կողմից նշւած է որպէս ռուս օլիգարխ, որը սերտօրէն կապւած է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ․․․․ Պայմանագրերը, ի վերջոյ, ներառել են ամսական 125 հազար դոլարի գործարք, որով Բալարդի ընկերութիւնը պէտք է  ներկայացներ թուրքական պետական բանկը՝ «Հալկբանկը», որն ԱՄՆ-ում դատապարտւում է խարդախութեան, փողերի լւացման եւ պատժամիջոցների խախտման համար, ինչպէս ցոյց են տալիս հանրային փաստաթղթերը: Ըստ հաղորդումների, Թրամփը փորձել է չեղեալ համարել «Հալկբանկի» գործը»,-յայտնում է OCCRP-ը:

Բալարդի պայմանագրերին նախորդել են «լայնօրէն լուսաբանւած փորձերը, որոնց ընթացքում թուրք գործարարներն ու նախարարներն ապօրինաբար վարձել էին Թրամփի նախկին ազգային անվտանգութեան խորհրդական, պաշտօնաթող գեներալ Մայք Ֆլինին՝ որպէս լաբբիստ, եւ Թրամփի մէկ այլ խորհրդականի հետ քննարկել էին 10 միլիոն դոլարանոց ազդեցութեան արշաւ»։

Տարօրինակ շրջադարձով, OCCRP-ը հաղորդեց, որ Մանսիմովը եւ մէկ այլ գործարար գործընկերներ էին մի ամերիկահայի հետ, որն ԱՄՆ-ում դատապարտւել է 511 միլիոն դոլարի խարդախութեան սխեմայի համար։ ԱՄՆ հարկային ծառայութեան գործակալը «դատարանում պնդել է, որ խարդախներն անմիջականօրէն կապւած էին Էրդողանի հետ եւ ձեռք էին բերել Թուրքիայի կառավարութեան պաշտպանութիւնը»։

Պառնասն ասաց, որ իրեն Մանսիմովի հետ ծանօթացրել է Բելառուսում ծնւած Իգոր Ֆուրմանը, «որը Ջուլիանիի [Թրամփի խորհրդական] հետ աշխատել էր Ուկրաինայում նրա հետախուզական առաքելութիւնների շրջանակներում»: Պառնասը նաեւ ասաց, որ ինքը Բալարդից ստացել է երկու անվճար տոմս՝ Մանսիմովի հետ մասնակցելու Թրամփի երդմնակալութեան հանդիսութեանը: Ballard Partners-ը հերքել է այս պնդումը:

Թրամփի երդմնակալութիւնից երկու օր անց ադրբեջանցի օլիգարխ Ախմեդովը ժամանեց Մայամի իր 117 մետր երկարութեամբ «Լունա» զբօսանաւով, որ համարւում է աշխարհում երկրորդ ամենամեծ զբօսանաւը։ «Ախմեդովը հրապարակայնօրէն յայտարարել է, որ առնւազն երկու անգամ օգնել է լուծել Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ միջազգային վէճերը։ 2016 թւականին ռուսական պետական «Սպուտնիկ» լրատւամիջոցին տւած հարցազրոյցում Թուրքիայի արտգործնախարար Չաւուշօղլուն Ախմեդովին բնութագրել է որպէս արժէքաւոր դիւանագիտական միջնորդ….», հաղորդել է OCCRP-ը։ Նա նաեւ միջնորդել է ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ։

