Այլ

2025 թւականի փետրւարի 28-ին սպասւում է հազւադէպ հանդիպող մոլորակների շքերթ

«ԱԼԻՔ» – Աստղագիտութեան սիրահարներն աննախադէպ հնարաւորութիւն կունենան դիտելու եզակի երկնային երեւոյթ՝ մեծ մոլորակային շքերթ, որը տեղի կունենայ 2025 թւականի փետրւարի 28-ին։ ScienceAlert-ի տւեալներով՝ այդ օրը Արեւային համակարգի 7 մոլորակները միաժամանակ կերեւան գիշերային երկնքում։

 

Ի՞նչ է մոլորակների շքերթը

Չնայած գրքերում եւ ֆիլմերում մոլորակները յաճախ պատկերւում են կատարեալ ուղիղ գծով դասաւորւած, իրականում դրանք պարզապէս տեղակայւում են էկլիպտիկա կոչւող երեւակայական հարթութեան երկայնքով։ Սա տեղի է ունենում, երբ մոլորակները յայտնւում են Արեւի նոյն կողմում, ստեղծելով այս իւրայատուկ տեսարանը։

Մոլորակային շքերթները կարող են տարբեր լինել՝ կախւած մասնակցող մոլորակների քանակից.

Փոքր – 3-4 մոլորակ (բաւականին յաճախ է հանդիպում)։

Միջին – 5-6 մոլորակ (աւելի հազւադէպ)։

Մեծ – 7-8 մոլորակ (չափազանց հազւագիւտ երեւոյթ)։

Փետրւարեան շքերթը դասւում է մեծ կատեգորիայի մէջ, ինչը այն դարձնում է յատկապէս արժէքաւոր դիտարկման համար։

 

Ինչպէ՞ս դիտել մոլորակների շքերթը

Մոլորակների տեսանելիութիւնը կախւած է տեղանքից, դրանց ելքի եւ մայր մտնելու ժամերից, ինչպէս նաեւ եղանակային պայմաններից։ Որպէսզի չկորցնեք այս եզակի հնարաւորութիւնը, խորհուրդ է տրւում.

Ընտրել դիտարկման վայր, որտեղ քաղաքային լոյսերը չեն խանգարի։

Օգտագործել բինոկլ կամ աստղադիտակ, որպէսզի մոլորակները աւելի յստակ երեւան։

Հետեւել եղանակի կանխատեսումներին- ամպամածութիւնից զերծ երկինքը կապահովի լաւագոյն տեսարանն այս հազւագիւտ երեւոյթի համար։

Եթէ եղանակը բարենպաստ լինի, ապա 2025-ի փետրւարեան մոլորակների շքերթը խոստանում է լինել տպաւորիչ։ Աստղագէտները խորհուրդ են տալիս նշել այս օրը օրացոյցում, որպէսզի բաց չթողնեք տարւայ ամենահետաքրքիր եւ հազւագիւտ երկնային իրադարձութիւններից մէկը։

 Հաղորդում է news.am-ը:

Related Articles

Back to top button