ԻրանՀայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

«Զանգեզուրի միջանցք»-ի մասին երազանքները երբեք իրականութիւն չեն դառնայ

Իրանը կրկին յիշեցրել է տարածաշրջանում իր ԿԱՐՄԻՐ ԳԾԵՐԻ մասին

«ԱԼԻՔ» – Պաշտօնական Թեհրանը ամենաբարձր մակարդակով կրկին յիշեցրել է Հարաւային Կովկասում իր յստակ ընդգծած կարմիր գծերի մասին:

Սեպտեմբերի 5-ին ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում՝ յստակեցնելով, որ հարեւան երկրների տարածքային ամբողջականութեան կամ սահմանների փոփոխութիւնը բացարձակ անընդունելի է եւ «կարմիր գիծ» է Իրանի համար:

«Տարածաշրջանային խաղաղութիւնը, անվտանգութիւնը եւ կայունութիւնը սոսկ նախապատւութիւն չեն, դրանք մեր ազգային անվտանգութեան հիմքն են։ Հիւսիսից, հարաւից, արեւելքից կամ արեւմուտքից ցանկացած սպառնալիք մեր հարեւանների տարածքային ամբողջականութեանը կամ սահմանների փոփոխութիւնը բացարձակապէս անընդունելի է եւ «կարմիր գիծ» է Իրանի համար»,- Գրել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը:

Իսկ երէկ՝ սեպտեմբերի 6-ին, ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանին լրագրողների հետ զրոյցի ժամանակ նշել է, որ այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի մասին երազանքները երբեք իրականութիւն չեն դառնայ:

«Այն երազները, որոնք ոմանք տեսնում են Հայաստանի մասին տարբեր անւանումներով, այդ թւում` այսպէս կոչւած «միջանցքի» մասին, իրականութիւն չեն դառնա»,- ասել է նա՝ եւս մէկ անգամ հաստատելով, որ Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականութեանը, ազգային ինքնիշխանութեանը եւ անկախութեանը:

Սա 19-րդ դար չէ, մենք ապրում ենք 21-րդ դարում

Միեւնոյն ժամանակ, դեսպան Սոբհանին յստակեցրել է, որ պաշտօնական Թեհրանը դէմ է, որ Սիւնիքով Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհի վերահսկողութիւնը սահմանեն այլ երկրների ներկայացուցիչներ:

Պատասխանելով հարցին, թէ ինչպես է Իրանը վերաբերում նրան, որ այդ ճանապարհի վերահսկողութիւնը հնարաւոր է յանձնւի մասնաւոր պահնորդական ընկերութեանը, դեսպանն ասել է. «Մեր դիրքորոշումը հաղորդակցութիւնների ապաշրջափակման վերաբերեալ շատ պարզ է եւ ակնյայտ։ Մենք դէմ չենք ապաշրջափակմանը, բայց վստահ եմ, որ ապաշրջափակման շրջանակներում բոլոր գործողութիւնները պէտք է տեղի ունենան ազգային ու պետական ​​ինքնիշխանութեան շրջանակներում»:

«Ամբողջական վերահսկողութիւնը պէտք է լինի Հայաստանի կառավարութեան ձեռքում եւ Հայաստանի ինքնիշխանութեան շրջանակներում։ Սա 19-րդ դար չէ, մենք ապրում ենք 21-րդ դարում։ Երկրներն ունեն անկախութիւն եւ ինքնիշխանութիւն եւ օգտւում են այդ իրաւունքից»,- յստակեցրել է բարձրաստիճան դիւանագէտը՝ յաւելելով, որ պաշտօնական Թեհրանը կողմ չէ, որ այլ երկրներից գան այս տարածաշրջան ու փորձեն ինչ-որ անվտանգութիւն եւ վերահսկողութիւն սահմանեն:

Դեսպան Սոբհանին նշել է, որ իր տեղեկութիւններով՝ ճանապարհի անվտանգութիւնն ու վերհասկողութիւնը լինելու է ՀՀ կառավարութեան կողմից։

Յիշեցնենք, որ նախօրէին ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարեանը նշել էր, որ Սիւնիքով Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհի վերահսկողութիւնը կարող է յանձնւել մասնաւոր միջազգային պահնորդական ընկերութեան:

Related Articles

Back to top button