2017 թ. մայիսի 11-ին Ballard Partners-ը ստորագրեց իր առաջին՝ Թուրքիային առնչւող լաբբիստական պայմանագիրը երկրի կառավարութեան հետ ․․․․ Երկրորդ պայմանագիրը «Հալկբանկի» հետ ստորագրւեց օգոստոսին։ Միասին այս երկու պայմանագրերը բերեցին աւելի քան 4 միլիոն դոլար։ (Ballard-ը դադարեցրեց պայմանագիրը Թուրքիայի կառավարութեան հետ 2018 թ․ նոյեմբերի 15-ին՝ մի քանի օր անց այն բանից յետոյ, երբ Թրամփի վարչակազմը մեղմեց պատժամիջոցները՝ թոյլ տալով Էրդողանի վարչակազմին նաւթ գնել Իրանից։ Ընկերութեան «Հալկբանկի» պայմանագիրը դադարեցւեց 2019 թ․ հոկտեմբերին, երբ ԱՄՆ դաշնային դատախազները մեղադրանք առաջադրեցին բանկին), հաղորդեց OCCRP-ը։ «Հաղորդագրութիւնները նաեւ ցոյց են տալիս, որ Ախմեդովը որոշակի դեր է խաղացել աւելի ուշ կնքւած Ballard Partners-ի պայմանագրի շուրջ քննարկումներում, որը ստորագրւել էր 2018 թ. ապրիլին՝ Ադրբեջանի բռնատիրական կառավարութեան անունից լաբբինգ իրականացնելու նպատակով՝ ամսական 50 հազար դոլարով։ Ballard Partners-ը հերքում է այս պնդումը»։

«2017 թ. սկզբին բացայայտւեց, որ Թրամփի նախկին ազգային անվտանգութեան խորհրդական Մայք Ֆլինը, որը ստիպւած էր հրաժարական տալ այդ տարւայ փետրւարի 13-ին՝ ԱՄՆ-ում Ռուսաստանի  դեսպանի հետ չյայտարարւած կապերի պատճառով, գաղտնի կերպով վարձւել է որպէս չյայտարարւած օտարերկրեայ գործակալ Էրդողանի կառավարութեան կողմից։ ԱՄՆ դաշնային դատախազները հետագայում մեղադրանք առաջադրեցին թուրք-հոլանդացի գործարար Էքիմ Ալփթեքինին՝ այս սխեմայում նրա ենթադրեալ դերի համար, որը ներառում էր աւելի քան 500 հազար դոլարի  փոխանցում Թուրքիայի կառավարութեան կողմից Ֆլինի խորհրդատւական ընկերութեանը։ Դատախազները պնդում են, որ սխեման ղեկավարել են երկու թուրք նախարարներ։ Լաբբիստական փաստաթղթերը ցոյց են տալիս, որ դրանք եղել են արտգործնախարար Չաւուշօղլուն եւ Էրդողանի փեսան՝ Բերաթ Ալբայրաքը, որն այդ ժամանակ էներգետիկայի նախարարն էր։ Այդ ջանքերի շրջանակում Ֆլինը եւ նոյն թուրք պաշտօնեաները քննարկել էին նաեւ Էրդողանի մրցակից հոգեւորական Ֆեթուլլահ Գիւլենին Փենսիլւանիայում գտնւող իր տանից առեւանգելու եւ «թաքուն Թուրքիա տեղափոխելու» հարցը՝ մեղադրանքների առաջ կանգնեցնելու համար։ Այս մասին Wall Street Journal-ին պատմել է նախկին Կենտրոնական հետախուզական վարչութեան տնօրէն Մայքլ Վուլսին, որը ներկայ է եղել 2016 թ. սեպտեմբերի հանդիպմանը։ Ֆլինը հերքել է այս տեղեկութիւնը»,- յայտնում է OCCRP-ը։

