Կոբախիձէ. «Տեսնենք, թէ որտեղ է Զուրաբիշւիլին շարունակելու իր կեանքը՝ ճաղերի հետեւո՞ւմ, թէ՞ ազատութեան մէջ»
«ԱԼԻՔ» – Անկասկած է, որ արմատական ընդդիմութիւնը, այդ թւում՝ Սալոմէ Զուրաբիշւիլին, չեն կարող որեւէ լուրջ ծրագիր առաջարկել, նա պէտք է թողնի իր պաշտօնը դեկտեմբերի 29-ին, կը տեսնենք՝ որտեղ կը շարունակի իր կեանքը՝ ճաղերի հետեւո՞ւմ, թէ՞ ազատութեան մէջ, այսօր մամուլի ասուլիսում յայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձէն, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։
Ըստ Կոբախիձէի, Սալոմէ Զուրաբիշւիլիին մէկ շաբաթ էլ չի մնացել պաշտօնավարելու, ուստի այս շաբաթւայ ընթացքում նա ոչինչ չի կարող անել։
«Ճիշտ է նաեւ, որ որոշ եւրոպացի քաղաքական գործիչներ եւ պաշտօնեաներ ասում են, որ մինչեւ դեկտեմբերի 29-ը շատ բան կարող է լինել, բայց ես վստահեցնում եմ, որ մինչեւ դեկտեմբերի 29-ը առանձնայատուկ ոչինչ չի լինի: «Դիփ սթէյթը» (խորը պետութիւնը) չի յաղթի Վրաստանում, արմատական ընդդիմութիւնը չի յաղթի։ Հետեւաբար արմատական ընդդիմութեան, այդ թւում՝ Սալոմէ Զուրաբիշւիլիի կողմից ոչ մի լուրջ ծրագիր, հաստատ, չի ներկայացւի։ 29-ին նա պէտք է հրաժարական տայ, կը տեսնենք, թէ որտեղ է շարունակելու իր կեանքը՝ ճաղերի հետեւո՞ւմ, թէ՞ ազատութեան մէջ։ Կարծում եմ՝ նա բաւական խոհեմութիւն կունենայ՝ չխախտելու Քրէական օրէնսգրքի նորմերը»,- ասել է Կոբախիձէն։