Հայաստանի հետ կապւած ի՞նչ տարաձայնութիւններ են քննարկելու Բայրամովն ու Ֆիդանն Անկարայում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջան կատարած այցից օրեր անց սպասւում է Ադրբեջանի արտգործնախարար Ջէյհուն Բայրամովի այցը Թուրքիա։ Այս մասին յայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամլոյ ծառայութիւնը՝ չմանրամասնելով այցի նպատակն ու օրակարգը:
Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդագրութեան համաձայն՝ Բայրամովի այցի ընթացքում կը քննարկւեն թուրք-ադրբեջանական յարաբերութիւնները, ինչպէս նաեւ տարածաշրջանային եւ միջազգային զարգացումները։ Turkish insider-ի փոխանցմամբ, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանի եւ Ջէյհուն Բայրամովի օգոստոսի 27-ին տեղի ունենալիք հանդիպմանը քննարկւելու են նաեւ Բաքւի եւ Երեւանի միջեւ խաղաղութեան գործընթացը, ինչպէս նաեւ Անկարայի ու Երեւանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորմանը վերաբերող հարցեր։ Հաղորդւում է, որ քննարկման թեմաներից է լինելու նաեւ հակամարտութիւնն Իսրայէլի եւ Պաղեստինի միջեւ։
Օգոստոսի սկզբին թուրքական Sabah պարբերականին տւած հարցազրոյցում Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն ասել էր, թէ Թուրքիայի Հանրապետութիւնը կարող է բացել հարեւան Հայաստանի հետ սահմանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման դէպքում։ «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցային գործընթացը շարունակւում է։ Մենք պէտք է պատրաստենք մեր սցենարը, եթէ այն դրական աւարտւի։ Եթէ կարգավորման գործընթացն աւարտւի, մենք կակտիւացնենք դրական սցենարը, այսինքն՝ կարող ենք բացել սահմանին մեր դարպասները»,-յայտարարել էր թուրք նախարարը։
Աւելի վաղ՝ յուլիսի 30-ին, Թուրքիայի եւ Հայաստանի յատուկ ներկայացուցիչներ Սերդար Քըլըչն ու Ռուբէն Ռուբինեանը հանդիպել էին սահմանին՝ դրա արդիւնքներով հաստատելով առանց նախապայմանների երկկողմ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը շարունակելու մտադրութիւնը։
Ռուս թուրքագէտ Վիկտոր Նադէին-Ռաեւսկին 168․am-ի հետ զրոյցում, անդրադառնալով սպասւող այցին, յայտարարւող օրակարգին, ասել է, որ թուրք-ադրբեջանական դիւանագիտական երկկողմ այցերը բաւական յաճախակի բնոյթ են կրում, եւ ամենեւին զարմանալի չէ, որ այդ շփումների օրակարգում՝ ինչպէս հայ-թուրքական յարաբերութիւններն են, այնպէս էլ՝ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը։ Նրա խօսքով, ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան չեն թաքցնում, որ Հայաստան-Ադրբեջան բանակցութիւնների արդիւնքները կարեւոր են հայ-թուրքական յարաբերութիւնների ապագայ զարգացումների տեսանկիւնից։
«Սակայն ուշագրաւն այն է, որ այս հանդիպմանն ընդառաջ նման տեղեկութիւն է տարածւում այն դէպքում, երբ թուրք-ադրբեջանական հանդիպումների դէպքում սովորական երեւոյթ է հայկական թեմատիկայի քննարկումը։ Կարծում եմ, որ այդ լուրի արտահոսքը պատահական չէր։ Հակւած եմ առաւելապէս կարծել, որ այս հանդիպմանը կողմերը փորձելու են մեղմել վերջին շաբաթների ընթացքում առաջացած որոշ տարաձայնութիւններ, երբ Էրդողանի յայտարարութիւնը Ղարաբաղի հարցում Ադրբեջանին աջակցելու վերաբերեալ շատ սուր ընկալւեց Ադրբեջանի կողմից, եղաւ բաւականին կոշտ արձագանգ եւ որոշ դիւանագիտական կսմիթներ։ Ուստի, կարծում եմ՝ այս հանդիպմանը հէնց այս հարցով հիմնաւոր քննարկումներ կը լինեն, կը փորձեն հարթել տարաձայնութիւնները կամ քննարկել դրանք։ Ըստ իս, հէնց այս պատճառով նման լուր տարածւեց՝ ուրւագծելով երկկողմ քննարկումների գլխաւոր օրակարգը»,-ասել է նա։
Վերլուծաբանի խօսքով՝ ըստ էութեան, հայ-թուրքական օրակարգը յայտնւել է Ադրբեջանից լիովին կախման մէջ։
«Սա լիովին բնական է, երբ Թուրքիան ու Ադրբեջանն ունեն կոնսենսուս Հայաստանի հարցով, սակայն երբ չունեն կոնսենսուս եւ Հայաստանի հետ յարաբերութիւնների հարցով չեն կարողանում վերադառնալ նախկին ստատուս-քվոյին, ինչը նշանակում է, որ այդ կախւածութեան չափը կարող է փոփոխութիւնների ենթարկւել Թուրքիայի կողմից։ Վաղը կայանալիք բանակցութիւնները վերաբերելու են առաւելապէս թուրք-ադրբեջանական երկկողմ յարաբերութիւնների բնոյթին եւ տարաձայնութիւններին, որոնք առաջացան Հայաստանի ու Իսրայէլի հետ կապւած թեմաների շուրջ յայտարարութիւններ անելիս։ Առաջին անգամ էր, երբ ամենաբարձր մակարդակով Ադրբեջանը կասկածի տակ դրեց Թուրքիայի ղեկավարի դիտարկումները, ինչն արտառոց իրադարձութիւն է եւ ուշադրութեան արժանի, քանի որ միտումները կարող են խորանալ»,-ասել է նա։
Յուլիսի 28-ին Ռիզէում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը մասնակցել էր իր ղեկավարած՝ իշխող «Արդարութիւն ու զարգացում» կուսակցութեան նահանգային կազմակերպութեան հանդիպմանը։ Ուշադրութիւն հրաւիրելով պաշտպանական արդիւնաբերութեան ոլորտում Թուրքիայի յաջողութիւնների վրայ՝ Էրդողանն ասել էր, որ «զարգացումները չպէտք է խաբեն ոչ մէկին»։
Նա նշել էր, որ պէտք է շատ ուժեղ լինեն, որ Իսրայէլը չկարողանայ «անել այն, ինչ անում է Պաղեստինի հետ»։
«Ինչպէս մտանք Ղարաբաղ ու Լիբիա, նոյն բանը կանենք նրանց հետ։ Պատճառ չկայ չանելու։ Միայն պէտք է ուժեղ լինենք։ Մենք այսօր հնարաւոր ամէն ինչ անում ենք Իսրայէլի դէմ, դադարեցրել ենք նրա հետ առեւտուրը, խզել մեր յարաբերութիւնները»,- յայտարարել էր Էրդողանը։
Էրդողանի այս խոստովանութեանը պատասխանել էր Ադրբեջանի ՊՆ-ն․
«Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան եւ ինքնիշխանութեան վերականգնման հետ կապւած ռազմական գործողութիւններին որեւէ երկրի զինւորականների մասնակցութեան մասին յայտարարութիւնները որեւէ հիմք չունեն»։
ԱՐԱՔՍ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