ՄիջազգայինՔաղաքական

Բաշշար Ասադը հրաժարական տալուց յետոյ առաջին յայտարարութիւնն է արել

«ԱԼԻՔ» – Սիրիայի նախկին նախագահ Բաշշար Ասադը Դամասկոսում մնացել է մինչեւ դեկտեմբերի 8-ի վաղ առաւօտը, երբ զինւած ընդդիմութիւնը մտել է քաղաք. նա լքել է երկիրը միայն նոյն օրը երեկոյեան, երբ փաստացի կորցրել էր վերահսկողութիւնը երկրի մնացած տարածքի վրայ։ Այս մասին ըստ միջազգային ԶԼՄ-ների՝ ասւած է իշխանութիւնից հեռանալուց յետոյ Ասադին վերագրւող առաջին յայտարարութիւնում։

«Ասադը մտադիր չէր հրաժարական տալ եւ չէր մտածում ահաբեկչական յարձակման օրերին ապաստան խնդրելու մասին (…) Այնուամենայնիւ, նախագահի համար իշխանութիւնը զաւթելուց յետոյ երկրում մնալն անիմաստ դարձաւ»,- ասւում է յայտարարութեան մէջ:

Նշւում է, որ Ասադը ճանաչել է կառավարական սիրիական արաբական բանակի եւ պետական ​​կառավարման համակարգի փլուզումը, ինչը, ըստ նրա՝ յանգեցրել է իր հրաժարականի որոշմանը: Բացի այդ, նա նշել է, որ սկզբում գնացել է Հմէյմիմ, իսկ այնտեղից թռել է Ռուսաստան՝ իմանալով Դամասկոսի վերջնական անկման մասին։

«Ասադի հեռանալը Սիրիայից պլանաւորւած չէր եւ տեղի չունեցաւ մարտերի վերջին ժամերին»,- ասւում է յայտարարութեան մէջ՝ յաւելելով. «Այն բանից յետոյ, երբ ապստամբները մտան Դամասկոս, նախկին նախագահը, ռուս դաշնակիցների հետ համակարգմամբ, տեղափոխւեց Լաթաքիա՝ հետեւելու ռազմական գործողութիւններին»:

«Այդ առաւօտեան «Հմէյմիմ» աւիաբազա ժամանելուն պէս պարզ դարձաւ, որ մեր ուժերն ամբողջութեամբ դուրս են բերւել մարտական ​​բոլոր գծերից, իսկ բանակի վերջին դիրքերն ընկել են։ Քանի որ անհնար էր լքել բազան, Մոսկւան դիմել է բազայի հրամանատարութեանը կիրակի՝ դեկտեմբերի 8-ի երեկոյեան, անյապաղ տարհանում կազմակերպելու խնդրանքով»,- ասւում է յայտարարութեան մէջ։

Ըստ Ասադի՝ այս իրադարձութիւնների ընթացքում ինքը «երբեք չի մտածել հրաժարական տալու կամ ապաստան փնտրելու մասին» եւ դրա համար առաջարկներ չի ստացել։

Related Articles

Back to top button