«2016 թ. սեպտեմբերի 20-ի հանդիպման ժամանակ Վուլսին, որն այդ ժամանակ նաեւ Թրամփի նախընտրական քարոզարշաւի խորհրդականն էր, ասաց, որ հանդիպել է Ալփթեքինին եւ նրա մտերիմ գործընկեր Սեզգին Բարան Քորկմազին՝ ապարդիւն փորձելով ներկայացնել իր 10 միլիոն դոլարանոց ծրագիրը, որը նպատակ ունէր օգնել Թուրքիային՝ վարկաբեկելով Գիւլենին։ Քորկմազի դեմ առաջադրւած են մեղադրանքներ, որ նա կարեւոր դեր է խաղացել կէս միլիարդ դոլարի խարդախութեան սխեմայում, որը կազմակերպւել էր ամերիկահայ կազմակերպւած յանցաւորութեան գործիչ Լեւ Ասլան Դերմենի կողմից։ Դերմենը դատապարտւել է այս տարւայ սկզբին եւ դատարանում նշւել է, որ նա անձամբ կապւած է Էրդողանի հետ։ Երկու տղամարդկանց հետ սերտօրէն կապւած էր նաեւ Մանսիմովը։ Այդ ժամանակ, երբ նրանք զբաղւած էին ԱՄՆ-Թուրքիա յարաբերութիւնների միջնորդութեամբ, թէ՛ Մանսիմովը, թէ՛ Քորկմազը նաեւ բիզնեսում գործընկերներ էին ամերիկահայ կազմակերպւած յանցաւորութեան գործչի հետ։ Դերմենը, որը յայտնի է նաեւ որպէս Լեւոն Թերմենջեան, մարտին դատապարտւեց բարդ խարդախութեան համար, որը իրականացւել էր The Order կոչւող գաղտնի մորմոնական բազմակնութեան աղանդի անդամների հետ՝ ԱՄՆ կառավարութիւնից խարդախութեամբ ստանալու համար աւելի քան 500 միլիոն դոլարի կեղծ վերականգնւող վառելիքի հարկային արտօնութիւններ։ Լոս Անջելէսում բնակւող Դերմենը ունէր շքեղ աւտոմեքենաների հաւաքածու, շրջում էր թիկնապահներով եւ կաշառք էր կիրառում գաղտնի գործակալներ հաւաքագրելու համար՝ ոստիկանութիւնում, Միգրացիայի եւ մաքսային ծառայութիւնում, եւ, ըստ մեղադրանքների, նոյնիսկ Հետաքննութիւնների դաշնային բիւրոյում (ՀԴԲ)։  Թուրք գործարար Քորկմազը, ըստ մեղադրանքների, օգնել է խմբին տեղափոխել աւելի քան 130 միլիոն դոլար Թուրքիա, որտեղ թէ՛ նա, թէ՛ Դերմենը կապեր էին հաստատել Էրդողանի հետ։ ՀԴԲ գործակալ Թայլեր Հեթչերը նախադատական լսման ժամանակ վկայեց՝ Դերմենն ու Քորկմազը «իրենց հարստութիւնը օգտագործել են՝ Թուրքիայում իրենց գումարների համար անվտանգ ապաստան ապահովելու եւ նաեւ այն արտայանձնումից պաշտպանելու համար» ասաց Հեթչերը», համաձայն OCCRP-ի։ 

«Դերմենի նախկին ենթական՝ Դանիէլ Մաք Դայրը, որը հետագայում դարձել էր պետական ​​​​վկայ, լրագրողներին ասաց, որ ընկերութիւնը Մանսիմովի եւ Դերմենի միջեւ ընդհատւած համատեղ ձեռնարկութիւն էր՝ թուրքական կառավարութեան հետ հում նաւթի առաքման գործարք կնքելու համար ․․․․ Դերմենին այժմ սպառնում է մինչեւ 30 տարւայ ազատազրկում», հաղորդել է OCCRP-ը։

Էրդողան-Թրամփ կապի արդիւնքում «Թրամփի վարչակազմը յաճախ աչքի է ընկել  Էրդողանի բռնատիրական կառավարութեան շահերի նկատմամբ արտասովոր ընդունելի վերաբերմունքով»։ Թրամփի ազգային անվտանգութեան խորհրդական Ջոն Բոլթոնը իր յուշագրութիւնում գրել է, որ «ԱՄՆ նախագահը, չնայած խնդիրներով լի երկկողմ յարաբերութիւններին, կարծես թէ թուրք ղեկավարին համարում էր իր «լաւագոյն միջազգային ընկերներից» մէկը», հաղորդել է OCCRP-ը։

