Լարիջանին այցելել է Իրաք
Թեհրանը եւ Բաղդադը անվտանգութեան ոլորտում համագործակցութեան համաձայնագիր են ստորագրել

«ԱԼԻՔ» – Իրաք կատարած այցի շրջանակում, երէկ՝ օգոստոսի 11-ին, Ազգային Անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի լարիջանին հանդիպել է այդ երկրի նախագահ Աբդէլլաթիֆ Ռաշիդի հետ: Հաղորդում է «Թասնիմ»-ը:
Հանդիպման ընթացքում Իրաքի նախագահը նշել է, որ իր երկիրը շարժւում է դէպի բոլոր հարեւան երկրների հետ բարիդրացիական յարաբերութիւնների ձեւաւորման ուղղութեամբ, եւ ձգտում է ընդհանուր շահերի ու փոխադարձ յարգանքի վրայ հիմնւած գործընկերային յարաբերութիւնների հաստատմանը՝ այնպիսի ձեւով, որը կամրապնդի տնտեսական եւ անվտանգութեան ոլորտում համագործակցութիւնը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Թեհրանի եւ Բաղդադի միջեւ համագործակցութեան ընդլայնման ուղիները։
Նշենք, որ այցի շրջանակում դոկտ. Լարիջանին հանդիպել է նաեւ Իրաքի ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Քազեմ ալ Արաջիի եհտ:
Ինչպէս հաղորդում է «Մեհր»-ը՝ հանդիպման արդիւնքում Իրանն ու Իրաքը անվտանգութեան ոլորտում համագործակցութեան համաձայնագիր են ստորագրել:
Նշենք, որ այցի նախօրէին, Ալի Լարիջանին յայտարարել էր, որ «Մենք մշակել ենք անվտանգութեան համաձայնագիր Իրաքի հետ, որը շատ կարեւոր թեմա է։ Հարեւանների հետ յարաբերութիւններում Իրանի տեսակէտն ու մօտեցումը հիմնւած են այն փաստի վրայ, որ ուշադրութեան կենտրոնում է իրանցիների անվտանգութիւնը, բայց Իրանը ուշադրութիւն է դարձնում նաեւ հարեւան երկրների անվտանգութեանը»: