Հայաստան - ԱրցախՔաղաքական

Երբ լեգիտիմալոյծներն ուզում են որոշել մեր Ազգային եկեղեցու ճակատագիրը

ԱՐՄԷՆ ՅԱԿՈԲԵԱՆ

 

Նիկոլ Փաշինեանը Յովհաննավանքում իր նախաձեռնած եւ քաղաքացիական անձի կողմից իրականացւած հանդերձաւորւած բեմականացումից՝ կեղծ «պատարագից» յետոյ, ասում են, խորը ընկճախտի մէջ է: Ու նա, անկասկած, լուրջ պատճառներ ունի նման անկումային տրամադրութեան համար: Նախ՝ համայն հանրութեանը ակնյայտ դարձաւ, որ անձամբ Նիկոլ Փաշինեանը, նաեւ նրա կոչին արձագանքած սակաւաթիւ իւրայինները զրոյական յարգանք ունեն հայոց ազգային-աւանդական արժէքների նկատմամբ: Երկրորդ. ոչ միայն ինքը՝ Փաշինեանը, այլեւ բոլորը տեսան, որ ՔՊ-ի ղեկավարն ու նրա իշխանութիւնը ունեն նմանապէս զրոյական աջակցութիւն հասարակութեան կողմից: Պարզ ասած՝ ոչ մի աջակցութիւն էլ չունեն:

Տեսէք. մի ամբողջ շաբաթ պետական ու ռեպրեսիւ մարմինների ամենաանընդունելի կիրառմամբ, անգամ քպականներին, պատկերաւոր ասած՝ «հոսանքահարելով», համազգեստը սովորական հագուկապով փոխարինած ոստիկաններով-բանով, հազիւ մի քանի հարիւր հոգի էին հաւաքել իրենց հանրահաւաքին մասնակցելու: Այսինքն, եթէ Յովհաննավանքի փաշինեանական «պատարագի» հետ կապւած մի կողմ դնես վարչական ռեսուրսը, մի կողմ դնես ոստիկաններին, ԱԱԾ ու ՊՊԾ-ականներին, ապա տակը գրեթէ բան չի մնա:

Ի՞նչ է անում Փաշինեանը՝ բացայայտ ձախողումը որեւէ կերպ սւաղելու համար: Նա շարունակում է համառել: Թերեւս նաեւ այն պատճառով, որ առանձնապէս շատ տարբերակներ էլ չունի: Յայտարարում է, թէ առաջիկայ կիրակի էլ է Յովհաննավանքում «պատարագ» բեմադրութիւն անելու, հասկանալի է՝ քպական քարոզիչ Ստեփանի (կարգալոյծ եղած նախկին քահանան-ԽՄԲ.) մասնակցութեամբ (հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ ոչ մէկ այլ կարկառուն քպական պատգամաւորի, կամ պաշտօնեանի, կամ շարքային քպականի, ի՞նչ տարբերութիւն):

Աւելի «գեղարւեստական» կը նայւէր, եթէ ՔՊ-ի համար յաջորդ «պատարագը» կատարէր, ասենք, «կարմիր բերետների» հրամանատարը՝ առանց զգեստափոխւելու: Իսկ ի՞նչ է եղել, որ: Ի՞նչ է, «Հայր մերը» չգիտի՞, թէ՞ խաչը չի կարող բռնել: Վերջում էլ, օրինակ՝ ոչ թէ բուրվառը այսուայնկողմ կը տանէր, այլ մի երկու ձայնային-բեկորային «մարդասիրական» նռնակ կը գմփացնէր:

Իսկ եթէ առանց սարկազմի…

Տեսէք. Նիկոլ Փաշինեանը երէկ էլի «փայլատակեց», թէ՝ «կարգալոյծ եղածը չի կարող քահանայի կարգալոյծ անել»: Փաշինեանը նկատի ունի, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն, իբր, կարգալոյծ եղած է, ուստի նա չի կարող կարգալոյծ հռչակել ՔՊ-ի «սրտի քահանայ» Ստեփան Ասատրեանին (կամ որեւէ այլ հոգեւորականի):

Նախ՝ Փաշինեանը կա՛մ ի ցոյց է դնում մեր Ազգային Եկեղեցու կանոնական հարցերում իր թերիմացութիւնը, կա՛մ, որ աւելի հաւանական է, միտումնաւոր է խեղաթիւրում իրողութիւնները, ինչը իր գործելակերպն է նաեւ այլ հարցերում:

Ամէնից առաջինը. նախքան որեւէ հոգեւորականի կարգալոյծ հռչակելը, նրան վերաբերող հարցը հանգամանօրէն քննում է ՀԱԵ այսպէս ասենք՝ «կարգապահական յանձնաժողովը», եթէ կուզէք՝ «էթիկայի յանձնաժողովը»: Դրանից յետոյ է միայն հարցը ներկայացւում Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինութեանը:

Փաշինեանի ասածի մէջ կայ նաեւ տրամաբանական խզում եւ անհեթեթութիւն: Ո՞րն է այդ խզումը:

