ՄշակութայինՔաղաքական

Նախորդ դարերում Ատրպատականի ժողովուրդը միայն պարսկերէն է խօսել

«ԱԼԻՔ» – Անջատողական շարժումները, որոնք հիմնականում հիմնւած են արտասահմանում, սովորաբար մեծապէս հենւում են թուրքերէնի, որպէս ատրպատականցիների պատմական լեզւի վրայ, մինչդեռ պատմութիւնը փաստացի կերպով վկայում է այլ բան, չնայած, ջանքեր են գործադրւում այդ փաստերը թաքցնելու համար։

Այս կապակցութեամբ Կովկասի, Անատոլիայի եւ Կենտրոնական Ասիայի ռազմավարական հետազօտութիւնների կենտրոնի տնօրէն, համալսարանի դասախօս, դոկտ. Ահմադ Ֆարշբաֆիանը «Իրան ջաւան»-ին տւած հարցազրոյցում այս հարցի վերաբերեալ իր հետազօտութեան արդիւնքների մասին է պատմել:

Դոկտ. Ֆարշբաֆիանը նշել է. «Ոչ մի կապ՝ ադրբեջաներէնի կամ ազերիների լեզւի ու թուրքերէնի միջեւ։ Տարիներ շարունակ պանթուրքիստները անտեսել են պատմական հասկացութիւնները եւ ստեղծւած անորոշութեան ու քաոսի միջոցով ժողովրդի մէջ կեղծ թուրքական ինքնութիւն են սերմանել։ Փիշեւարիի դաւադրութեամբ մնացորդները «թուրք» անւանումը մեծ դժկամութեամբ էին օգտագործում՝ մինչեւ 20 տարի առաջ։ Նոյնիսկ Ատրպատականի քաղաքների շատ բարբառներում «թուրք» բառը արտասանւել է հեգնանքով: Ատրպատականի գրեթէ ամբողջ տարածքով մէկ «թուրք» բառի փոխարէն ասւել է ր «թուհ»։

Զրոյցի սկզբում նա համառոտ կերպով պատմել է ազերի լեզւի ստեղծման ու պատմութեան մասին։ Թէ ի՞նչ լեզւով էին խօսում ատրպատականցիները հին ժամանակներում։

Նա նշել է, որ Էբնէ Նադիմը, իր «Ալ-Ֆեհրեստ» գրքում մէջբերելով Էբն Մուկաֆային, Ատրպատականի ժողովրդի լեզւի մասին ամենահին նշումները տեսնում է մահմեդական առաջին դարավերջի կամ երկրորդ դարասկզբում արձանագրութիւններում. «Դա լեզու է, որով խօսում են Սպահանի, Ռէյի, Համադանի, Նահաւանդի եւ Ատրպատականի բնակչութիւնը…»: Թաբարին եւս յիշատակում է Մուհամմադ Էբն ալ-Բէյթ անունով մի անձի, ով կռւել է Մոթէւաքելէ Աբասիանի դէմ։ Նա գրել է, որ  Մարաղայում եւ առհասարակ Ատրպատականում երրորդ դարի սկզբին պարսկերէնից բացի այլ լեզու չէր հասկացւում:

Դոկտ. Ֆարշբաֆիանը նշել է, որ անկասկած, Ատրպատականի ժողովրդի լեզուն պարսկերէնն էր։ Ազերիերէնը, անկասկած, համարւում է իրանական լեզու, ինչի հետ համաձայն են հիջրիի շրջանի առաջին դարերի բոլոր մահմեդական պատմագրերն ու հեղինակները։ Ալամէ Ղազւինին իր «Քսան յօդւած» գրքում՝ մէջբերելով յայտնի գերմանացի արեւելագէտ Մարք Վարթին, գրել է. «Իսկական պահլաւերէն լեզուն Ատրպատականինն էր, որը պարթեւների գրաւոր խօսքն էր…»: 

Ֆարշբաֆիանը յաւելել է, որ դոկտ. Մոհամմադ Ջաւադ Մաշքուրը մահմեդական տոմարով 8-րդ դարի մասին նշելով անդրադարձել է ազերի լեզւի տարածւածութեան փաստին եւ նշել. «Ատրպատականում յայտնաբերւել է սուլթան Աբու Սաիդ Բահադուր խանի կնիքով նամակ, որը հասցէագրւած էր Արդաբիլի ժողովրդին՝ պարսկերէնով գրւած, որում յիշատակւում են երկու խումբ ժողովուրդներ՝ մոնղոլները եւ տաջիկները, իսկ թուրք բառը չի յիշատակւում: Սա ցոյց է տալիս, որ այդ ժամանակ թուրքերէնը տարածւած չէր Ատրպատականի ժողովրդի շրջանում, քանի որ մարդկանց մեծ մասը խօսում էր ատրպատականերէն (պահլաւերէն) կամ փահլաւի-պարսկերէն…»

Փատ է, որ հնագոյն պատմագրերն ու գիտնականները մինչեւ 8-րդ դարը (մահմեդական տոմարով) ատրպատականցիների լեզուն անւանել են պահլաւերէն (ազերիերէն): Շարունակելով խօսքը՝ նա մէջբերել է Համդօլլահ Մոսթոֆիի (Նազհաթօլղոլուբ) պատմագրութիւնը եւ եզրակացրել, որ 8-րդ դարում թուրքերը դեռեւս քոչւորներ էին եւ դեռ չէին անցել քաղաքային կեանքի, իսկ թուրքերն ու տաջիկները (պարսկախօս մուսուլմաններ) բաժանւած էին միմեանցից, եւ Թաւրիզի, Արդաբիլի, Մեշքինշահրի, Նախիջեւանի, եւ այլ շրջանների բնակիչները դեռ թուրքերէնը չէին ընդունել որպէս տեղական լեզու։ «Իհարկէ, թւում է, թէ Մաշքուրը ակամայից է օգտագործել թուրքերէնը որպէս անուն ազերիերէնի փոխարէն, ինչպէս որոշ մարդիկ են անում, երբ նրանց հարցնում են, թէ որտեղից են եւ ինչ լեզու են օգտագործում։ Նրանք պատասխանում են թուրքերէն։ Սա այն դէպքում, երբ ո՛չ Ատրպատականի ժողովրդի էթնիկ խումբն է թուրք, ո՛չ էլ նրա լեզուն։

Related Articles

Back to top button