Հայաստան - ԱրցախՔաղաքական

«Սրտիկներ»՝ բռունցքին ի պատասխան. Փաշինեանի արիւնոտ սիմւոլիզմը

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ

 

Հարցը՝ ի վերջոյ, դեռ որքա՞ն են շարունակւելու ձեռքերով  «սրտիկներ» ցուցադրելու՝ Նիկոլ Փաշինեանի առաւօտեան սեանսները, որն առաջին հայեացքից թւում է հռետորական, կարող է ունենալ կոնկրետ, թւային արտայայտութեամբ պատասխան՝ 4000-5000 անգամ: Այնքան, որքան Արցախեան 44-օրեայ ողբերգական պատերազմում նւազագոյն հաշւարկով կազմել են հայկական կողմի զոհերը:

Ահա այդքան սիրտ դադարել է բաբախել Նիկոլ Փաշինեանի յանցաւոր անգործութեան եւ/կամ կանխամտածւած գործողութիւնների պատճառով: Ամէն օր ցուցադրւող «սրտիկները» նաեւ, իսկ գուցէ՝ հէնց այդ սրտերի մասին յիշեցումներ են:

Այս զուգահեռը սատանայական է թւում այնքան, որքան գրեթէ ամէն առաւօտ պետութեան ղեկավարի կարգավիճակին անպատշաճ այդ ցուցադրութեանն ուղեկցող ժպիտը: Փաշինեանի մատների միջոցով ցուցադրւող սիմւոլիզմը, սակայն, այդքանով չի սահմանափակւում:

Պատերազմում հայկական կողմի ողբերգական պարտութիւնն ու հազարաւոր զոհերն ուղեկցւել են մինչեւ վերջերս Ալիեւի կողմից թափահարւող բռունցքի ցուցադրութեամբ: Մէկի ձեռքը բռունցք է ցոյց տւել/ցոյց տալիս՝ սատանայաբար յիշեցնելով մեր զոհերին, միւսի ձեռքերը նոյնպիսի ժպիտով ամէն օր ցոյց են տալիս այդ զոհերի բաբախած սրտերը՝ հասկացնելով, որ դա կարող է կրկնւել մի քանի հազար անգամ: Այսինքն՝ մի քանի հազար օր: Այսինքն՝ 10,15 տարի:

Բոլոր նրանք, ովքեր անիրական են համարում, որ Նիկոլ Փաշինեանը կարող է այդքան երկար պահպանել իշխանութիւնը, չեն հասկանում իրենց իսկ գնահատականների իմաստը՝ Հայաստանում աւտորիտարիզմի հաստատման մասին: Իսկ Փաշինեանը զբաղււած է հէնց դրանով: Ընթացիկ ռեժիմում լուծելով այս փուլում իշխանութեան վերարտադրման հարցը, հեռանկարային իմաստով նա զբաղւած է նոյն իշխանութեան յաւերժացմամբ: Եւ դա նրա պատասխանն է հայ ժողովրդին՝ իրեն իսկ հանդուրժելու համար: Դա ոչ թէ շնորհակալութեան պատասխան է, այլ վրէժ:

Նիկոլ Փաշինեանը ցոյց է տալիս, որ, եթէ իր կողմից պետութեանն ու հասարակութեանը պատճառւած բոլոր արհաւիրքներից յետոյ մարդիկ դեռ հանդուրժում են իրեն, ուրեմն արժանի են բազմապատիկ աւելի դաժան պատժի՝ իր իսկ իշխանութեան յաւերժացման տեսքով: Ընդ որում, նա այդ մասին մի քանի անգամ յայտարարել է ուղիղ՝ հեգնելով՝ «չէիք ուզում՝ յեղափոխութիւն անէիք…»:

Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի փաստաթուղթը ստորագրելուց յետոյ, թաքնւելով բոլոր հնարաւոր նկուղներում, դրանցից մէկում նկարահանւած ուղերձում Նիկոլ Փաշինեանն այլայլւած յայտարարում էր՝ «եկել է քաղաքացու վրէժի ժամանակը»: Անցած տարիների ընթացքում նա ամէն ինչ արեց ու շարունակում է անել քաղաքացիներից վրէժ լուծելու համար:

168.am

Related Articles

Back to top button