Տիմոֆէյ Երմակով. «Փաշինեանը քայլում է շատ բարակ սառոյցի վրայով»

«ԱԼԻՔ» – Ռուս լրագրող եւ զինւորական թղթակից Տիմոֆէյ Երմակովը Alpha News-ի հետ զրոյցում պատմել է Յաղթանակի 80-ամեակի ֆոնին ռուս-հայկական յարաբերութիւնների վերաբերեալ իր տեսլականի մասին:
«Հայրենական մեծ պատերազմում նացիզմի, ֆաշիզմի դէմ տարած յաղթանակի յիշողութիւնը պէտք է տարիներ շարունակ մնայ ոչ միայն մեր սրտերում, այլ նաեւ մեր մտքերում, քանի որ միտքն այժմ ենթակայ է տարբեր յարձակումների տեղեկատւական, հիբրիդային, ճանաչողական պատերազմում»,- կարծում է Երմակովը:
Նրա խօսքով՝ Հայաստանի ղեկավարութիւնը պէտք է փոխի Ռուսաստանի հետ փոխյարաբերութիւնների մարտավարութիւնը եւ օգտւի ՌԴ զինւած ուժերի փորձից՝ սեփական բանակը զարգացնելու համար:
«Նախ, Հայաստանի կառավարութիւնը պէտք է սովորի ճիշտ յարաբերութիւններ ունենալ իր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ, եւ չանել այն, ինչ այժմ անում է։ Բայց, ինչպէս հասկանում եմ, այդ մարդիկ ի վիճակի չեն դա անել: Ուստի, ամենայն հաւանականութեամբ, այդ մարդիկ պարզապէս չպէտք է լինեն իշխանութեան ղեկին: Պարզապէս դրանով պէտք է զբաղւեն այլ մարդիկ, քանի որ այնպէս է ստացւել, որ միայն Ռուսաստանն է ՀԱՊԿ-ում ռազմական դաշինքի մէջ Հայաստանի հետ, այն գործընկերը, որը կարող է սովորեցնել Հայաստանի բանակին: Մենք հիմա Եւրասիա մայրցամաքի ամենամարտունակ բանակն ենք։ Զինել բանակը, նախապատրաստել, ոչ թէ պարզապէս ինչ-որ օպերատիւ-մարտավարական մակարդակով, այլ ընդհանրապէս բոլոր տեսակի զինատեսակներով, բոլոր տեսակի մարտավարութեամբ ու ռազմավարութեամբ»,- նշել է լրագրողը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի՝ մայիսի 9-ի զորահանդէսին մասնակցութեան համար Մոսկւա կատարած այցին՝ Alpha News-ի զրուցակիցն ասել է, որ Հայաստանի ղեկավարն անվստահելի է հայ-ռուսական համագործակցութեան վերաբերեալ իր մօտեցումներում:
«Փաշինեանը վաղուց արդէն շատ վտանգաւոր խաղ է խաղում եւ շատ բարակ սառոյցի վրայով է քայլում։ Եւ ահա, երբ այդ սառոյցը կոտրւի, անհասկանալի է, թէ ինչ է սպասւելու Փաշինեանին: Դրա համար էլ հիմա Փաշինեանի՝ Մոսկւա ժամանելու փաստով ես դեռ չէի խօսի ինչ-որ ջերմացման կամ մեզ հետ յարաբերութիւններ հաստատելու ինչ-որ ձգտման մասին, քանի որ անհասկանալի է, թէ նա յաջորդ պահին ինչ է յայտարարելու»,- ասել է նա:
Երմակովի խօսքով՝ Ռուսաստանն իր ուշադրութեան կիզակէտը որոշ ժամանակով փոխել է ուկրաինական ուղու վրայ, եւ ուկրաինական հակամարտութեան աւարտից յետոյ լիարժէք կը վերադառնայ Հարաւային Կովկաս:
«Յատուկ գործողութեան յաղթանակը, յաջող աւարտը, ընդհանրապէս, կը վերափոխի աշխարհաքաղաքական ասպարէզում դասաւորւածութիւնն աշխարհում, եւ, բնականաբար, Ռուսաստանի ազդեցութեան աւանդական տարածաշրջաններում՝ յետխորհրդային տարածքում։ Քանի դեռ գործն աւարտին չենք հասցրել, հնարաւորութիւն չունենք հիմնովին անցնելու Անդրկովկասին եւ նոյնիսկ Մերձաւոր Արեւելքին: Սիրիայում տեղի ունեցած իրադարձութիւնները ցոյց տւեցին, որ երկու ճակատով լուրջ պատերազմել մենք չենք կարող, եւ ոչ ոք չի կարող»,- յաւելել է Երմակովը:
«Իմ ամենամեծ ցանկութիւնն աշխարհաքաղաքական է, որպէսզի մենք Հայաստանը վերածենք հզօր դաշնակցի, հզօր բանակով, հզօր տնտեսութեամբ, մոտիւացւած զինւորներով եւ ընդհանրապէս մոտիւացւած մարդկանցով, որոնք զգում են Ռուսաստանի աջակցութիւնը։ Մենք կարող ենք շատ բան անել, մենք, չեմ վախենայ ասել, գերտէրութիւն ենք, կայսրութիւն, որը կարող է մեծ յաջողութիւնների հասնել: Այդպէս մենք կարող ենք նաեւ ապահովել հայ ժողովրդի անվտանգութիւնը, որն այդքան անհրաժեշտ է նրան հիմա։ Որովհետեւ փաշինեանական կառավարութեան գործողութիւններն արդէն տանում են բացարձակ աղէտալի իրավիճակների, որոնցից պէտք է համատեղ դուրս գալ»,- ամփոփել է Տիմոֆէյ Երմակովը: