ԻրանՄիջազգայինՔաղաքական

Այաթ. Խամենէի. «Սէյէդ Հասան Նասրօլլահն այժմ փառքի գագաթնակէտին է»

«ԱԼԻՔ» – Նահատակներ Սէյէդ Հասան Նասրօլլահի եւ Հաշեմ Սաֆիէդդինի յուղարկաւորութեան արարողութիւնը կատարւեց Լիբանանի հասարակութեան տարբեր խաւերի երեւելի ներկայութեամբ: Յուղարկաւորութեան արարողակարգին մասնակցել են նաեւ  աշխարհի տասնեակ երկրներից ժամանած պատւիրակութիւններ:

Իսլամական յեղափոխութեան առաջնորդը նահատակներ Նասրօլլահի եւ Սաֆիէդդինի յուղարկաւորութեան արարողութիւնների կապակցութեամբ ուղերձում, որն ընթերցւել է Լիբանան ուղարկւած առաջնորդի ներկայացուցիչների պատւիրակութեան անդամ հոջաթ. Սէյէդ Մոջթաբա Հոսէյնիի կողմից, մասնաւորապէս նշւած է. «Մեծ մոջահէդը եւ տարածաշրջանի դիմադրութեան առաջատար առաջնորդ Հասան Նասրօլլահն այժմ իր փառքի գագաթնակէտին է: Նրա մաքուր մարմինը կը թաղւի Ջիհադի երկրում, իսկ նրա հոգին եւ ճանապարհն ամէն օր աւելի պայծառ են փայլելու, եւ Աստծոյ կամօք նա ուղեկցելու է իր հետեւորդներին:

Թշնամին պէտք է հասկանայ, որ կեղեքումի ու ամբարտաւանութեան դէմ պայքարը վերջ չունի եւ կը շարունակւի այնքան ժամանակ, մինչեւ Աստծոյ կամօք հասնի ցանկալի նպատակին»։

 

«Հեզբօլլահ»-ի նոր առաջնորդ. «Դիմադրութիւնն անպարտելի է»

«Այսօր մենք հրաժեշտ ենք տալիս պատմական նշանակութեամբ այն առաջնորդին, ով եղել է ազատ ժողովուրդների աղօթքի ճանապարհը ցոյց տւողի դերում»,- նշել է «Հեզբօլլահ»-ի գլխաւոր քարտուղար Շէյխ Նաիմ Ղասեմը Դիմադրութեան առաջնորդների յուղարկաւորութեան ժամանակ:

«Հեզբօլլահ»-ի նոր առաջնորդը դիմադրութեան ճանապարհի շարունակութիւնը համարել է նահատակների արեան կանչը, եւ նշել, որ սիոնիստական ոճրագործութիւններից տուժածներն ու ռեժիմի բանտերում կալանաւորւած լիբանանցի գերիները պէտք է իմանան, որ «մենք ձեզ չենք մոռանայ» եւ նշել. «Հըզբօլլահ»-ի մարտիկները տեղակայւել են սահմաններին, իսկ 75000 սիոնիստ բանակայինի չի յաջողւել ներթափանցել Լիբանանի սահմանները՝ դիմադրութեան ուժերի հաստատակամութեան շնորհիւ»։

 

Արաղչին ու Ղալիբաֆը հանդիպել են Լիբանանի նախագահի հետ

Իրանի պատւիրակութիւնը՝ Իսլամական Խորհրդարանի նախագահի գլխաւորութեամբ եւ արտաքին գործերի նախարարի ընկերակցութեամբ, Բաաբդա պալատում հանդիպել է Լիբանանի նախագահին: 

Երէկ՝ կիրակի փետրւարի 23-ին տեղի ունեցած այս հանդիպմանը Արաղչին եւ Ղալիբաֆը բանակցել են Լիբանանի նախագահ Ջոզէֆ Աունի եւ  արտգործնախարար Իւսէֆ Ռաջիի հետ։

 

«Հեզբօլլահ»-ի նահատակ առաջնորդների յուղարկաւորութեանը շուրջ 1.4 միլիոն մարդ է մասնակցել

