ԻրանՄիջազգայինՔաղաքական

Փեզեշքիանը Պուտինի հետ համատեղ ասուլիսում. Համապարփակ պայմանագիրը նոր գլուխ կը բացի Իրան-Ռուսաստան յարաբերութիւններում

Ստորագրւեց Իրանի եւ Ռուսաստանի միջեւ Համապարփակ ռազմավարական գործընկերութեան համաձայնագիրը

«ԱԼԻՔ» – Ինչպէս արդէն յայտնել ենք, Իրանի Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտօնական այցով մեկնել էր Ռուսաստան: Վլադիմիր Պուտինը եւ Մասուդ Փեզեշքիանը Կրեմլում կայացած բանակցութիւններից յետոյ, ուրբաթ՝ յունւարի 17-ին,  ստորագրել են երկու երկրների համապարփակ ռազմավարական գործընկերութեան մասին պայմանագիրը։

Բնակցութիւնների օրակարգը ներառել է թեմաների լայն շրջանակ, այդ թւում՝ Հարաւային Կովկասում տիրող իրավիճակը, զարգացումները Մերձաւոր Արեւելքում՝ Սիրիայում եւ պաղեստինաիսրայէլական հակամարտութեան գօտում։

Ինչպէս եւ սպասւում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ  Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ստորագրել են Համապարփակ ռազմավարական գործընկերութեան մասին 25-ամեայ հեռանկարով պայմանագիրը։ Ստորագրման արարողութիւնը տեղի է ունեցել Կրեմլում։

Պայմանագրով նախատեսւում է  համագործակցութեան ընդլայնում բոլոր ոլորտներում, այդ թւում՝ պաշտպանութեան, ահաբեկչութեան դէմ պայքարի էներգետիկայի, արդիւնաբերութեան եւ այլն։

Նախագահ Մասուդ Փեզեշքիանը Տաջիկստան եւ Ռուսաստան կատարած այցերից յետոյ  այսօր առաւօտեան վերադարձաւ  Թեհրան։

Մոսկւան ու Թեհրանը շահագրգռւած են Անդրկովկասում կայուն խաղաղութեան հաստատմամբ:  Կողմերը քննարկել են նաեւ Անդրկովկասում փոխգործակցութեան թեման:Այս մասին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ բանակցութիւններից յետոյ կայացած մամուլի ասուլիսում յայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, նշել է ԻՌՆԱ լրատւական գործակալութիւնը:

Դոկտ. Փեզեշքիանը իր ռուս գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում յաւելել է. «Ստորագրւած փաստաթուղթը կարող է յստակ հորիզոն ապահովել համագործակցութեան ուղու համար»:

Ընդգծելով, որ երկու երկրները վճռական են արագօրէն վերացնելու տնտեսական եւ առեւտրային յարաբերութիւնների զարգացման խոչընդոտները, այդ թւում՝ մաքսային սակագների, բանկային, ապրանքների եւ ազգային արժոյթների փոխանակման, ներդրումների երաշխիքների, գործարարների տեղաշարժի դիւրացման եւ վիզայի հարցերում, Փեզեշքիանը ընդգծել է. «Հանդիպման ընթացքում կարեւորւել է նաեւ առեւտրային եւ ապրանքափոխանման ծաւալների բարձրացումը՝ հաշւի առնելով երկու երկրների առկայ հնարաւորութիւններն ու կարողութիւնները, ինչպէս նաեւ Իրանի անդամակցութիւնը Եւրասիական տնտեսական միութեանը»։

Տարածաշրջանային բոլոր հարցերը պէտք է լուծեն տարածաշրջանի երկրները. այս մասին, յայտարարել է Իրանի նախագահը ռուս գործընկերոջ հետ բանակցութիւնների ժամանակ:

Աղբիւրի համաձայն նախագահը նշել է նաեւ ,որ  արտատարածաշրջանային ուժերի ներկայութիւնը միայն բարդացնելու է իրավիճակը տարածաշրջանում:

Դոկտոր Փեզեշքիանը նշելով, որ մենք քննարկել ենք նաեւ իսրայէլական ռեժիմի ագրեսիան Լիբանանի եւ Սիրիայի տարածքների դէմ, յայտարարել է. «Երկու երկրներն էլ ընդգծում են Լիբանանում մշտական հրադադարի հաստատման կարեւորութիւնը եւ Սիրիայի տարածքի դէմ այս ռեժիմի ագրեսիայի դադարեցումը:  Մենք յոյս ունենք, որ զինադադարը, որը հաստատւել է Գազայում վերջ կը տայ նաեւ  այս հողի դէմ ագրեսիային»:

Նախագահ Փեզեշքիանը յաւելել է. «Հաշւի առնելով տարածաշրջանային ներկայ պայմանները՝ ընդգծւել է անվտանգութեան ոլորտում համագործակցութեան մակարդակի բարձրացումը այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են ծայրայեղականութեան, ահաբեկչութեան եւ կազմակերպւած բռնութեան դէմ պայքարը, ինչպէս նաեւ տեղի է ունեցել մտքերի փոխանակում եւ քննարկումներ տարածաշրջանային հարցերի լայն շրջանակի շուրջ, ներառեալ Մերձաւոր Արեւելքը եւ Կովկասը»։

Նոյն կապակցութեամբ Մոսկւայում Իրանի դեսպանը ԻՌՆԱ-ի հետ  ճեպազրոյցի ժամանակ նշել է. «Ժամանակակից աշխարհում, որն արագօրէն զարգանում եւ նպաստում է երկրների միջեւ յարաբերութիւններին ու առեւտրին, մենք պէտք է հնարաւորինս ընդգրկուն դարձնենք իրաւական դաշտը: Իսկ այս փաստաթուղթը կարող է ներառել յարաբերութիւնների բոլոր ոլորտները եւ հիմք ստեղծել տասնեակ այլ համաձայնագրերի կնքման համար՝ յատկապէս   էներգետիկ, դրամավարկային, բանկային եւ ներդրումային ոլորտներում»:

Նա յաւելել է. «Մինչեւ այս համապարփակ պայմանագրի ստորագրումը  կողմերն առաջնորդւել են Ռուսաստանի եւ Իրանի միջեւ յարաբերութիւնների հիմունքների եւ համագործակցութեան սկզբունքների մասին 2001 թւականի պայմանագրի դրոյթներով։ Այն ստորագրւել է 10 տարի ժամկէտով եւ ինքնաբերաբար երկարացւել է յետագայ հինգ տարի ժամկէտով»:

Յիշեցնենք, որ Արտաքին գործերի, Ֆինանսների, ճանապարհների եւ քաղաքաշինութեան, նաւթի, պաշտպանութեան եւ զինւած ուժերի, գիւղատնտեսութեան նախարարները, Ատոմային էներգիայի կազմակերպութեան եւ Կենտրոնական բանկի նախագահները, ԱԳՆ փոխնախարարը, եւ կառավարութեան այլ բարձրաստիճան պաշտօնեաներ, ինչպէս նաեւ Իրանի եւ Ռուսաստանի խորհրդարանական բարեկամութեան խմբի անդամներն այս ուղեւորութեանը ուղեկցել են նախագահին:

 

Հրապարակւել է ԻրանՌուսաստան ռազմավարական համաձայնագրի տեքստը

Հրապարակւած տեքստում ԶԼՄ-ների յատուկ ուշադրութեանն են արժանացել հետեւեալ դրոյթները.

Պայմանաւորւող կողմերը կը ձգտեն խորացնել եւ ընդլայնել յարաբերութիւնները փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող բոլոր ոլորտներում, ամրապնդել համագործակցութիւնը անվտանգութեան եւ պաշտպանութեան ոլորտում եւ սերտօրէն համակարգել գործունէութիւնը տարածաշրջանային եւ գլոբալ մակարդակներում՝ համապարփակ, երկարաժամկէտ եւ ռազմավարական գործընկերութեան ոճով:

Իրանը եւ Ռուսաստանը յարաբերութիւնները կամրապնդեն հիմնւած ինքնիշխան հաւասարութեան, տարածքային ամբողջականութեան, անկախութեան, միմեանց ներքին գործերին չմիջամտելու, ինքնիշխանութեան յարգման, համագործակցութեան եւ փոխադարձ վստահութեան սկզբունքների վրայ։

Եթէ պայմանաւորւող կողմերից որեւէ մէկը ենթարկւում է ագրեսիայի, ապա միւս պայմանաւորւող կողմը ագրեսորին չի տրամադրի որեւէ ռազմական կամ այլ օգնութիւն, որը կը նպաստի ագրեսիայի շարունակմանը եւ պէտք է ապահովի, որ ծագող բոլոր վէճերը լուծւեն համաձայն Միաւորւած ազգերի կազմակերպութեան կանոնադրութեան: Ինչպէս նաեւ միջազգային իրաւունքի այլ գործող կանոնների: 

Պայմանաւորւող կողմերը թոյլ չեն տայ իրենց տարածքի օգտագործումը անջատողական շարժումներին եւ միւս պայմանաւորւող կողմի կայունութեանն ու տարածքային ամբողջականութեանը սպառնացող այլ գործողութիւններին, ինչպէս նաեւ միմեանց դէմ թշնամական գործողութիւններին աջակցելու համար:

Ազգային անվտանգութիւնն ամրապնդելու եւ ընդհանուր սպառնալիքներին դիմակայելու նպատակով պայմանաւորւող կողմերի հետախուզական եւ անվտանգութեան մարմինները կը փոխանակեն տեղեկատւութիւն ու փորձ, եւ կը խորացնեն իրենց համագործակցութիւնը:

Related Articles

Back to top button