Հայաստան - ԱրցախՄշակութային

Արցախի թեմ. «Մեզ համար առաւել ցաւալի է մեր անզօր վիճակը, որ չենք կարողանում արձագանգել կամ կանխել վանդալիզմի դէպքերը»

Հերթական անգամ ցաւով ականատեսը եղանք ադրբեջանցիների կողմից Արցախի մեր սրբավայրերից մէկի պղծման ողորմելի դէպքին, երբ դիմակաւոր անձը հեգնական կեցւածքով նստել էր Ստեփանակերտի Սուրբ Աստւածածին առաջնորդանիստ եկեղեցու խորանին տեղադրւած գահի վրայ: Այս մասին յայտարարութիւն է տարածել Հայ եկեղեցու Արցախի թեմը:

«Անկեղծ ասած մեզ համար նորութիւն չէ եւ սպասելի էր նման վերաբերմունք, որովհետեւ նրանք երբեք էլ չեն թաքցրել իրենց ատելութիւնը մեր սրբավայրերի, հոգեւոր-մշակութային կոթողների հանդէպ եւ յարմար առիթի դէպքում յագեցում են տւել իրենց ներսում խնամքով պահւող քոչւոր- թալանչու էութեանը:

Մեզ համար առաւել ցաւալի է այդ ամենի հանդէպ մեր անզօր վիճակը, երբ բացի խոսքային մակարդակում մեր զայրոյթը պարպելուց, որեւէ այլ տարբերակով չենք կարողանում արձագանգել կամ կանխել նման վանդալիզմի դէպքերը: Այս ամէնը վիրաւորական է մեր Եկեղեցու համար, ամէն մի հայի համար, եւ ի պաշտօնէ հայի արժանապատւութեան երաշխաւորի՝ մեր պետութեան համար:

Յուսով ենք, որ պատկան մարմինների կողմից կարւեն համապատասխան հետեւութիւններ եւ անհրաժեշտ քայլեր՝ Արցախի հին ու նոր սրբավայրերի, մշակութային ժառանգութեան պատշաճ պահպանութեան համար: Եթէ մենք չենք հասկանում մեր իրական արժէքը, ոչ մէկն էլ չի հասկանայ ու չի յարգի մեզ:

Ադրբեջանը շարունակում է իր աւերիչ քաղաքականութիւնը` վանդալիզմի ենթարկելով օկուպացւած Արցախի վանքերը, եկեղեցիները, խաչքարերը, շէնք ու շինութիւնները»,- ասւած է յայտարարութեան մէջ:

Yerkir.am

Related Articles

Back to top button