ՄիջազգայինՔաղաքական

Թրամփի նոր «հակառուսական» դիրքաւորման տողատակը. ի՞նչ սպասել Հարաւային Կովկասում

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահի օգնական եւ Ուկրաինայի հարցերով յատուկ նախագահական բանագնաց Քիթ Քելլոգը Fox News-ին տւած հարցազրոյցում հաստատել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը թոյլատրել է Ուկրաինային իրականացնել հեռահար հարւածներ Ռուսաստանի տարածքում։

Նրա խօսքով՝ թէ՛ Թրամփի, թէ՛ փոխնախագահ Ջէյ Դի Վենսի եւ պետքարտուղար Մարկօ Ռուբիոյի յայտարարութիւնները յստակ վկայում են, որ Ուկրաինային թոյլատրւած է հարւածել Ռուսաստանի խորքային թիրախներին․

«Պէտք է օգտագործել հնարաւորութիւնը խորը հարւածներ հասցնելու համար։ Սրբավայրեր գոյութիւն չունեն»։

Քելլոգը շեշտել է, որ Թրամփը Գերագոյն գլխաւոր հրամանատարն է, եւ նրա հրամաններին պէտք է հետեւել. «Եթէ նախագահն ասում է՝ ձախ, պէտք է գնալ ձախ։ Եթէ ասում է՝ աջ, պէտք է գնալ աջ»։

Նրա խօսքից նաեւ հասկանալի է դարձել, որ Թրամփի վարչակազմը դեռեւս որոշում չի կայացրել Կիեւին Tomahawk հրթիռների հնարաւոր փոխանցման վերաբերեալ։

«Հաստատւել է, որ նախագահ Զելենսկին նախագահ Թրամփից թոյլտւութիւն է խնդրել «Tomahawk թեւաւոր հրթիռներ ստանալու համար։ Այդ որոշումը դեռեւս չի կայացւել, բայց նա այն խնդրել է»,- ասել է Քելլոգը։

ԱՄՆ նախագահը նախորդ շաբաթ էր յայտարարել, որ Ուկրաինան կարող է յետ վերցնել Ռուսաստանի կողմից գրաււած ամբողջ տարածքը, եւ, որ Կիեւը պէտք է այժմ գործի՝ հաշւի առնելով, որ Մոսկւան բախւում է «մեծ» տնտեսական խնդիրների:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին նշել է, որ նոյնիսկ, եթէ ԱՄՆ-ը Ուկրաինային Tomahawk հրթիռներ մատակարարի, ճակատում ոչինչ չի փոխւի:

«Կարեւոր է հասկանալ, թէ ով է ուղղորդելու եւ արձակելու Tomahawk հրթիռներն Ուկրաինայի տարածքից՝ ամերիկացիները, թէ իրենք՝ ուկրաինացիները»,- ասել է Պեսկովը:

Նրա խօսքով՝ Ուկրաինայի հետ բանակցութիւններում դադար է առաջացել, քանի որ Կիեւի ռեժիմը չի ցանկանում շարունակել երկխօսութիւնը:

168.am-ի հետ զրոյցում ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը կարծիք է յայտնել, որ գլոբալ հակամարտութեան շուրջ իրավիճակը նոր փուլ է թեւակոխում, որտեղ մի քանի փոփոխութիւններ կը լինեն, կախւած վերջին ամիսների զարգացումներից։

Նրա խօսքով՝ Թրամփի խաղաղապահ ձգտումները մասամբ խափանւեցին, քանի որ մի կողմից՝ Ռուսաստանը, միւս կողմից՝ Ուկրաինան ու եւրոպական մայրաքաղաքները բաւականին կոշտ են դիրքաւորւել, որովհետեւ այս կողմերի համար հակամարտութիւնը գոյաբանական նշանակութիւն ունի, ուստի նրանք պատրաստ չեն փոխզիջման գնալ:

«Թրամփի խաղաղարար պլանը կայանում էր արագ պայմանաւորւածութիւնը զիջումների շուրջ, իրավիճակի ողջ լրջութիւնն ամերիկեան կողմն ամիսներ առաջ թերեւս չէր հասկանում, իսկ հիմա հասկանում է, ուստի փորձում է սահուն դուրս գալ այդ խաղաղարար գործընթացից, որը չզարգացաւ ամերիկեան վարչակազմի պատկերացմամբ եւ այդ հարցում Ալեասկայի հանդիպումն ակնյայտօրէն առանցքային հանգրւան դարձաւ։ Ներկայումս Թրամփն ակնյայտօրէն փոխում է ռազմավարութիւնը, կարգաւորման հարցն այս փուլում թողնելով Եւրոպայի վրայ, սակայն պատրաստ է շարունակել զինել Ուկրաինային, եթէ Ուկրաինան պատրաստ է վճարել, քանի որ դա բիզնես է Թրամփի համար»,- ասել է Խրամչիխինը։

Նա գտնում է, որ Թրամփի այս նոր դիրքաւորումն Ուկրաինային ու Եւրոպային կը կանգնեցնի պատերազմական նոր մարտահրաւէրի առջեւ, երբ պէտք է զինել, աջակցել Ուկրաինային, որի համար Եւրոպան ստիպւած է լինելու ջանքեր ներդնել, այդ թւում՝ ՌԴ-ի դէմ պատժամիջոցներից, որոնց մասին Թրամփն է խօսում։

Վերլուծաբանի խօսով՝ Թրամփի ՄԱԿ-ի ելոյթն ուղղւած էր Ուկրաինային ու Եւրոպային, ինչպէս նաեւ Ռուսաստանին։

«Թրամփը ներկայումս իր գործընկերներին յորդորում է յաղթել պատերազմը, քանի որ նրանք ՌԴ-ն՝ թուլացած, իսկ Ուկրաինայի յաղթանակը հնարաւոր են համարում։ Իսկ ՌԴ-ին Թրամփը յորդորում է կրկին յաղթել, քանի որ ՌԴ-ն եւս զիջման պատրաստ չէ։ Այս դիրքաւորումը Ռուսաստանի նկատմամբ գաղափարական հիմք ունի։

Ի տարբերութիւն Բայդէնի վարչակազմի, որի համար Ուկրաինան միջոց էր ՌԴ թուլացման համար, Թրամփի համար Եւրոպան մրցակից է ու Ռուսաստանը միջոց է Եւրոպայի թուլացման համար։ Թրամփի վարչակազմն այս գաղափարական հիմքի վրայ է կառուցում իր քաղաքականութիւնը, ու երբ ելնում ենք հէնց այս դիրքորոշումից, ամէն բան պարզ է դառնում։ Ուստի ներկայումս Թրամփն ասում է՝ գնացէք յաղթելու, եթէ կարող էք, դրա համար հնարաւոր ջանքեր ներդնելով։ Թրամփն ու ԱՄՆ-ը անձամբ ՌԴ-ի դէմ լուրջ քայլեր չեն ձեռնարկում»,- այսպէս մեկնաբանեց իրավիճակը վերլուծաբանը։

Ըստ Խրամչիխինի՝ իր հերթին՝ ռուսական կողմը պէտք է ջանա հէնց այս վարչակազմի օրօք իր օգտին աւարտել պատերազմը։

Ըստ վերլուծաբանի՝ Թրամփի այս դիրքորոշումները գործում են նաեւ Հարաւային Կովկասում։ «Այստեղ Թրամփը ՌԴ դիրքերը լիովին թուլացնելու կամ ՌԴ-ի հետ մրցակցելու նպատակ չունի, այդ ռեգիոնում իրավիճակն այլ էր, ռուսական կողմը խուսափում է Կովկասում հնարաւոր սրացումներից եւ իր համար նոր ճակատի ակտիւացման հնարաւորութիւնից, ուստի աւելի պասիւ է դիրքաւորւած եւ Թրամփի նախաձեռնութեանը Ռուսաստանը դէմ չէ։ Սակայն ռեգիոնում ազդեցութիւն ունեցող ուժերը հասկանում են, որ տարածաշրջանային գործօնն ուժեղ է ռեգիոնում, շահերը բազմազան են, ռիսկեր կան, ուստի ՌԴ-ն ոչ ակտիւ, սակայն որոշակի աշխատանք է իրականացնում Իրանի, ինչպէս նաեւ Թուրքիայի հետ։ Կան մտավախութիւններ, որ Հարաւային Կովկասում Թրամփը չի ունենայ հետեւողականութիւն՝ պայմանաւորւածութիւնների կեանքի կոչման հետ կապւած։

Կարծում եմ՝ այստեղ եւս այս վարչակազմն իրավիճակն ամբողջութեամբ չի ընկալում, խօսքը վտանգների մասին է, այստեղ ամէն բան չէ, որ վերահսկելի է այս վարչակազմի համար։ Կան պայմանաւորւածութիւնները Վաշինգտոնում, սակայն կան նաեւ աւանդական տարաձայնութիւնները, թէեւ ՄԱԿ-ի ամբիոնից ռեգիոնալ երկրների ղեկավարները պնդեցին, թէ խաղաղութիւն է»,- ասել է նա։

Խրամչիխինի կարծիքով՝ հակամարտութեան պատճառների, պատմութեան, բարդութեան իմացութիւնն ամերիկեան կողմին թոյլ կը տար անընդհատ ռեժիմով միջնորդութիւն գեներացնել։

«Դա աւելի ազդեցիկ կը լինէր, կը հարթէր կողմերի միջեւ առկայ դեռեւս սուր անկիւնները, չէզոքացնելով ռիսկերը։ ԱՄՆ-ը իրավիճակը շատ աւելի պարզ է տեսնում, դա են ցոյց տալիս նաեւ ԱՄՆ նախագահ Թրամփի յայտարարութիւնները, որ հաստատել է խաղաղութիւն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, դա է ցոյց տալիս նաեւ այն, որ ԱՄՆ-ը Հարաւային Կովկասի իրավիճակին ծանօթանում է՝ խորհրդակցելով Թուրքիայի հետ»,- ասել է նա։

Վերլուծաբանը գտնում է, որ Թրամփի նոր դիրքաւորումն Ուկրաինայի հարցում նշանակում է, որ պատերազմը դեռ կը շարունակւի, եւ դա կանդրադառնայ ընդհանուր աշխարհաքաղաքական մթնոլորտի վրայ՝ այն դարձնելով անորոշ եւ ակտիւ։

«Բնականաբար, այդ գործընթացներն իրենց զգացնել կը տան նաեւ Հարաւային Կովկասում»,- նկատել է Խրամչիխինը։

Հարցազրոյցը՝ ԱՐԱՔՍ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆԻ

Related Articles

Back to top button