Լիբանանեան Al Mayadeen հեռուստաալիքը յայտնել է, որ հարիւր հազարաւոր մարդիկ մասնակցել են «Հեզբօլլահ»-ի նահատակ առաջնորդների յուղարկաւորութեանը, եւ ըստ հաշւարկների՝ արարողութեանը մասնակցել է շուրջ 1.4 միլիոն մարդ:

Աղբիւրի համաձայն արարողութեանը յատկացւած մարզադաշտի 55 հազար նստատեղերից բացի 23,000 նստարան էր տեղադրւել դաշտի կենտրոնում: Իսկ այս բոլորի կողքին եւս 35,000 նստատեղեր տղամարդկանց, եւ 25,000 նստատեղեր յատկացւել էր կանանց՝ մարզադաշտից դուրս գտնւող շրջակայքում:

«Մահ Իսրայէլին եւ մահ Ամերիկային» կարգախօսն էր նրանց, ովքեր եկել էին սգալու դիմադրութեան նահատակ առաջնորդների յուղարկաւորութեանը: 

Մինչ սիոնիստական կործանիչները թռչում էին դիմադրութեան նահատակ առաջնորդների յուղարկաւորութեան վայրի վրայով, արարողութեանը ներկայ հոծ բազմութիւնը վանկարկում էր հակաամերիկեան ու հակաիսրայէլական կարգախօսներ:

 

Նաբիհ Բըրրին եւ Ժոզէֆ Աունի ներկայացուցիչը մասնակցել են յուղարկաւորութեանը

Արարողութեանը օտարազգի հիւրերի հետ միասին ներկայ են եղել Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրին եւ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի ներկայացուցիչը, ինչպէս նաեւ Լիբանանի որոշ բարձրաստիճան պաշտօնեաները:

 

Արարողութեանը մասնակցել են աշխարհի տարբեր երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ

Նահատակներ Սէյէդ Հասան Նասրօլլահի եւ Հաշեմ Սաֆիէդդինի յուղարկաւորութեան կազմակերպիչ յանձնախմբի հաստատմամբ արարողութեանը մասնակցել են աշխարհի շուրջ 79 երկրների բարձրաստիճան պատւիրակութիւններ:

Իրանի իսլ. Հանրապետութիւնից ԱԳ նախարար Սէյէդ Աբաս Արաղչին եւ Իսլամական Խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Լիբանան մեկնած բարձրաստիճան պատւիրակութեան կազմով մասնակցել են արարողակարգին:

 

Այաթ. Խամենէիի յատուկ պատւիրակութիւնը Լիբանանում

Իսլամական յեղափոխութեան առաջնորդ այաթ. Խամենէի կողմից եւս չորս հոգուց կազմւած պատւիրակութիւն է Բէյրութում մասնակցել նահատակ Նասրօլլահի եւ նահատակ Սէյէդ Հաշեմ Սաֆիէդդինի յուղարկաւորութեան արարողութեանը:

Յուղարկաւորութեանն Իրաքում Իսլ. յեղափոխութեան առաջնորդի ներկայացուցիչ, պատւիրակութեան անդամ Սէյէդ Մոջթաբա Հոսէյնին ընթերցել է այաթ. Խամենէիի ուղերձը։

 

Արաղչի«Այսօրւայ յուղարկաւորութիւնը ցոյց տւեց, որ «Դիմադրութիւն»-ն ու  «Հեզբօլլահ»-ը չեն կոտրւում»

Իրանի արտգործնախարարը դիմադրութեան առաջնորդների յուղարկաւորութեան կապակցութեամբ յայտարարել է, որ այս յուղարկաւորութիւնը ապացոյցն է, որ դիմադրութիւնը եւ «Հեզբօլլահ»-ը կենդանի են եւ հաւատարիմ՝ իրենց առաքելութեանը։

Արաղչին, յաւելել է. «Շատ իրանցիներ շահագրգռւած էին այսօր մասնակցելու այս հրաժեշտի արարողութեանը»:

ԱԳ նախարարը նշել է. «Ինչպէս մինչ այժմ դիմադրութիւնը բազմաթիւ յաղթանակների է հասել: Տայ Աստւած, որ վերջնական յաղթանակը նոյնպէս կը ստացւի մօտ ապագայում»։

Related Articles

Back to top button