Մշակութային

ԵՂԵԳԱՆ ՓՈՂ

ԳԵՐԴԱՍՏԱՆԻ ԽԵՆԹՈՒԹԻՒՆԸ

ՎԻԼԻԱՄ ՍԱՐՈՅԵԱՆ

 

Խենթանալը գերդաստանի համար չգրւած օրէնքի կամ սուրբ պարտականութեան նման մի բան էր: Քանի դեռ գերդաստանի որեւէ անդամ չէր խենթացել, ուրեմն բոլորի համար պարզ է, որ նա թէեւ հասունացել, բայց հոգով տակաւին տղեկ է մնացել: Ու եթէ նա այդպէս էլ չէր խենթանում, ուրեմն նրա մօտ մի բան էն գլխից պակաս է, եւ ինչ էլ անի, երբեք չի հասնի նրանց, ովքեր վաղուց եղել ու անցել են սուրբ երանելիների հերոսական արահետով:

Պիտի խոստովանել, որ գերդաստանում շատ հազւադէպ էին առանց այդ տենդի բռնկման դառնում երեսուն տարեկան: Քիչ չեն եղել նաեւ նրանք, որ այդ ճամփան քանիցս անցել են եւ որից յետոյ համարւել իմաստուն, նոյնիսկ սուրբ, ասես ուխտագնացութեան են մեկնել Երուսաղէմ, թէեւ որոշ առումով այդ ամէն հէնց այդպէս էր, որ կար:

Կանանց հարցը թերեւս միքիչ այլ էր: Նրանց հանդէպ տղամարդկանց նահապետական պահանջներն այնքան խիստ էին ու անառարկելի, որ այդ աներեւոյթ խենթութիւնը կանանց շուրջը թեւածում էր փաստօրէն ամբողջ կեանքի ընթացքում, եւ հետեւաբար դրա քօղարկումը զուտ թւացեալ պատրանք էր բոլորի համար:

Տարիներ յետոյ տղամարդկանց խենթութիւնն աւանդական ձեւր ընդունեց` ասենք Բարձրեալի ուրացումը, կամ որ աւելի յաճախ է պատահում քրիստոնէական հաւատքի հանդէպ խորին կասկածանք եւ դրանից բխող մտահոգութիւն, ըստ որի երկար տարիներ ի վեր, բացի փորձանքից, ոչ մի այլ բան չէր յանգել Հօր, Որդու, Սուրբ Ոգու նկատմամբ ունեցած նրանց անկեղծ նւիրումը: Խենթութեան մէկ այլ ու սովորական ձեւ էր դարձել նաեւ մարդկային ցեղի արժանիքների մէկընդմիշտ ժխտումը, որպէս այդպիսին, հիմնւած այն հնադարեան եւ այժմէական վկայութեան վրայ, ըստ որի մարդկային ցեղը յանցագործ է ու արգահատելի` իր ցեխակոլոլ ծագումով: Այս բոլորից զատ խենթութեան եւս մէկ ձեւ կար, որը թերեւս ամենավհատն էր իր տեսակի մէջ. մի համոզմունք, որ ամէն բան ոչ միայն ունայն ու սին, այլ նաեւ տմարդի, անյոյս…

Բիթլիսի մէջ հայրս` Մանաքը, խելացի, նաեւ յարգարժան մարդու համբաւ ունէր, որովհետեւ խենթութեան ճամփան բռնել էր մինչեւ տասներկու տարեկան դառնալը` տոհմում շատ սակաւ պատահող մի բան: Իր մոլեգնութեան խենթաւուն տարին նա շրջում, երեւում կամ աշխատում էր գրեթէ առաջւայ նման, միայն մի չնչին, ոչինչ չարժեցող բացառութեամբ: Դա այն էր, որ մարդիկ նրանից խոյս էին տալիս, քանզի ուշադիր նայողը կը տեսնէր, որ նա պիտանի չէ անգամ աննշան զրոյցի համար: Իսկ երբ մի օր այդ խենթ ճամփորդութիւնն աւարտւեց, նրա շուրջ բոլորն այլեւս ոչ ոք չկար, ամայութիւն էր: Միայն մէկ-մէկ ձանձրոյթը փարատելու համար` հասակաւոր մարդիկ դժւարին հարցեր էին տալիս, որոնց էլ նա անմիջապէս պատասխանում էր մի առանձնայատուկ ճշգրտութեամբ: Գուցէ հէնց դա էր պատճառը, որ ամէնից անհաշտ վէճերի ժամանակ նրան էին կանչում, եւ նրա որոշումներն ընդունում էին բոլորեքեան:

Երբ ողջ ընտանիքը կապկպեց իրերն ու ոտք դրեց Ամերիկա, նախ Նիւ Եօրք, այնուհետեւ Կալիֆորնիա, գերդաստանի մշտական ուղեկից` խենթութիւնն առաջւայ պէս շարունակւեց, սակայն մի փոքր ինչ ձեւափոխւած: Անշուշտ դա սպասելի էր, քանի որ Ամերիկան բոլորովին այլ տեսակի վայր էր եւ նման չէր այն երկրին ուսկից գաղթել էին: Ամբողջ գերդաստանն այստեղ գէթ մի շիրիմ չունէր: Ապրելու վճռականութեամբ տոգորւած գերդաստանը շատ շուտ համակւեց նոր երկրին, արդէն գլխին տանիք ունէր, կար էր անում, ոսկերչութիւն, ձմերուկ ծախում, որթատունկի ակօս էր բացում, ցաւ ունէր, յիշողութիւն ունէր, բայց այ շիրիմ չունէր: Մենք Ֆրեզնոյում էինք, սակայն ոչ մի տեղ չէինք նաեւ: Եւ ինչպէս մենք կարող էինք լինել հոգեպէս մի վայրում, առաւել եւս կապւել այդ վայրին, երբ դեռ մահը չէր բռնել մեզանից մէկի կոկորդը, եւ չէինք թաղել նրան: Եւ դեռ աւելին, չգիտէինք անգամ, թէ ով է լինելու նա, ումով սկսւելու է մեր ու հողի կապը: Սա փաստօրէն հէնց այն հազւագիւտ ձեւն էր, որով խենթութիւնը բուն դրեց իմ հօրեղբայր Որոտանի մէջ, որը դերձակ էր աշխատում Բլում եղբայրների մօտ` Մըսըրդ փողոցի ցածր տանիքով արհեստանոցում…

Related Articles

Back to top button