Ինչո՞ւ է Արեւմուտքը շոյում Ադրբեջանի գլուխը
Եթէ ոմանց թւում է, թէ ներկայիս մարդկային քաղաքակրթութեան զարգացման պայմաններում բռնապետութիւնը հեռաւոր անցեալին առնչւող իրողութիւն է, ապա պէտք է դիտարկեն Ադրբեջանի օրինակը։ Իլհամ Ալիեւն այդ երկիրը վերածել է ընտանեկան կալւածքի՝ սեփական կնոջն էլ դարձնելով փոխնախագահ։ Ու նորութիւն չէ, որ Ադրբեջանում ոչ միայն ժողովրդավարութեան նշոյլ չկայ, այլեւ այդ երկիրն իր բնոյթով բացարձակ հակաժողովրդավարական է ու բռնատիրական։ Ազատ խօսքն ամէն քայլափոխի ճնշւում է, իսկ ընդդիմութիւնը հետապնդումների է ենթարկւում, բայց այս իրողութիւնը չի խանգարում, որ իրեն ժողովրդավարութեան պաշտպանութեան ջատագով յայտարարած Արեւմուտքը զարգացնի իր յարաբերութիւններն այս երկրի հետ։
Եթէ մի այլ երկրում ժողովրդավարական արժէքները նման կարգի ոտնահարւէին, ապա Արեւմուտքից մէկը միւսի յետեւից զեկոյցներ կը հրապարակէին ու քայլեր կը ձեռնարկէին այդ երկրի հետ յարաբերութիւնները սահմանափակելու ուղղութեամբ։ Այնինչ, Ադրբեջանի համար կանաչ լոյս է վառւած այն աստիճանի, որ այդ երկիրը նոյեմբերին Բաքւում հիւրընկալելու է այնպիսի խոշոր միջազգային իրադարձութիւն, ինչպիսին COP 29 կլիմայական համաժողովն է։ Բայց, ահա, կլիմայական համաժողովի շեմին արեւմտեան համայնքը յանկարծ յիշել է ժողովրդավարութեան մասին ու «անհանգստութիւն է յայտնել» Ադրբեջանում աւելի քան 300 քաղբանտարկեալի առկայութեան վերաբերեալ։ Մամուլում էլ տեղեկութիւններ են տարածւում այն մասին, որ նոյնիսկ բանակցութիւններ են տարւում նրանց ազատ արձակելու կապակցութեամբ։
Ադրբեջանի հետ կապւած այսպիսի մօտեցումն ինչ-որ առումով նաեւ երեսպաշտութեան է նմանւում: Նախ՝ Ադրբեջանը թքած ունի մարդու ոչ միայն իրաւունքների օրակարգի վրայ, այլեւ նմանօրինակ բոլոր յայտարարութիւնների ու կոչերի: Երկրորդ՝ փաստացի ստացւում է, որ քաղաքական հայեացքների պատճառով ձերբակալւած անձանց հարցով Արեւմուտքի հետաքրքրութիւններն աւելի բարձրաձայնելի են, քան այն բոլոր յանցագործութիւնները, որ կատարել է Ադրբեջանը, այդ թւում՝ պատերազմական յանցագործութիւնները։ Նորութիւն չէ, որ այդ երկիրը հայատեացութիւնը դարձրել է կենսակերպ։ Ալիեւի իշխանութիւնը հայերի նկատմամբ թշնամութիւնն օգտագործում է սեփական իշխանութիւնը պահելու եւ ժողովրդի աչքի առաջ սեփական յանցագործութիւններն արդարացնելու համար։
Միւս կողմից՝ Ադրբեջանն էր, որ խախտելով Արցախեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման սկզբունքները՝ 2020 թւականին ագրեսիա սկսեց Արցախի նկատմամբ։ Ապա այդ երկիրը, ոտնահարելով մարդասիրական բոլոր սկզբունքները, թիրախաւորեց Արցախի խաղաղ բնակչութեանը՝ կիրառելով ֆոսֆորային զէնք ու այլ արգելւած սպառազինութիւն։ Իսկ հրադադարից յետոյ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան միջամտութեամբ Լաչինի միջանցքը փակւեց, որի արդիւնքում արցախցիներն ամիսներ շարունակ սովի մատնւեցին։ Իսկ անցեալ տարւայ աշնանը ողջ միջազգային հանրութեան աչքի առաջ Ադրբեջանը ձեռնամուխ եղաւ Արցախի նկատմամբ նոր յարձակմանն ու հայաթափմանը։ Իսկ միջազգային հանրութիւն կոչեցեալը լուռ յետեւում էր այս իրադարձութիւններին։
Այս իրադարձութիւններից յետոյ նոյն Արեւմուտքում նշում էին, որ իրենք յանձնառու են արցախահայութեանը տրամադրւելիք մարդասիրական օգնութեան հարցում, բայց ոչ մի խօսք այն մասին, որ նրանք Ադրբեջանի պատերազմական յանցագործութիւնների զոհ են դարձել։ Իսկ ինչո՞ւ է արեւմտեան հանրութիւնը շրջանցում Ադրբեջանի կողմից իրագործւած յանցագործութիւնների թեման։ Թերեւս այս հարցը բարձրացնելու դէպքում արեւմտեան համայնքը պէտք է ստիպւած լինի պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։ Այդ դէպքում Եւրոպան պէտք է ստիպւած լինի հրաժարւել Ադրբեջանի կողմից մատակարարւող էներգակիրներից, բայց եւրոպական երկրներն աւելի շատ կարեւորում են իրենց էներգետիկ շահերը, քան համամարդկային արժէքները։ Իսկ քաղբանտարկեալների թեման Արեւմուտքի համար պարտաւորեցնող չէ, ուղղակի ցոյց կը տան, թէ աշխատանք են կատարում յանուն մարդու իրաւունքների ու ժողովրդավարութեան։ Ու այդպէս ձեւականութիւնն ապահովւած կը լինի։
Ներկայում Ադրբեջանն իր մօտ է պահում հայ գերիներին, այդ թւում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան ներկայացուցիչներին, բայց ԵՄ-ում ու ԱՄՆ-ում խուսափում են COP 29 կլիմայական համաժողովի անցկացումից առաջ Ադրբեջանի առաջ դնել կոնկրետ ռազմագերիների վերադարձման հարցը։ Արեւմտեան պաշտօնեաներն անընդհատ նշում են, թէ ողջունում են Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղութեան գործընթացը, ու ոչ մի գործնական ճնշում չեն գործադրում Ադրբեջանի վրայ՝ դրանով նոր ագրեսիայի ձեռնարկման ճանապարհ ապահովելով այդ յանցագործ երկրի համար։
Բացառւած չէ, որ այս իրավիճակի վրայ իր ազդեցութիւնն ունի նաեւ այն հանգամանքը, որ Ադրբեջանը Արեւմուտքի դիրքորոշման վրայ ազդում է նաեւ կոռուպցիոն սխեմաներով։ Չէ՞ որ Ալիեւը արեւմտեան ու, մասնաւորապէս, եւրոպացի պաշտօնեաների կաշառելու ու փողերի լւացման մեծ փորձ է ձեռք բերել: Հէնց դրան է միտւած Ադրբեջանի խաւիարային դիւանագիտութիւնը։ Ու ժամանակի ընթացքում ականատես ենք եղել Ալիեւների շուրջ պայթած բազմաթիւ կոռուպցիոն սկանդալների, ինչի մասին ոչ մէկ անգամ հրապարակումներ են եղել միջազգային մամուլում:
«Փաստ»