ՄիջազգայինՔաղաքական

Ինչպէ՞ս են արձագանգել համաշխարհային առաջնորդները Հռոմի Պապի մահւանը

«ԱԼԻՔ» – Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի մահւանն արձագանգել են տարբեր երկրների եւ միջազգային կառոյցների առաջնորդները:

Ֆրանսիայի նախագահ Էմմանուէլ Մակրոնը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին յարգանքի տուրք մատուցած աշխարհի առաջին առաջնորդներից էր, որը Պապին «ամենախոցելիների եւ փխրունների կողքին կանգնած խոնարհ մարդ» է անւանել:

Իտալիայի վարչապետը յայտարել է, որ խորապէս վշտացած է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահւան բոթից։ «Ես պատիւ եմ ունեցել վայելելու նրա բարեկամութիւնը»,-ասւած է Իտալիայի վարչապետի յայտարարութեան մէջ՝ յաւելելով, որ քահանայապետը «եւս մէկ անգամ աշխարհին յորդորեց քաջութիւն ունենալ՝ փոխելու ուղղութիւնը եւ գնալ ճանապարհով, որը «չի աւերում, այլ կատարելագործում, վերականգնում եւ պաշտպանում է»։

Սպիտակ տունը նոյնպէս յարգանքի տուրք է մատուցել Հռոմի Պապին։ «Հանգչիր խաղաղութեամբ, Ֆրանցիսկոս պապ»,- ասւած է հաղորդագրութեան մէջ։ Ուրբաթ Իտալիա ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջէյմս Դէյւիդ Վենսը հանգստեան օրերին կարճատեւ հանդիպում էր ունեցել Հռոմի Պապի հետ, յայտարարել է, որ ապրումակցում է «աշխարհի միլիոնաւոր քրիստոնեաներին, ովքեր սիրում էին նրան»։

Իսպանիայի վարչապետ Պեդրօ Սանչեսը գրել է. «Ես սգում եմ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահը. նրա նւիրւածութիւնը խաղաղութեանը, սոցիալական արդարութեանը եւ ամենախոցելիներին անհուն ժառանգութիւն է թողնում: Հանգչիր խաղաղութեամբ»:

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին յիշում է որպէս «բարի, ջերմ եւ զգայուն մարդու»: Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին ընդգծել է, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը «խաղաղութեան, սիրոյ եւ կարեկցանքի ձայնն էր»:

Եւրայանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գրել է, որ քահանայապետը միլիոնաւոր մարդկանց ոգեշնչել է «իր խոնարհութեամբ եւ անկեղծ սիրով պակաս բախտաւորների հանդէպ»: Նա նշել է, որ Պապի ժառանգութիւնը կը շարունակի մարդկութեանը առաջնորդել դէպի «աւելի արդար աշխարհ»:

Գերմանիայի ապագայ կանցլեր Ֆրիդրիխ Մերցը քահանայապետին «արդարութեան եւ հաշտութեան համար անխոնջ պայքար մղած մարդ» է անւանել։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ցաւակցութիւնն է յայտնել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահւան կապակցութեամբ: «Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մեծ միջազգային հեղինակութիւն է վայելել՝ որպէս քրիստոնէական ուսմունքի հաւատարիմ ծառայ, իմաստուն կրօնաւոր եւ պետական ​​գործիչ, մարդասիրութեան եւ արդարութեան բարձր արժէքների հետեւողական պաշտպան»,- նշել է Պուտինը։

Related Articles

Back to top button