Փեզեշքիանը հեռախօսազրոյց է ունեցել Փաշինեանի հետ

«ԱԼԻՔ» – Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանը երէկ՝ օգոստոսի 11-ին, հեռախօսազրոյց է ունեցել ՀՀ վարւապետ Նիկոլ Փաշինեանի հետ:
Հեռախօսազրոյցի ընթացքում, ՀՀ վարչապետը նախագահ Փեզեշքիանին ներկայացրել է 2025 թւկանի օգոստոսի 8-ին Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցութիւնների արդիւնքները՝ շեշտլով այն հնարաւորութիւնները, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատւած խաղաղութիւնը բացում է տարածաշրջանի համար: Նա Հանրապետութեան նախագահին շնորհակալութիւն է յայտնել վաշինգտոնեան համաձայնութիւնների մասին օբիեկտիւ գնահատականներով հանդէս գալու համար:
Փեզեշքիանն իր հերթին Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ Հայաստանի միջեւ յարաբերութիւնները համարել է ռազմավարական, իսկ երկու երկրների միջեւ փոխգործակցութեան գործընթացը՝ կառուցողական, հիմնւած բարիդրացիութեան եւ կողմերի տարածքային ամբողջականութեան նկատմամբ փոխադարձ յարգանքի վրայ:
Նախագահը նշել է, որ Իրանը որպէս տարածաշրջանում խաղաղութեան, կայունութեան եւ անվտանգութեան խարիսխ, ողջունում է ցանկացած համաձայնագիր, որը յանգեցնում է խաղաղութեան ամրապնդմանը, յատկապէս տարածաշրջանի երկրների միջեւ։
Անդրադառնալով Հարաւային Կովկասում ԱՄՆ-ի մասնակցութեամբ տրանսպորտային միջանցքի նախագծի իրականացման համաձայնագրին, եւ ընդգծելով այս համատեքստում ՀՀ ինքինշխանութեան պահպանման եւ արտատարածաշրջանային ուժերի ռազմական եւ անվտանգային ներկայութեան բացառման անհրաժեշտութիւնն դրա իրականացման գործում, նա կոչ է արել յատուկ զգօնութիւն դրսեւորել ամերիկեան կողմի հնարաւոր գործողութիւնների վերաբերեալ, որոնք կարող են ներդրումների եւ անվտանգութեան ապահովման քօղի ներքոյ, տարածաշրջանում գերիշխանութիւն հաստատելու նպատակներ հետապնդեն:
«Պէտք է վստահ լինել, որ այս ուղին իսկապէս կը լինի խաղաղութեան եւ զարգացման ուղի, այլ՝ ոչ թէ արտատարածաշրջանային ուժերի գերիշխող նպատակներին հասնելու գործիք»,- ընդգծել է նախագահ Փեզեշքիանը:
Յաւելենք, որ երէկ կայացել է նաեւ երկու երկրների ԱԳ նախարարների՝ Սէյէդ Աբբաս Արաղչիի եւ Արարատ Միրզոյեանի հեռախօսազրոյցը, որի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Իրանի եւ Հայաստանի միջեւ առաջիկայ խորհրդակցութիւնների եւ բարձրաստիճան շփումների նախապատրաստման շուրջ: