ՄիջազգայինՔաղաքական

Յակոբ Բադալեան. «ԱՄՆ նախագահի ընտրութեան արդիւնքը լինելու է ոչ թէ կեանքի, այլ մահւան յաղթանակ»

«ԱԼԻՔ» – Քաղաքական վերլուծաբան Յակոբ Բադալեանը «Տելեգրամ»-ի իր ալիքում անդրադարձել է ԱՄՆ նախգահական ընտրութիւնների հնարաւոր արդիւնքներին:

«Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը շատ բազմիմաստ է պատասխանել հարցին, թէ ԱՄՆ նախագահի թեկնածուներից ում օգտին է խորհուրդ տալիս քւէարկել ամերիկացիներին:

Ֆրանցիսկոս Առաջինն ասել է, որ «երկուսն էլ դէմ են կեանքին»: Նա ասել է, որ թեկնածուներից մէկը սպառնում է վտարել միգրանտներին՝ նրանց չտալով երկրում ապրելու ու զարգանալու հնարաւորութիւն, իսկ միւս թեկնածուն դէմ է աբորտների արգելքին: Պապը նշել է, որ գիտական ուսումնասիրութիւնը ցոյց է տալիս, որ երեխայի օրգանիզմը ձեւաւորւում է արդէն սաղմնաւորումից մէկ ամիս անց:

Պապի գնահատականն ինչո՞վ է ուշագրաւ: Նրան հարցնում են՝ ամերիկացիներին խորհուրդ կը տայ քւէարկել ո՞ր թեկնածուի օգտին: Պապը բնականաբար կարող է ասել, որ դա իր գործը չէ, այլ ամերիկացիներին, ու ամերիկացի ընտրողն էլ պէտք է կողմնորոշւի:

Բայց, նա տալիս է այլ պատասխան, ընդորում բազմիմաստ եւ փիլիսոփայական պատասխան՝ «երկուսն էլ դէմ են կեանքին»: Ըստ էութեան, սա նոյնիսկ ինչ որ իմաստով չարագուշակ պատասխան է, որ թէ՛ Թրամփի, թէ՛ Հարիսի յաղթանակի դէպքում, ի դէմս ԱՄՆ նախագահի ընտրութեան արդիւնքի՝ լինելու է ոչ թէ կեանքի, այլ մահւան յաղթանակ:

Չեմ կարծում, որ Ֆրանցիսկոս Պապը հէնց այնպէս շռայլում է խօսքեր, ձեւակերպումներ, բնորոշումներ: Նա թերեւս շատ լաւ է պատկերացնում իր պատասխանի բազմիմաստութեան հանգամանքը: Եւ տալիս է այդ պատասխանը, ըստ էութեան ԱՄՆ նախագահի ընտրութեան առնչութեամբ ինչ որ սպասման տողատակային ակնարկով:

Կասկածից վեր է, որ Պապին յայտնի է, եթէ չասենք քաղաքական խոհանոցի բոլոր պահարանների, ապա առնւազն մի զգալի մասի պարունակութիւնը, եւ նա այս կամ այն հարցի վերաբերեալ իր բնորոշումները եւ ձեւակերպումները բնականաբար սահմանում է ըստ իրազեկութեան իր աստիճանի:

Կրկնեմ, համոզւած եմ, որ ձեւակերպումը՝ «երկուսն էլ դէմ են կեանքին», բոլորովին պատահական չէ: Աւելին, ըստ իս, հետագայ պարզաբանումը, թէ ինչո՞ւ է համարում այդպէս, ունի թերեւս աւելի շուտ պարզապէս մեդիաիլիւստրացիայի նշանակութիւն, եւ առանցքը հետեւեալն է՝ «երկուսն էլ դէմ են կեանքին»»,- գրել է նա:

Related Articles

Back to top button