ՄիջազգայինՔաղաքական

Իսկ Իսրայէլի ԱԳՆ-ը ասում է. «Պաղեստինը, ի տարբերութիւն Սոմալիլենդի, «վիրտուալ» պետութիւն է»

«ԱԼԻՔ» – Իսրայէլի արտաքին գործերի նախարար Գիդէոն Սաարը երեքշաբթի օրը առանձնացւած տարածաշրջան կատարած այցի ժամանակ Պաղեստինը համեմատել է Սոմալիլենդի հետ՝ յայտարարելով, որ Պաղեստինը «վիրտուալ» պետութիւն է, մինչդեռ Սոմալիլենդը «վերականգնում է» իր անկախութիւնը: Այս մասին ըստ News.am-ի՝ հաղորդում է AFP-ն:

Սաարի յայտարարութիւնները Հարգէյսա քաղաք կատարած այցի ժամանակ հնչել են այն բանից յետոյ, երբ անցեալ ամիս Իսրայէլը դարձել է առաջին երկիրը, որը պաշտօնապէս ճանաչել է ինքնահռչակ Սոմալիլենդի Հանրապետութիւնը:

«Սոմալիլենդը որոշել է վերականգնել իր անկախութիւնը: Ի տարբերութիւն Պաղեստինի, Պաղեստինը…»,- ասել է նա՝ երկրորդ անգամ մատներով օդում չակերտներ ցոյց տալով,- «Սոմալիլենդը վիրտուալ պետութիւն չէ, այն գործող պետութիւն է: Սոմալիլենդը լիարժէք գործող երկիր է՝ հիմնւած միջազգային իրաւունքի սկզբունքների վրայ»,- յայտարարել է Սաարը Սոմալիլենդի առաջնորդ Աբդիրահման Մոհամեդ Աբդուլլահիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանիահուն անցեալ ամիս իր յայտարարութեան ժամանակ նշել է, որ Սոմալիլենդի ճանաչման հռչակագիրը համահունչ է «նախագահ Թրամփի նախաձեռնութեամբ ստորագրւած Աբրահամեան համաձայնագրերի ոգուն» եւ յաւելել է, որ Թել Աւիւը ձգտելու է Սոմալիլենդի հետ համագործակցութեան գիւղատնտեսութեան, առողջապահութեան, տեխնոլոգիաների եւ տնտեսութեան ոլորտներում: Սոմալիլենդը վայելում է արդիւնաւէտ ինքնավարութիւն, ինչպէս նաեւ յարաբերական խաղաղութիւն եւ կայունութիւն սկսած 1991 թւականից, երբ Սոմալիում սկսւեց քաղաքացիական պատերազմը, սակայն անջատւած տարածաշրջանը մինչ այս երբեւէ ճանաչում չէր ստացել որեւէ այլ երկրի կողմից: Տարիներ շարունակ Սոմալին միաւորել է միջազգային դերակատարներին՝ թոյլ չտալու համար որեւէ երկրի կողմից Սոմալիլենդի ճանաչումը: Այնուամենայնիւ, Իսրայէլի կողմից ճանաչումը, ինչպէս նաեւ Սաարի այցը առաջացրել են մի շարք երկրների, այդ թւում՝ Սոմալիի դատապարտումը:

Related Articles

Back to top button