Այլ

Գլիւտեն չպարունակող մթերքները կասկածելի առաւելութիւններ ունեն առողջութեան համար

Գիտնականների միջազգային թիմը պարզել է, որ գլիւտեն չպարունակող մթերքները թէեւ աւելի թանկ են, բայց յաճախ աւելի քիչ սպիտակուց են պարունակում, քան այն մթերքները, որոնք պարունակում են գլիւտեն: Դրանք նաեւ պարունակում են աւելի շատ շաքար եւ կալորիաներ: Աշխատանքը հրապարակւել է Plant Foods for Human Nutrition (PFHN) ամսագրում:

Հետազօտողները համեմատել են գլիւտեն չպարունակող մթերքները սովորական սննդի հետ եւ եզրակացրել, որ առանց դրա սննդակարգի ենթադրեալ առաւելութիւններից շատերը, օրինակ՝ քաշի վերահսկումը, չափազանցւած են: Ներկայում գլիւտեն չպարունակող շատ մթերքներում բացակայում են բջջանիւթը, սպիտակուցը եւ այլ անհրաժեշտ սննդարար նիւթեր: Արտադրողներն օգտագործում են յաւելումներ՝ ծածկելու համար այդ պակասը, սակայն արտադրական գործընթացում մանրաթելերի ընդգրկումը կարող է խանգարել սպիտակուցի մարսմանը:

Բացի այդ, գլիւտեն չպարունակող մթերքները սովորաբար աւելի շատ շաքար են պարունակում՝ գլիւտեն պարունակողների համեմատ: Առանց գլիւտենի երկարաժամկէտ դիետան կապւած է մարմնի զանգւածի ինդեքսի աւելացման եւ սննդարար նիւթերի դեֆիցիտի հետ:

Գլիւտեն չպարունակող մթերքները հիմնականում զերծ են նաեւ ցորենից, տարեկանից, գարուց եւ երբեմն վարսակից, որոնք կարեւոր պոլիսախարիդների աղբիւրներ են, դրանք նպաստում են աղիների առողջութեանը եւ օգնում կարգաւորել շաքարի մակարդակն արեան մէջ:

Սակայն հետազօտութիւնը ցոյց է տւել, որ գլիւտեն չպարունակող որոշ մթերքներ, ինչպիսին են առանց գլիւտենի սերմնահացերը, կարող են զգալիօրէն աւելի շատ բջջանիւթ պարունակել՝ 100 գրամում 38,24 գրամ, շնորհիւ պսեւդօ-ամբողջահատիկների, ինչպիսին են ամարանտը եւ քինոան:

Հետազօտողներն ընդգծել են, որ առանց գլիւտենի դիետան յայտնի է դարձել ոչ միայն, օրինակ, ցորենի ալերգիա ունեցող մարդկանց շրջանում, այլեւ նրանց համար, ովքեր յետեւում են նորաձեւութեան միտումներին։

Գիտնականները ենթադրում են, որ աւելի հաւասարակշռւած անգլիւտեն մթերքների ստեղծման համար անհրաժեշտ է ներդրումներ կատարել հետազօտութիւններում։ Կարեւոր է նաեւ հանրութեան իրազեկման բարձրացումը անգլիւտեն դիետայի իրական առաւելութիւնների եւ թերութիւնների մասին։

News.am

Related Articles

Back to top button