Թէժ զրոյց՝ Փաշինեանի եւ Փափազեանի միջեւ
Չորեքշաբթի օրը, փետրւարի 21-ին, Ֆրանսիայի պանթէոնում Միսաք Մանուշեանի եւ նրա կնոջ վերայուղարկաւորութեան առիթով Նիկոլ Փաշինեանի Ֆրանսիայում գտնւելու հանգամանքից օգտւելով, Հանրապետութեան նախագահ Էմմանուէլ Մակրոնը նախաձեռնել է Նիկոլ Փաշինեանի եւ CCAF-ի (Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհուրդ) համանախագահներ՝ Մուրադ Փափազեանի եւ Արա Թորանեանի շփումը: Զրոյցը տեղի է ունեցել Էմմանուէլ Մակրոնի ներկայութեամբ՝ «Էլիզէ» պալատում կազմակերպւած ընթրիքի աւարտին։
Նախագահ Մակրոնը բացել է զրոյցը՝ յստակեցնելով, անհրաժեշտ է, որ Հայաստանի վարչապետի եւ Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների շփումների անհրաժեշտութիւնը, եթէ նոյնիսկ տարաձայնութիւնները կարող են բաժանել նրանց։ Նախագահ Մակրոնը բարձր է գնահատել Մուրադ Փափազեանի եւ Արա Թորանեանի ի նպաստ Հայաստանի կատարած աշխատանքը։ Նա շեշտել է Հայաստանին պաշտպանելու նրանց վճռականութիւնը եւ Ֆրանսիայի հայ համայնքին, Ֆրանսիայի կառավարութեան եւ քաղաքական բոլոր դերակատարներին համախմբելու նրանց կարողութիւնը:
Ֆրանսիայի նախագահի խօսքերից յետոյ Մուրադ Փափազեանը ողջունել է այս նախաձեռնութիւնը։ Դիմելով Նիկոլ Փաշինեանին՝ CCAF-ի համանախագահը դատապարտել է իր նկատմամբ 19 ամիս շարունակւած Հայաստանի մուտքի իրաւունքի արգելանքի փաստը, ինչն ի վերջոյ վերացւել է Հայաստանի արդարադատութեան համակարգի կողմից։ Մուրադ Փափազեանը քննադատել է Նիկոլ Փաշինեանին այս խորապէս ոչ ժողովրդավարական եւ պառակտող որոշումը կայացնելու համար։
Մուրադ Փափազեանն ընդգծել է այն տարաձայնութիւնները, որոնք կարող էր ունենալ Նիկոլ Փաշինեանն իր հետ՝ միաժամանակ պնդելով դրանք հրապարակայնօրէն արտայայտելու իր իրաւունքը՝ ազատ եւ ժողովրդավարական բանավէճի շրջանակներում։ Ժողովրդավարութեան այս դասից ակնյայտօրէն նեարդայնացած Նիկոլ Փաշինեանը բարկացել է եւ քննադատել է Մուրադ Փափազեանին՝ Ֆրանսիայի նախագահի առջեւ այս թեման քննարկելու համար։
Մուրադ Փափազեանը յիշեցրել է, որ Ֆրանսիայի նախագահն է այդ նախաձեռնութեան հեղինակը, եւ որ, հաւանաբար, Ֆրանսիայի նախագահը միակ անձն է, ով կարող էր կազմակերպել այս երկխօսութիւնը։
Այդ պատասխանից է՛լ աւելի զայրացած, Նիկոլ Փաշինեանը ասել է, թէ արգելել է Մուրադ Փափազեանի մուտքը Հայաստան այն պատճառով, որ վերջինս 2021 թւականի յունիսի 1-ին Փարիզում ցոյց է կազմակերպել նրա դէմ։ Այս անհիմն պնդումը բազմիցս տարածւել է Հայաստանի վարչապետի գրասենեակի կողմից եւ մշտապէս հերքւել է Մուրադ Փափազեանի կողմից։ Այնուամենայնիւ այդ զրոյցի ժամանակ Նիկոլ Փաշինեանը էլի կրկնել է այս մեղադրանքը, իսկ Մուրադ Փափազեանը եւս մէկ անգամ մերժել է այն, միաժամանակ զարմանալով, որ Հայաստանի անվտանգութեան ծառայութիւններն այս մեղադրանքը չեն ներկայացրել դատարան։
Մուրադ Փափազեանը, նաեւ պարզաբանել է, որ ցոյցի իրաւունքն արգելւած չէ ժողովրդավարական երկրում։ Նա զարմանք է յայտնել Նիկոլ Փաշինեանի թոյլ փաստարկի եւ նրա արտայայտութիւնների խեղճութեան համար:
Զրոյցի աւարտին նախագահ Մակրոնը մի կողմ է առանձնացել Հայաստանի վարչապետի հետ, որից յետոյ Փաշինեանը Մուրադ Փափազեանին յայտնել է, որ իշխանութիւնները Հայաստան վերադառնալու իր իրաւունքը վերականգնելու որոշումը չեն բողոքարկելու։
ՀՅԴ Փարիզի գրասենեակ
23.02.2024 թ.