Ահաւասիկ. բանն այն է, որ Գարեգին Երկրորդը գահակալում է արդէն շուրջ 26 տարի: Այդ ընթացքում ձեռնադրւել ու քահանայ են օծւել (նաեւ այլ հոգեւորական աստիճանների դէպքում) տասնեակ ու տասնեակ հոգեւորականներ: Այդ շարքում է նաեւ յիշատակւած Ստեփան Ասատրեանը: Այդ ինչպէ՞ս է, որ Փաշինեանն իր համար մի այլ կարգի ատելի Կաթողիկոսի կողմից Ստեփանի ձեռնադրումն ու օծումը (թէկուզ որեւէ եպիսկոպոսի միջոցով) ընդունում է, իսկ, այ, կարգալոյծ հռչակւելը չի ընդունում:

Ամէնից կարեւորն ու էականը. Եկեղեցում կարգերի ու կարգալուծութեան խնդիրները լուծւում են Եկեղեցու ներսում: Որոշ «արագ ընկալողների» համար յատուկ կրկնենք. դա Հայ Առաքելական Եկեղեցու ներքին, ինքնավար խնդիրն է: Խնդիր, որին աշխարհիկ անձինք, առաւել եւս պետութեան ղեկավարի պաշտօնն զբաղեցնողը միջամտելու ոչ մի իրաւունք չունեն: Էլ աւելին, վարչապետի պաշտօնն զբաղեցնողի կողմից նման միջամտութիւնը օրինականութեան, սահմանադրական կարգի կոպտագոյն խախտում է: Սա՝ առաջին:

Երկրորդը՝ Կաթողիկոսն ընտրւել է Ազգային-եկեղեցական սրբագումար ժողովի կողմից: Այդպէս է մեր Եկեղեցու կարգը: Ու ինքը՝ Փաշինեանը (ընդհանրապէս՝ ցանկացած մէկը) շատ փոքր մէկն է, որպէսզի խախտի այդ ժողովի կատարած ընտրութիւնը, փորձի վերանայել կամ խեղաթիւրել: Սա ոչ ՏԻՄ ընտրութեան արդիւնք է, ոչ էլ (մեղայ քեզ, Տէր)՝ ՔՊ վարչութեան:

Իսկ ինչ վերաբերում է կարգալոյծ լինելուն, ապա Նիկոլ Փաշինեանն ու նրա գլխաւորած ՔՊ-ն Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի, Հայ Առաքելական Եկեղեցու, մեր պատմամշակութային ժառանգութեան գլխին այնքան աղէտներ ու աւերներ են բերել, որ ընդհանրապէս ծպտուն իսկ հանելու տեղ չունեն: Ոչ մի տեղ: Չունէք դուք դրա բարոյական իրաւունքը: Ամարասը, Գանձասարը, Դադիվանքը, Ղազանչեցոցը թշնամուն յանձնած, աւելին՝ թշնամապատկան ճանաչողները ինչպէ՞ս կարող են առհասարակ Եկեղեցու, հաւատի մասին ինչ-որ բան ասել, դեռ մի բան էլ՝ զազրախօսել Վեհափառի ու Եկեղեցու սրբազանների հասցէին:

Ու նորից՝ ախր, ով ինչից է խօսում:

Նիկոլ Փաշինեանն այնքան աղէտ ու ողբերգութիւն է բերել մեր երկրի ու ժողովրդի գլխին, որ արդէն պէտք է մի 15 անգամ պաշտօնալոյծ լինէր:

Աւելին, ինքն արդէն որոշակիօրէն լեգիտիմալոյծ է եղել: Ու դա ակնյայտ երեւաց նաեւ անցած կիրակի Յովհաննավանքում: Արդէն եւրոպական գործիչներն էլ չեն թաքցնում, որ Փաշինեանը գործնականում աւտոկրատ է, մէկը, որ սոցցանցերում կարծիք յայտնելու համար 30-40 ոստիկանով յարձակւում է մէկ մարդու վրայ: Ստացւում է՝ լեգիտիմալոյծ աւտոկրատ:

Միւս կողմից՝ Փաշինեանի սատելիտներն էլ սկսել են Հայ Առաքելական Եկեղեցին համեմատել այլ կրօնական կազմակերպութիւնների հետ: Ասում են՝ ՀԱԵ-ն սովորական կրօնական կազմակերպութիւն է, ինչպէս Հայաստանում գրանցւած միւսները: Դէ, բարեւ ձեզ, ինչպէս ասում են: Դա եւս կոպիտ վրիպում է: Հայ Առաքելական Եկեղեցին նաեւ սահմանադրօրէն իր առանձնայատուկ դիրքն ու տեղը ունի: Այո, կարող են լինել եւ կան այլեւայլ «կրօնական կազմակերպութիւններ», բայց նրանցից ոչ մէկը չի կարող համեմատւել մեր բազմադարեայ Եկեղեցու եւ նրա ունեցած դերի ու նշանակութեան հետ:

Ու, ընդհանրապէս, մի՛ շփոթէք ձեր խառնափնթոր ձւածեղն Աստծոյ շնորհի հետ: Պարզապէս մի շփոթէք, որովհետեւ առանց այդ էլ մոլորւել էք ձեր գործած աններելի մեղքերի յորձանուտում:

«Փաստ»

Related Articles

Back to top button