Բենիամին Պօղոսեան. «Այս պահի դրութեամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ որեւէ համաձայնագրի ստորագրումը քիչ հաւանական է»
«ԱԼԻՔ» – Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ որեւէ համաձայնագրի ստորագրումը քիչ հաւանական է։ Այս մասին Alpha News-ի հետ զրոյցում ասել է APRI Armenia հետազօտական կենտրոնի աւագ վերլուծաբան Բենիամին Պօղոսեանը։
«Այս պահի դրութեամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ որեւէ համաձայնագրի ստորագրումը, անկախ նրանից դա կը լինի Բաքւում, Վիեննայում, Վաշինգտոնում, կամ որեւէ այլ տեղ, քիչ հաւանական է։ Բոլորս տեսնում ենք՝ Ադրբեջանը յստակ նախապայման ունի, որ որեւէ փաստաթղթի ստորագրման համար պէտք է փոխւի ՀՀ-ի Սահմանադրութիւնը, եւ մենք գիտենք նաեւ, որ Հայաստանում սկսւել էր Սահմանադրութեան բարեփոխման գործընթաց դեռ 2020 թ.-ից առաջ, յետոյ 2022-ի յունւարին, սակայն 2024-ին սկսւեց այսպէս ասած նոր Սահմանադրութեան ընդունման գործընթաց։ Կայ որոշում, որ այդ նոր Սահմանադրութեան նախագիծը պէտք է ներկայացւի մինչեւ 2026 թ.-ի աւարտը։ Սա նշանակում է՝ եթէ Ադրբեջանը շարունակում է պնդել, որ որեւէ փաստաթուղթ կարող է ստորագրւել միայն Սահմանադրութեան փոփոխումից յետոյ, եւ այն էլ եթէ դրանք բաւարարեն Ադրբեջանի պահանջները, ապա դա տեղի է ունենալու 2027 թ.-ի սկզբին»,- նշել է նա։
Վերլուծաբանն ընդգծում է՝ Ալիեւն ամէն բան անելու է, որ ցոյց տայ՝ COP 29-ը ոչ միայն Կլիմայի, այլ նաեւ խաղաղութեան համաժողով է։
«Հիմա գիտենք, որ Ադրբեջանը առաջ է քաշում եւ կան քննարկումներ, որ պէտք է ստորագրել ինչ-որ յայտարարութիւն Խաղաղութեան պայմանագրի ապագայ սկզբունքների վերաբերեալ եւ դրանով ցոյց տալ, որ ինչ-որ բան ստորագրւեց։ Հասկանալի է՝ Ադրբեջանը կը ցանկանայ դա օգտագործել իր փիառ նպատակների համար, որ ամէն դէպքում COP 29-ը ոչ միայն Կլիմայի համաժողով է, այլ նաեւ խաղաղութեան համաժողով։ Վստահ չեմ, որ դա Հայաստանին որեւէ բան կը տայ, սակայն եթէ դա տեղի ունենայ, ապա մենք խօսելու ենք ոչ թէ պայմանագրի ստորագրման, այլ ինչ-որ յայտարարութեան սկզբունքների վերաբերեալ, իսկ մենք յիշում ենք, թէ նման քանի յայտարարութիւն է ստորագրւել ՀՀ-ի ու Ադրբեջանի միջեւ՝ առնւազն 4-ը ՌԴ-ի միջնորդութեամբ եւ բազմաթիւ այլ ստորագրութիւններ Փաշինեան-Միշէլ-Ալիեւ հանդիպումների ժամանակ»,- եզրափակել է Պօղոսեանը։