ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական

Իրանը զգուշացնո՞ւմ է ՀՀ իշխանութիւններին

ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին անուղղակիօրէն զգուշացնում է ՀՀ իշխանութիւններին ԱՄՆ-ի հետ յարաբերութիւնների խորացման հնարաւոր հետեւանքների մասին։

Յուլիսի 5-ին լրագրողների հետ զրոյցում Հայաստանում Իրանի դեսպանը կարծիք է յայտնել, թէ ԱՄՆ-ը չի ձգտում խաղաղութեան եւ անվտանգութեան։

Նրա պնդմամբ, ԱՄՆ-ը տարածաշրջանում իր ներկայութիւնն ակտիւացնելով՝ այլ նպատակներ է հետապնդում։

«Մենք չենք վստահում ԱՄՆ-ին։ Կարծում ենք, որ երբ «մեծ սատանան» մտնում է տարածաշրջան, նա այլ նպատակներ է հետապնդում՝ տարածաշրջանի ժողովուրդների խաղաղութեան եւ անվտանգութեան ձգտման վրայ հիմնւելու փոխարէն»,- ասել է նա։

Դեսպանը յաւելել է, որ եթէ ԱՄՆ-ը ցանկանում է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բանակցութիւններից հանել այլ երկրներին, ապա դա ամենեւին ինքնանպատակ չէ։

«Մենք ուզում ենք, որ համապարփակ խաղաղութիւն լինի։ Ցաւօք սրտի, այդ «մեծ սատանան» իր նպատակներին հասնելու համար օգտագործում է տարբեր գործիքներ։ Հաշւի առնելով «մեծ սատանայի» հարցում առկայ փորձը՝ մենք շատ թերահաւատ ենք նրանց կողմից հնչող կարծիքների եւ յայտարարութիւնների վերաբերեալ»,- նշել է դեսպանը։

Նրա խօսքով՝ Իրանում չեն հաւատում ԱՄՆ-ի այն յայտարարութիւններին, թէ իրենք ցանկանում են տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների բարին։

«Տարածաշրջանում ցանկացած լարւածութիւն պէտք է լուծւի հէնց տարածաշրջանի երկրների ներսում։ Ցանկացած պատերազմ կազդի եւ հետեւանքներ կունենայ տարածաշրջանի երկրների համար։ Հետեւաբար, «3+3» ձեւաչափը, որը ներառում է տարածաշրջանի երկրները, կարող է թոյլ տալ հասնել երկարատեւ խաղաղութեան»,- գտնում է իրանական կողմը։

Ըստ նրա՝ «3+3»–ը պէտք է դիտարկել ոչ միայն քաղաքական ասպեկտներով, այլեւ տնտեսական, առեւտրային եւ այլ տեսանկիւններից։

168․am-ի հետ զրոյցում իրանցի վերլուծաբան Ալի Սալամին ասաց, որ Իրանը չի միջամտում որեւէ երկրի ներքին գործերին, ինչպէս արեւմտեան մի շարք երկրներ, սակայն Իրանն անկաշկանդ կարող է արտայայտել իր դիրքորոշումները եւ կիսւել իր անձնական փորձով, որը Միացեալ Նահանգների հետ ամենեւին էլ դրական չէ։

«Նման երկրները փոքր ռեգիոններում իրենց շահերն առաջ մղելու համար ոչնչի առջեւ կանգ չեն առնում, շեշտակիօրէն առաջ են մղում իրենց օրակարգը։ Հարաւային Կովկասում ԱՄՆ քաղաքական առաջնահերթութիւնները յայտարարւած են, դրանք ԱՄՆ-ի թիրախներն են եւ ոչ թէ հարաւկովկասեան երկրների ապագան։ Ուստի Իրանի համապատասխան պաշտօնեաները խօսում են Իրանի փորձառութեան եւ Իրանի կարծիքի մասին, որը հիմնւած է փաստերի վրայ»,- ասաց վերլուծաբանը։

Նա գտնում է, որ ռեգիոնալ «3+3» հարթակը ոչ հեռու ապագայի հարց է։

Նրա համոզմամբ, աշխարհաքաղաքական զարգացումների որոշակի փուլում սա ունակ է դառնալ բաւականին ճկուն քաղաքա-տնտեսական գործիք Հարաւային Կովկաս-արտատարածաշրջանային ուժերի յարաբերութիւնների դաշտում։

«Որքան Հայաստան-Ադրբեջան բանակցութիւնները մօտենում են վերջնական փուլին, այնքան Արեւմուտքն աւելի ակտիւ է աշխատում այս ռեգիոնում, թէեւ բանակցութիւններին միջնորդ չի եղել, որեւէ գործառոյթ՝ որպէս միջնորդ չի իրականացրել, սակայն այս փուլում ցանկանում է մասնակցել, ցանկանում են մեծ ազդեցութիւն ունենալ ողջ ռեգիոնում՝ Վրաստան, Հայաստան, Ադրբեջան կտրւածքով, նրանց հետաքրքրում են ռեգիոնալ բոլոր երկրները, նրանց համար հեշտ կը լինէր երեք երկրներին առնել մէկ փաթեթի տակ, ինչը չի յաջողւում, քանի որ բոլոր երկրներն իրենց առանձին պատմութիւնը, խնդիրները, ներքաղաքականութիւնն ու ձգտումներն ունեն։

Ինչպէս Վրաստանը, որը ցանկանում է միանալ ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին, սակայն դա պատկերացնում է որոշակի ինքնուրոյնութեան դրսեւորումներով, Ադրբեջանը չի միանում որեւէ բեւեռի եւ փորձում է դիւերսիֆիկացւած քաղաքականութեան տպաւորութիւն ստեղծել, թէեւ Ադրբեջանի համար կարեւոր են ծրագրերը Թուրքիայի հետ, իսկ Հայաստանը վերջին շրջանում վարում է աւելի արեւմտամէտ քաղաքականութիւն։ Այս ամէնը մէկ տեղում միաւորելը, մէկ փաթեթով այս ամէնին վերաբերւելը շատ բարդ է, սակայն ԱՄՆ-ը այդպէս է ցանկանում ու պատկերացնում»,- ասաց վերլուծաբանը։ Ինչ վերաբերում է արտատարածաշրջանային ուժերին, ապա, նրա խօսքով, Իրանը, Թուրքիան ու Ռուսաստանը համագործակցում են։

«Ասել, որ այդ համագործակցութիւնը լիովին անամպ է, սխալ կը լինի, քանի որ ռուս-թուրքական յարաբերութիւններում են ի յայտ եկել հրապարակային տարաձայնութիւններ, երկկողմ բարդ դիրքաւորում եւ աշխատանք է ընթանում։ Ուստի մենք բոլորս գտնւում ենք բարդ փուլում»,- նկատեց նա։

Սալամին գտնում է, որ ռեգիոնը բաւականին բարդ ու թէժ աշխարհաքաղաքական զարգացումների փուլ է թեւակոխել։

«Այնպիսի փուլ, երբ զարգացումներն արագ են, երբ չկայ միջազգային իրաւունք եւ յարգանք դրա նկատմամբ, կան շահեր ու կատաղի պայքար այդ ամէնի շուրջ։ Այս պայմաններում բոլոր երկրներից յաւելեալ զգօնութիւն, աշխարհաքաղաքական շրջահայեացութիւն ու զգօնութիւն է պահանջւում ճիշտ որոշումներ կայացնելու համար»,- ասաց վերլուծաբանը։ Իրանը, նրա խօսքով, չի փոխելու ռեգիոնալ եւ ՀՀ-ի հետ կապւած որեւէ մօտեցում, դա յայտարարւել է Գերագոյն հոգեւոր առաջնորդի կողմից։ «Դրանից առաւել կարեւոր ուղերձ, աւելի բարձրաստիճան ուղերձ Իրանից այդ մասով չէր կարող լինել՝ անկախ ընտրութիւնների, ընտրական փուլի եւ դրա արդիւնքների փաստից»,- յստակեցրեց վերլուծաբանը։

ԱՐԱՔՍ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

168.am

Related Articles

Back to top button