ՄիջազգայինՔաղաքական

Գիւլեր. «Թուրքիան կարծում է, որ Սիրիայի նոր իշխանութիւնները քրդերին կը վտարեն երկրի ամբողջ տարածքից»

«ԱԼԻՔ» – Թուրքիան կարծում է, որ Սիրիայի նոր կառավարիչները, այդ թւում՝ Անկարայի կողմից աջակցւող Սիրիական ազգային բանակի (SNA), զինւած խմբաւորումը կը վտարեն YPG-ի քուրդ մարտիկներին Սիրիայի հիւսիս-արեւելքում զբաղեցրած բոլոր տարածքներից, յայտարարել է պաշտպանութեան նախարար Եաշար Գիւլերը, յայտնում է Reuters-ը։

«Մենք հաւատում ենք, որ Սիրիայի նոր ղեկավարութիւնը եւ Սիրիայի ազգային բանակը, որը նրա բանակի կարեւոր մասն է կազմում, սիրիացի ժողովրդի հետ միասին կազատագրեն ահաբեկչական կազմակերպութիւնների գրաւած բոլոր տարածքները»,- յայտարարել է Գիւլերը՝ զօրահրամանատարների հետ սիրիական սահմանում թուրքական զօրքերին այցելելու ժամանակ։

«Մենք նաեւ կը ձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները նոյն վճռականութեամբ, քանի դեռ մեր սահմաններից դուրս գտնւող ահաբեկչական բոլոր տարրերը չեն վերացւել»,- յաւելել է նա։

Թուրքիան սիրիական YPG խմբաւորումը դիտարկում է որպէս Քրդստանի Բանւորական կուսակցութեան (PKK) մաս, որը 40 տարի շարունակ ապստամբական պայքար է մղում թուրքական պետութեան դէմ եւ Անկարայի, Վաշինգտոնի եւ Եւրամիութեան կողմից համարւում է ահաբեկիչ:

YPG-ն գլխաւորում է ԱՄՆ-ի կողմից աջակցւող «Սիրիայի դեմոկրատական ​​ուժեր» (SDF) դաշինքը, որը վերահսկում է Սիրիայի հիւսիս-արեւելքում գտնւող տարածքները: Երկու շաբաթ առաջ Սիրիայի նախագահ Բաշշար Ասադի տապալումից յետոյ, Թուրքիան եւ նրա աջակցած սիրիական խմբաւորումները կռւել են SDF-ի դէմ՝ գրաւելով Մանբիջ քաղաքը: Անկարան սիրիացի քուրդ զինեալներից պահանջել է ցրւել եւ կոչ է արել Վաշինգտոնին դադարեցնել աջակցութիւնը: Անցեալ շաբաթ ԱՄՆ բանակը խոստովանել է, որ Սիրիայի տարածքում  2000 զինծառայող ունի, ինչը երկու անգամ աւելի է, քան նախկինում յայտարարւում էր։

Related Articles

Back to top button