Հռոմի նոր պապը կարդինալներին յորդորել է շարունակել հանգուցեալ Ֆրանցիսկոս Առաջինի «արժէքաւոր ժառանգութիւնը»

«ԱԼԻՔ» – Հռոմի Լէօ 14-րդ պապը շաբաթ օրը հասկացրել է, որ շարունակելու է իրականացնել Ֆրանցիսկոսի տեսլականն ու բարեփոխումները՝ ողջ աշխարհի կաթոլիկ կարդինալներին յայտնելով, որ հանգուցեալ հովւապետը «թանկարժէք ժառանգութիւն» է թողել, որը պէտք է շարունակւի: Հաղորդում է Reuters-ը։
Մայիսի 8-ին հովւապետ ընտրւելուց յետոյ բոլոր կարդինալների հետ իր առաջին հանդիպման ժամանակ Լէօն նաեւ խնդրել է բարձրաստիճան հոգեւորականներին հաստատել իրենց հաւատարմութիւնը 1960-ական թթ. Վատիկանի Երկրորդ խորհրդի կողմից ընդունւած հիմնական եկեղեցական բարեփոխումներին:
Լէօ 14-րդը նշել է, որ Ֆրանցիսկոսը, որը մահացել է ապրիլի 21-ին, ընդհանուր ցանկութիւն ունէր 1,4 միլիարդ անդամներից բաղկացած Եկեղեցին բացել ժամանակակից աշխարհի առաջ, եւ թողել է «ծառայութեանը լիակատար նւիրւածութեան օրինակ»:
«Եկէք ընդունենք այս թանկարժէք ժառանգութիւնը եւ շարունակենք մեր ճանապարհը»,- դիմել է նոր պապը կարդինալներին։
Հովւապետը նաեւ խնդրել է հոգեւորականներին «հաստատել մեր լիակատար յանձնառութիւնը» խորհրդի կողմից ընդունւած բարեփոխումներին, որոնք ներառում են պատարագ մատուցել ոչ թէ լատիներէն, այլ տեղի լեզուներով, եւ շարունակել երկխօսութիւնն այլ կրօնների հետ:
Նա նշել է, որ Ֆրանցիսկոսը կենտրոնացած էր «համարձակ եւ վստահելի երկխօսութեան վրայ ժամանակակից աշխարհի հետ՝ իր տարբեր բաղադրիչներով եւ իրողութիւններով»:
Ֆրանցիսկոսը 12 տարի եղել է Հռոմի Պապ եւ յաճախ է բախւել պահպանողական կարդինալների քննադատութեանը, որոնք ասում էին, որ նա թուլացնում է եկեղեցու վարդապետութիւնը այնպիսի հարցերի շուրջ:
Լէօ 14-րդը նշել է, որ արհեստական բանականութիւնը «նոր մարտահրաւէրներ է ստեղծում մարդկային արժանապատւութեան, արդարադատութեան եւ աշխատանքի ոլորտներում»:
Լէօ 14-րդի երկժամեայ հանդիպումը կարդինալների հետ տեղի է ունեցել նախկինից տարբեր ձեւաչափով. նախկին պապերը սովորաբար ելոյթ էին ունենում եւ ակնկալում էին, որ հոգեւորականները պարզապէս լսեն իրենց:
Այս անգամ Լէօ 14-րդը հանդէս է եկել նախապէս պատրաստւած ելոյթով, իսկ յետոյ խօսքը փոխանցել է իւրաքանչիւր կարդինալի, որը ցանկացել է խօսել՝ թոյլ տալով հոգեւորականներին բարձրաձայնել իրենց կարծիքներն ու մտահոգութիւնները համաշխարհային Եկեղեցու առջեւ ծառացած հիմնական խնդիրների վերաբերեալ: