Կոնստանտին Զատուլին. «Բաքւում ԼՂՀ նախկին ղեկավարների «շոու» դատավարութիւնը Ալիեւի անձնական վրէժխնդրութեան ակտ է»
«ԱԼԻՔ» – Բաքւում սկսւել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախկին ղեկավարների եւ նրանց մի քանի հայրենակիցների «շոու» դատավարութիւնը, որոնք գերի էին ընկել 2023 թւականին Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը գրաւելու նպատակով ադրբեջանական «բլիցկրիգի» ժամանակ։ Այս մասին ըստ News.am-ի՝ իր յայտարարութեան մէջ նշել է ԱՊՀ եւ հայրենակիցների հետ կապերի յանձնաժողովի, Պետդումայի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
«Սա անձնական վրէժխնդրութիւն է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից, որը ոչ մի դէպքում ունակ չէ զերծ մնալու դրանից։ 1987 թւականի հոկտեմբերից մինչեւ 2024 թւականի ապրիլի 22-ը բացւած 1389 քրէական գործով «պատերազմական» յանցագործութիւնների մէջ մեղադրւողների մէջ յայտնւել են իմ ընկերները՝ ԼՂՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասեանն ու Բակօ Սահակեանը։ Եւ միւսները, այդ թւում՝ ԼՂՀ նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանը, ով հրաժարւեց Ռուսաստանի քաղաքացիութիւնից՝ կիսելու համար Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագիրը։
Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչութիւնը՝ աւելի քան 100 հազար մարդ, կանայք, ծերեր եւ երեխաներ, լքել են իրենց տները, եկեղեցիներն ու պապենական գերեզմանները եւ փախել Հայաստան՝ Ադրբեջանում դրախտային կեանքի հեռանկարից։ Ղարաբաղից Հայաստան հայերի փախուստը 24 ժամ հեռարձակւում էր թուրքական հեռուստաալիքներով եւ տեսանելի էր տիեզերքից։ Եւ դատելով նրանից, թէ ինչ է կատարւում այսօր Բաքւում, փախստականները միանգամայն իրաւացի էին։ Սա 21-րդ դարի խայտառակութիւնն է՝ կրկնելով, թէկուզ աւելի փոքր ու նւազ արիւնալի մասշտաբով, 20-րդ դարասկզբի հայերի կոտորածի սարսափները։
Լեռնային Ղարաբաղի հայերի դաւաճանութեան գլխաւոր մեղաւորը Նիկոլ Փաշինեանն է, ով դաւադրութեան արդիւնքում ազատւել է նրանցից։ Այն ամբողջ ընթացքում, երբ գերեվարւած Արկադի Ղուկասեանը, Բակօ Սահակեանը, Ռուբէն Վարդանեանը եւ միւսները հառաչում էին Բաքւի բանտերում, Հայաստանի քաջարի ղեկավարը մատը մատին չտւեց նրանց ազատելու համար։
Ցաւօք սրտի, Լեռնային Ղարաբաղի եւ նրա առաջնորդների ողբերգութեան պատմութեան ստւերն ընկնում է Ռուսաստանում մեզ վրայ՝ խաբւած լինելով իր խաղաղապահ գործողութեամբ։ Ահա թէ ինչից է այսօր օգտւում պարոն Փաշինեանը։ Ամօթ է։
«Ներկայումս ռուս-հայկական «Լազարեւսկի ակումբի» խորհուրդը պատրաստում է մեր յայտարարութիւնը Բաքւի դատավարութեան վերաբերեալ»,- իր յայտարարութեան մէջ ընդգծել է Կոնստանտին Զատուլինը։