Թուրքիան 544 միլիոն դոլար է յատկացրել օտար երկրներում իր համայնքների աշխուժացման համար
Երկու ամիս առաջ ես վերլուծական էի գրել՝ «Թուրքիան աջակցում է արտերկրի իր քաղաքացիներին, մինչդեռ Հայաստանը վանում է իր Սփիւռքը» վերնագրով։ Դրա հիմքում Աբդուլլահ Բոզքուրտի՝ «Թուրքիան ընդլայնում է իր սփիւռքի ներգրաււածութիւնը՝ արտերկրում քաղաքական նպատակների հասնելու համար» յօդւածն էր, որը հրապարակւել էր Nordic Monitor կայքում։
Անցեալ շաբաթ Բոզքուրտը հրապարակեց յաջորդ յօդւածը՝ «Թուրքիան պատրաստւում է ուժեղացնել իր միջամտութիւնը այլ երկրների ներքին գործերին՝ օգտագործելով թուրքական սփիւռքը» վերնագրով։ Այն լրացուցիչ մանրամասներ է ներկայացնում թուրքական կառավարութեան ջանքերի մասին՝ արտերկրում գտնւող իր քաղաքացիների միջոցով ներկայացուցչական խմբեր ստեղծելու համար: Ի հակադրութիւն դրա, Հայաստանը վանում է իր Սփիւռքը՝ ճեղքեր ստեղծելով եւ արգելելով նրանցից ոմանց մուտքը հայրենիք: Հաշւի առնելով այն լուրջ ճգնաժամը, որում գտնւում է Հայաստանը, նրա կառավարութիւնը պէտք է հնարաւոր ամէն ինչ անի, որպէսզի գրաւի արտասահմանում գտնւող հայրենակիցներին՝ այցելելու իրենց հայրենիքը, ներդրումներ կատարելու երկրում եւ փոխանցելու իրենց գիտելիքներն ու հմտութիւնները: Սփիւռքը Հայաստանի համար արժէքաւոր ակտիւ է, այլ ոչ թէ «կթու կով»։
Հզօր թուրքական պետութիւնը, որն արտասահմանում գտնւող իր քաղաքացիների օգնութեան կարիքն ամենեւին չունի, սնուցում եւ հզօրացնում է իր սփիւռքը: Թուրքիայի կառավարութիւնը 544.2 միլիոն դոլար բիւջէ է յատկացրել 2024-28 թւականների համար սփիւռքի իր գործակալութեանը՝ Արտերկրում գտնւող թուրքերի եւ յարակից համայնքների նախագահութեանը (թուրքերեն՝ YTB-ին): Նրա ռազմավարական ծրագիրն է՝ «խրախուսել աւելի ամուր հաւատարմութիւն թուրքական սփիւռքի մարդկանց կողմից Թուրքիայի նկատմամբ՝ Էրդողանի կառավարութեան ֆինանսական եւ այլ աջակցութեան մեծացման միջոցով»։
Բոզքուրտը բացատրել է, որ Թուրքիայի կառավարութեան իսկական նպատակն է «աւելի մեծ ազդեցութիւն գործադրել եւրոպական երկրների ներքին քաղաքականութեան վրայ՝ ակտիւօրէն աջակցելով թուրքական եւ մահմեդական համայնքներին իրենց քաղաքական ներգրաււածութեան մէջ, ինչպէս յայտնել է կառավարութեան սփիւռքի գործակալութեան ղեկավարը խորհրդարանական յանձնաժողովի առջեւ վկայութիւն տալու ժամանակ»: YTB-ի ղեկավար Աբդուլլահ Էրենը յուլիսի 17-ին թուրքական խորհրդարանում ասել է, որ «կարող է աւելին բացայայտել դռնփակ նիստում, որտեղից իր մեկնաբանութիւնների արձանագրութիւնը չի հրապարակւի»:
Էրենի գաղտնիութեան պատճառը այն է, որ YTB-ին «աջակցում են թուրքական գործակալութիւնները, որոնք աշխատում են սփիւռքի խմբերի հետ, ինչպիսիք են թուրքական հետախուզական կազմակերպութիւնը (MIT), Արտաքին ծառայութիւնը, «Մաարիֆ» հիմնադրամը, Կրօնական գործերի տնօրէնութիւնը (Diyanet), Իւնուս Էմրեի ինստիտուտը եւ Թուրքիայի համագործակցութեան ու զարգացման գործակալութիւնը»: Նպատակն է՝ «աւելի շատ թուրքամէտ քաղաքական գործիչներ տեղաւորել արտերկրի քաղաքական քարտէզի վրայ»: Նրանց ջանքերը յատկապէս կենտրոնացած են Եւրոպայում, որտեղ բնակւում է թուրքական սփիւռքի մեծ մասը: Վերջին տասնամեակում Էրդողանի կառավարութիւնն աջակցել է Եւրոպայում աւելի փոքր քաղաքական կուսակցութիւնների ստեղծմանը, յատկապէս նրանց, որոնք առաջնորդւում են կրօնական օրակարգով: Այն աջակցել է կայացած հիմնական կուսակցութիւններում աշխատող թեկնածուներին՝ ակնկալելով, որ նրանք հանդէս կը գան որպէս թուրքական կառավարութեան քաղաքականութեան վստահւած անձինք: Այնուամենայնիւ, արդիւնքները մինչ օրս բաւարար չեն եղել, ինչը թուրքական կառավարութեանը ստիպել է խոստանալ ակտիւացնել ջանքերը՝ հասնելու նրան, ինչը նա անւանում է ռազմավարական նպատակ»:
Ըստ YTB-ին վերահսկող խորհրդարանական յանձնաժողովի նախագահ Սեդա Գորէն Բոլուկի՝ «Սփիւռքի թիրախային բնակչութիւնը մօտ 40 միլիոն է, որը բաղկացած է մօտաւորապէս 7 միլիոն թուրքերից եւ աւելի քան 30 միլիոն մարդկանցից՝ այլ երկրների յարակից [մահմեդական] համայնքներից: Նա խոստացել է անել հնարաւոր ամէն ինչ՝ լուծելու սփիւռքի խմբերին առնչւող խնդիրները՝ թուրքական պետութեան հզօրացման համար»։
Համաձայն YTB-ի հարցման՝ «թուրքական սփիւռքի երիտասարդների շրջանում, որոնց թիւը գնահատւում է մօտ 2 միլիոն, որն այժմ արդէն չորրորդ սերունդն է, հարցւածների մէկ երրորդը ցանկութիւն է յայտնել ակտիւօրէն մասնակցել եւրոպական երկրների քաղաքականութեանը եւ աջակցել նրանց քարոզարշաւներին»։ Արտերկրում գտնւող թուրք երիտասարդութեան եւս մէկ երրորդը «մտադիր է թաքցնել իրենց իրական մտադրութիւնները եւ սկսել իրենց քարոզարշաւը Թուրքիայի անունից միայն հիմնական կուսակցութիւններում առանցքային դիրքեր ապահովելուց յետոյ»: Վերջին մէկ երրորդը նշել է, որ քաղաքականութեան մէջ ներգրաււելու նկատմամբ հետաքրքրութիւնը զրոյական է:
Թուրք երիտասարդներին խրախուսելու համար՝ ներգրաււելու այն երկրների քաղաքականութեան մէջ, որտեղ նրանք ապրում են, Էրենը վկայակոչել է թուրքական ծագում ունեցող Սերապ Գիւլերի օրինակը, որը քաղաքական գործիչ է Գերմանիայում, ՔԴՄ-ի (Քրիստոնեայ-դեմոկրատական միութիւն) եւ Բունդեսթագի (Գերմանիայի խորհրդարան) անդամ 2021 թւականից ի վեր։ Չնայած նախկինում Թուրքիայի հասցէին հնչեցրած որոշ քննադատութիւններին, Գուլերը կապ է պահպանում Թուրքիայի դեսպանատան եւ թուրքական պետական կառոյցների հետ»։
Յաղթահարելով արտասահմանում ապրող թուրքերի իրաւական եւ քաղաքական մարտահրաւէրները՝ YTB-ն կոչ է արել Թուրքիայի կառավարութեանը «օգտագործել իր դիւանագիտական ազդեցութիւնը եւ հանրային դիւանագիտութեան գործիքները՝ ճնշում գործադրելու օտարերկրեայ պետութիւնների վրայ՝ վերացնելու այդ սահմանափակումները թուրքական սփիւռքի խմբերի նկատմամբ»։
YTB-ն «արդէն համագործակցում է Եւրոպայում եւ այլ մայրցամաքներում գործող բազմաթիւ խմբերի հետ՝ նրանց տրամադրելով ֆինանսաւորում, նիւթածրագրային եւ տեխնիկական աջակցութիւն՝ նրանց արդիւնաւէտութիւնը բարձրացնելու համար»: YTB-ն մայիսի սկզբին Անկարայում մասնակցել է «Միջազգային դեմոկրատների միութեան կողմից կազմակերպւած ծրագրին, որը հանդէս է գալիս որպէս օտարերկրեայ շահերի խումբ, ներկայացնելով Էրդողանի իշխող կուսակցութիւնը՝ AKP-ն, արտասահմանում»:
YTB-ն «ամէն տարի Թուրքիա է բերում 4000 երիտասարդ տղաների ու աղջիկների՝ Թուրքիայի երիտասարդութեան եւ սպորտի նախարարութեան կողմից կազմակերպւող ճամբարներում վերապատրաստման եւ կրթութեան տարբեր սխեմաների ներքոյ: Ըստ Էրենի, բազմաթիւ երիտասարդ թուրք ինժեներներ, որոնք սովորում են Եւրոպայում, ընդգրկւել են պրակտիկայի ծրագրերում, որոնք նա անւանել է «կրիտիկական արդիւնաբերութիւններ», ինչպիսիք են պաշտպանական եւ ռազմական տեխնոլոգիաները: Նա նշել է պետական սեփականութիւն հանդիսացող պաշտպանական կապալառուներին, ինչպիսիք են «Ասելսանը» եւ «Թուսաշը», որպէս վայրեր, որտեղ այդ անձինք հաւաքագրւել են պրակտիկայի համար»։
Էրենը յայտարարել է, որ «Էրդողանի կառավարութեանը քննադատող եւ ընդդիմադիր խմբերը սպառնալիք են հանդիսանում YTB-ի յայտարարած նպատակներին հասնելու համար, քանի որ դրանք խաթարում են թուրքական կառավարութեան քաղաքականութիւնը սփիւռքում։ Սա ներառում է Գիւլենի շարժումը, քրդական ընդդիմադիր խմբերը եւ ալեւիներին»:
Մնում է տեսնել, թէ ինչպէս կը վարւեն Եւրոպայի եւ Միացեալ Նահանգների կառավարութիւնները Էրդողանի կառավարութեան վստահւած խմբերի հետ, որոնք համարւում են չգրանցւած օտարերկրեայ գործակալներ:
ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր»
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