«ԱՄՆ Օտարերկրեայ գործակալների գրանցման մասին օրէնքի (FARA) շրջանակում ներկայացւած փաստաթղթերը ցոյց են տալիս, որ Թուրքիայի կառավարութիւնը եւ յարակից գործակալութիւնները միայն 2018 թւականին ծախսել են աւելի քան 7.3 միլիոն դոլար՝ հինգ ամերիկեան լաբբիստական ընկերութիւնների վրայ։ Ballard-ից բացի, հիմնական շահառուներից մէկը եղել է Mercury Public Affairs-ը, որը սերտ կապեր ունի [Թրամփի] վարչակազմի հետ», հաղորդել է OCCRP-ը։ Այս տարւայ սկզբին Հայաստանի կառավարութիւնը վարձել է Mercury-ին՝ տարեկան 600 հազար դոլարով։

Թրամփի հետ սերտ կապ ունեցող մի այլ անձ է թուրք գործարար Մեհմեթ Ալի Եալչինդաղը՝ «կիսա-պաշտօնական թուրքական կառոյցի»՝ թուրք-ամերիկեան բիզնես խորհրդի նախագահը։ Նա այժմ «մեղադրւում է Ֆլինին գաղտնի հաւաքագրելու մէջ իր ենթադրեալ դերի համար», ըստ OCCRP-ի։ Եալչինդաղը «համագործակցել է ԱՄՆ նախագահի հետ Ստամբուլի Trump Towers նախագծում ․․․․ Ըստ հաղորդումների՝ Եալչինդաղը սերտ յարաբերութիւններ ունի Թրամփի ընտանիքի հետ»։

Բոլթոնի խօսքով՝ Էրդողանը խնդրել է Թրամփին դադարեցնել «Ballard-ի յաճախորդի՝ «Հալկբանկի» դէմ յարուցւած քրէական հետապնդումը։ Գործը, որը ներառում էր միլիարդաւոր դոլարների լւացումը Իրանից՝ խախտելով ԱՄՆ պատժամիջոցները, ներգրաւում էր նաեւ Էրդողանին ու նրա փեսային՝ ֆինանսների նախարար Ալբայրաքին։ Բոլթոնը նկարագրել է մի դէպք, երբ Էրդողանը Թրամփին յանձնել է «Հալկբանկի» փաստաբանների մի դոսեէ, որով արդարացնում էր բանկին ցանկացած չարաշահումից։ Բոլթոնի խօսքով՝ Թրամփը թերթել է փաստաթուղթը, նախքան իր համոզմունքը յայտնելը»։

Միացեալ Նահանգների եւ Թուրքիայի նախագահների միջեւ սերտ կապի եւս մէկ ցուցիչ էր այն, որ Թրամփը յանկարծակի յայտարարեց, թէ հաւանութիւն է տալիս Թուրքիայի ներխուժմանը Սիրիայի հիւսիս՝ Էրդողանի հեռախօսազանգից յետոյ։

Ամերիկացի վետերան լրագրող Կարլ Բրնստինը «յունիսին հաղորդել է, որ Էրդողանը վայելել է ԱՄՆ նախագահի հետ հեռախօսակապի այնպիսի մակարդակ, որը չի ունեցել որեւէ այլ օտարերկրեայ ղեկավար։ «Մինչ այժմ Թրամփի ամենաշատ հեռախօսազրոյցները որեւէ պետութեան ղեկավարի հետ եղել է Էրդողանի հետ, որը երբեմն շաբաթական առնւազն երկու անգամ զանգահարել է Սպիտակ տուն եւ անմիջապէս միացւել նախագահին՝ Թրամփի հրահանգով»,- գրել է Բրնստինը։

Կարո՞ղ է արդեօք Փաշինեանը Հայաստանի համար անել մի փոքր այն, ինչ Էրդողանն արել է Թուրքիայի համար՝ փոխանակ ժամանակ վատնելու Կաթողիկոսի եւ Հայ Առաքելական Եկեղեցու հետ վէճերի վրայ։

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Կալիֆորնիա կուրիէր»

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Related Articles

Back to top button