Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արթուր Դանիէլեան. «Ադրբեջանը մեծացրել է ռազմական բիւջէն, իսկ Հայաստանը՝ նոյն ժամանակահատւածի համար նւազեցրել պաշտպանական ծախսերը»

«ԱԼԻՔ» –  «Ադրբեջանը մեծացրել է ռազմական բիւջէն, իսկ Հայաստանը՝ նոյն ժամանակահատւածի համար նւազեցրել պաշտպանական ծախսերը։ Սա պարզապէս թւերի համեմատութիւն չէ․ սա քաղաքական ուղերձ է, որն ուղղւած է թէ՛ ներսին, թէ՛ դրսին»: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է  «Մեր ձեւով» ժողովրդական շարժման անդամ Արթուր Դանիէլեանը։

«Երբ մի պետութիւն հետեւողականօրէն աւելացնում է ռազմական ծախսերը, այն ազդարարում է ուժի կիրառման պատրաստակամութիւն եւ քաղաքական կամք։ Երբ միւսը՝ նւազեցնում է, ընկալւում է որպէս ռազմավարական նահանջ, անկախ այն բանից, թէ ինչ ձեւակերպումներով է ներկայացւում հանրութեանը։

Պաշտպանական ծախսերի կրճատումը չի նշանակում խաղաղութիւն։ Պատմութիւնն արդէն ցոյց է տւել, որ խաղաղութիւնը չի ձեւաւորւում միակողմանի զիջումների կամ ինքնախաբէութեան միջոցով։ Այն կառուցւում է ուժերի հաւասարակշռութեան, ազգային համարժէք դիմադրողականութեան եւ պետական ինստիտուտների ամրութեան վրայ։

Այս ֆոնին հարցը պարզ է․

ո՞րն է Հայաստանի ռազմավարական նպատակը օրւայ իշխանութեան պատկերացմամբ։

Անվտանգ պետութի՞ւն, թէ՞ անվտանգային պատասխանատւութիւնից նահանջ։

Պետութեան հիմնական պարտականութիւնը սեփական քաղաքացիների անվտանգութիւնն է։ Ցանկացած իշխանութիւն, որն այդ պարտականութիւնը ստորադասում է կարճաժամկէտ քաղաքական հաշւարկներին կամ արտաքին գթասրտութեան սպասումներին, վտանգում է պետութեան ապագան։

Հայաստանին անհրաժեշտ է ուժեղ առաջնորդ, ով ոչ միայն խորութեամբ գիտակցում է գոյաբանական մարտահրաւէրները այլ նաեւ այդ ուղղութեամբ կատարում է գործուն քայլեր, այլ ոչ թուլութեան ցուցադրում՝ որպէս անվտանգութեան գրաւական»,-գրել է նա։

Related Articles

Back to top button