Հայաստան - ԱրցախՄշակութային

Monument Watch. Ադրբեջանական կողմն աւերել է բռնազաւթւած Արցախի Հադրութի շրջանի Ծամձոր գիւղի բնակելի տների զգալի մասը

«ԱԼԻՔ» – 2025 թւականի փետրւարին արւած արբանեակային լուսանկարների դիտարկումը թոյլ է տալիս ասել, որ ադրբեջանական կողմն աւերել է բռնազաւթւած Արցախի Հադրութի շրջանի Ծամձոր գիւղի բնակելի տների զգալի մասը: Ահազանգում է Monument Watch-ը:

2020 թւականի աբանյակային լուսանկարներում գիւղն ամբողջական է եւ անվնաս (նկ. 1)։ Դատելով արբանեակային լուսանկարներից՝ գիւղը վնասւել է սկսած 2021 թւականի օգոստոս ամսից (նկ. 2, 3): Ծամձոր գիւղի տների վնասումը բռնազաւթւած Արցախի գիւղերում ադրբեջանցիների կողմից համատարած թալանի, միտումնաւոր վնասումների հետեւանք է: Այդ թալանը իրագործւում է առաջին հերթին տարածքում ծառայութիւն անցնող զինւորականների, ինչպէս նաեւ շինարարական խմբերի կողմից: Այդ են վկայում Արցախի տարածքից թալանի, քանդման, գոյքի միտումնաւոր վնասման հարիւրաւոր տեսանիւթերը: Ծամձորում նկատելի է, որ տներից շատերը 2021 թւականից յետոյ առանց տանիքի են: Ծանր տեխնիկայի հետքեր չեն նկատւում, ինչը վստահաբար խօսում է գիւղի՝ աստիճանաբար թալանւելու մասին: Արբանեակային լուսանկարների դիտարկումը թոյլ է տալիս ասել, որ դեռեւս կանգուն է գիւղի սուրբ Աստւածածին եկեղեցին, որը վտանգի տակ է՝ հաշւի առնելով գիւղի ճակատագիրը (նկ. 4): Եկեղեցու մասին աւելի մանրամասն տես՝ Ծամձորի Ս․ Աստւածածին եկեղեցին:

 

Մեր արձագանգը

Հադրութի շրջանի Ծամձոր գիւղի ոչնչացումը Ադրբեջանի կողմից պատերազմի ժամանակ եւ բռնազաւթման ողջ ընթացքում համակցւած յանցագործութիւնների շարք է՝ խախտելով թէ՛ պատերազմի ժամանակ ժառանգութեան պահպանութեան միջազգային նորմերն ու ԻՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատւած իսկութեան եւ ամբողջականութեան սկզբունքները, այլեւ Արդարադատութեան միջազգային դատարանի որոշումները (Հաագայի միջազգային դատարանի որոշումը 1965 թւականի «Ռասսայական խտրականութեան բոլոր ձեւերի մասին կոնւենցիայի» Ադրբեջանի կողմից խախտումների մասին – Monument Watch)։

Գիւղի տների եւ մշակութային արժէքների ոչնչացումը նաեւ Հռոմի կանոնադրութեան միջազգային զինւած ընդհարումների ժամանակ կիրառւող օրէնքների եւ սովորոյթների լուրջ խախտում է համարում (8-րդ յօդւած, 2-րդ մաս, բ) եւ ե) կէտեր).

-դիտաւորութեամբ կատարւած յարձակումները քաղաքացիական. Այսինքն՝ այնպիսի օբիեկտների վրայ, որոնք ռազմական նպատակակէտ չեն.

-յարձակումն անպաշտպան եւ ռազմական նպատակակէտ չհանդիսացող քաղաքների, գիւղերի, կացարանների կամ շինութիւնների վրայ կամ դրանց ռմբակոծութիւնը՝ անկախ դրանց կատարման միջոցներից:

Գիւղի ոչնչացումը համաձայն միջազգային իրաւունքի, կարող է որակւել նաեւ որպէս ցեղասպանութիւն, քանզի ցեղասպանութեան խնդիրն այսօր դիտարկւում է նաեւ մշակութային ժառանգութեան վրայ յարձակումների համատեքստում (ICC, Policy on Cultural Heritage, para. 88)։ Հռոմի կանոնադրութեան մշակութային ժառանգութեան դրոյթների քննման ձեռնարկը նշում է․ «Մշակութային ժառանգութեան դէմ կամ դրա վրայ ազդող յանցագործութիւնները յաճախ կապւած են ցեղասպանութեան հետ կամ կատարւում են որպէս դրա մի մաս, ուղեկցւելով խմբի անդամների ամբողջական կամ մասնակի ֆիզիկական ոչնչացման գործողութիւններով, որոնցից են սպանութիւնը, մարմնական կամ հոգեկան լուրջ վնասւածքների պատճառումը, դիտաւորութեամբ կեանքի վատ կենսապայմանների ստեղծումը, խմբի ներսում ծնունդների կանխարգելման դիտաւորւալ գործողութիւնները, եւ երեխաներին դիտաւորութեամբ մի խմբից միւսը բռնի տեղափոխելը եւ այլն (ICC, Policy on Cultural Heritage, para. 78):

Related Articles

Back to top button